Հայաստանը հիմա խաչմերուկում է և պետք է գտնի ճիշտ ուղին

Մեր զրուցակիցն է Սլովակիայի Ազգային խորհրդի Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, պատգամավոր Մարոշ Կոնդրատը

– Պարոն Կոնդրատ, միջազգային ասպարեզում իրավիճակը հետզհետե սրվում է, շատ փորձագետներ անխուսափելի են համարում նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Ձեր կարծիքով` ճգնաժամ կլինի՞, ինչպե՞ս այն կզարգանա և ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա:

– Եվրամիությունը պետք է Ռուսաստանի հետ լեզու գտնի և լուծի Ուկրաինայի խնդիրը, նաև պետք է համաձայնության գան Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից մյուս երկրների հետ կապված: Ամբողջ աշխարհը սրընթաց փոփոխվում է, շատ արագ առաջ է գնում Ասիան: Եթե չհաջողվի Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ երկրների և Եվրամիության հարաբերությունները կարգավորել, ապա մեծ խնդիր կլինի, բոլոր կողմերը կորուստներ կունենան: Իսկ բոլոր՝ թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումները շղթայական ռեակցիայով կազդեն Հայաստանի տնտեսության վրա:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ կերպով դեմ գնաց թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ԵՄ-ին, և իր շուրջ է հավաքում ետխորհրդային երկրները: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և արդյո՞ք վտանգ կա, որ ԽՍՀՄ-ը կվերականգնվի:

– Ուղիղ իմաստով չի վերականգնվի հին սահմաններում, բայց ես հասկանում եմ, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը: Թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրամիության կողմը մեծ ուժ կա: Եթե նրանք շարունակեն հակամարտությունը, նոր ուղիներ, նոր մակարդակ չգտնեն համագործակցության համար, ապա բոլորն են տուժելու դրանից:

– ԵՄ-ի հետ բանակցություններից հետո Հայաստանն, ի վերջո, ընտրեց Մաքսային միությանն անդամակցությունը: Ինչպե՞ս եք դա գնահատում:

– Դուք եք ընտրել այդ ուղին, դա Ձեր ընտրությունն է: Այժմ պետք է հարաբերություններն այնպես զարգացնել, որ չխանգարի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը: Հարկավոր է ինչ-որ այլ ձևակերպումներ գտնել, կամ այնպիսի ոլորտներ համագործակցության համար, որոնք չեն խոչընդոտում ՄՄ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններին:

– Եվրոպայում դեռ տեսակետ է հնչում, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

– Ես վստահ եմ, որ կարող է: Ձեզ հարկավոր է միայն լավ կառավարություն, որը շատ ջանասիրաբար և լուրջ կաշխատի, որպեսզի ԵՄ-ի հետ ընդհանուր լեզու գտնի: Համաձայնագրի քաղաքական մասը կարելի է ստորագրել, ինչպես նաև կարելի է մասամբ համագործակցության հնարավորություններ գտնել տնտեսական հատվածում:

– Նախքան ՀՀ վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունում պետք է շատ մեծ փոփոխություններ լինեն, բայց վարչապետ նշանակվեց ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահի ընտրական ծրագրով հայտարարված առաջնահերթությունները մնում են նույնը: Ըստ Ձեզ` ի՞նչ փոփոխություն կարելի է սպասել այս պայմաններում:

– Ես Հայաստանի քաղաքական համակարգում դեռ ամբողջովին չեմ կողմնորոշվում, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում Ձեր երկրում: Տեղյակ եմ, որ 4 քաղաքական ուժեր ցանկանում են հաղթել ընտրությունները և լավ տնտեսական ծրագրի հիման վրա ձևավորել նոր կառավարություն:

– Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն առաջին քայլերը, որ պետք է անի նոր կառավարությունը, որպեսզի իրավիճակ փոխի, վստահություն ներշնչի ժողովրդի մոտ:

