Բաժիններ՝

Հայաստանում տիրող վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերը ԵԱՀԿ-ի օրակարգում

2014 թ. ապրիլի 11-ին Եվրոպայի անվտանգության և hամագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակում հրավիրված միջոցառումը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող դեպքերին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեցին մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության բաժիններում, նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, ինչպես նաև զինված ուժերում: Ավետիք Իշխանյանը, խոսելով ոստիկանության բաժիններում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին, հայտնեց, որ ոստիկանության կողմից ձերբակալված անձանց նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք, որը հիմնականում արտահայտվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշումներով: Ֆիզիկական բռնությունները դրսևորվում են հիմնականում ձեռքով, ոտքով կամ մահակով մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, ինչպես նաև կիրառվում են այլ միջոցներ, իսկ որպես հոգեբանական բռնության օրինակ նշեց, որ լինում են դեպքեր, երբ հարազատներին են բերման ենթարկում ոստիկանություն և ֆիզիկական բռնություն կիրառում հարևան սենյակում:

Ա. Իշխանյանն անդրադարձավ նաև պաշտպան ունենալու իրավունքին: Ըստ նրա՝ ձերբակալվածների գերակշիռ մասը սկզբնական շրջանում պաշտպան չի ունենում, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը քննիչների կողմից չի բացատրվում կամ բացատրվում է մակերեսորեն: Արթուր Սաքունցը ներկայացրեց մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և նյարդահոգեբուժական բուժհաստատություններում: Ա. Սաքունցը, անդրադառնալով զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրներին, շեշտը դրեց զինված ուժերում մահվան, զինծառայողների առողջական խնդիրների և կոռուպցիոն դեպքերի վրա: Վերջինս, որպես խնդիրների լուծման տարբերակ, առաջարկում է ներդնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ: «Իհարկե ցավալի է, բայց զինված ուժերը օգտագործվում են նաև քաղաքական նպատակներով, որի վառ օրինակն է 2008 թվականի մարտի 1-ը, երբ իշխանությունը օգտագործեց իր ուժային ռեսուրսները՝ բանակը, ոստիկանությունը, խաղաղ հանրահավաքը ցրելու համար, որը խլեց տասը մարդու կյանք»,- նշեց Ա.Սաքունցը:

Հանդիպման վերջում Արթուր Սաքունցը հակիրճ ներկայացրեց նաև իրավիճակը նյարդահոգեբուժական հաստատությունում:

Ըստ նրա՝ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը բավականին մեծ է, իսկ հարուցված քրեական գործերի թիվը փոքր, որից կարելի է հետևություն անել՝ մահացության դեպքերով պատշաճ քննություն չի իրականացնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն զեկույցները, որոնք Արթուր Սաքունցը ներկայացրել է Վիեննայում հանդիպման ժանանակ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս