Սերժ Սարգսյանն ընդունել է Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ Նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Րաֆֆի Գրիգորյանը Նախագահին ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

Տեսանյութեր

Լրահոս