– Առաջին հերթին` պետք է հստակ ցույց տա ժողովրդին, որ ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, նախապատրաստել ու իրականացնել տնտեսական լավ բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարելավվի աղքատների կյանքը: Մնացածն արդեն ինքն իրեն էլ կկարգավորվի, անգամ ներդրումներն իրենք կհոսեն Հայաստան, եթե այստեղ ազատ, արդար ու թափանցիկ բիզնես միջավայր լինի: Կառավարությունը պետք է աջակցի, հնարավորություն գտնի պետություն-սփյուռք համագործակցության համար և այնտեղ պետք է կարևոր օգնություն փնտրի: Կան շատ տարբեր կարծիքներ, թե ինչ է պետք առաջին, երկրորդ, երրորդ հերթին անել:

Միաժամանակ պետք է հստակ սահմանել երկրի առաջնահերթությունները: Դրանք չեն կարող շատ լինել, քանի որ դա արդեն առաջնահերթություն չի լինի: Նոր կառավարությունում անհրաժեշտ է որոշիչ քաղաքական ուժերի համագործակցություն: Պետք է նախապատրաստել կարճաժամկետ և երկարաժամկետ լավ ծրագրեր` առաջին 4 տարիների և հաջորդ 4 տարիների համար:

– Հայաստանը փոքր երկիր է, Սլովակիան էլ շատ մեծ չէ: Մեր երկրների տնտեսությունների միջև ի՞նչ նմանություն եք տեսնում, և ի՞նչ օրինակ կարող է Հայաստանը վերցնել Ձեր երկրից:

– Առաջին հերթին` քաղաքական ուժերը պետք է համագործակցեն: Հարկավոր է բարեփոխումներ անել և դրանք լավ անել, ընդունել խորհուրդներ և բարեփոխումներ անել, ինչպես մենք ենք արել` հարկային ոլորտում, բանկային ոլորտում, և տնտեսության զարգացումը խթանել:

– Ի՞նչ բարեփոխումների մասին եք խոսում:

– Մենք, օրինակ, կիրառել ենք flat tax rate, դա մեկ հարկ է՝ 19%, թե՛ ընկերությունների, թե՛ անհատ ձեռնարկատերերի համար: Սա Սլովակիայի հարկային դաշտը շատ թափանցիկ դարձրեց և շատ նպաստեց ներդրումների ավելացմանը: Դրանից հետո եղել են բոլոր մնացած բարեփոխումները, որ ածանցվել են դրանից: Հայաստանի համար, կարծում եմ, նաև միաժամանակ անհրաժեշտ է պետական ծրագիր` սփյուռքին ակտիվացնելու և սփյուռքից ներդրումները խրախուսելու համար: Սփյուռքում ձեր հայրենակիցները հսկայական ունեցվածք ունեն:

– Պետություն-սփյուռք ի՞նչ համագործակցություն եք տեսնում:

– Պետք է մտածել որևէ սխեմա, որ պետությունը պաշտոնապես աջակցի այնպիսի մարդկանց, որոնք արտերկրում համբավ են վայելում: Նրանց պաշտոնապես հրավիրել խորհրդակցությունների, լիազորել, որպեսզի նրանք կազմակերպեն համաժողովներ, ներդրումային համաժողովներ, հարուստ մարդկանց այցեր կազմակերպեն ՀՀ, ինչը կմեծացնի Ձեր երկրի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը:

– Եթե ՀՀ կառավարությունը չկատարի Ձեր նշած պայմանները, հնարավո՞ր է` Հայաստանը դուրս մնա զարգացող երկրների շարքից և դառնա մերժված, կամ, ինչպես ընդունված է ասել, իզգոյ երկիր:

– Դրա սպառնալիքը շատ մեծ է: Դուք հիմա կորցնում եք, տարեցտարի կորցնում եք: Դուք հիմա խաչմերուկում եք և պետք է գտնեք ճիշտ ուղին, որը կտանի զարգացման:

Տեսանյութեր

Լրահոս