Կամ ԲՀԿ-ն կգնա կառավարություն, կամ Հովիկ Աբրահամյանը կգնա կառավարությունից

«Օրինաց Երկիր» կուսակցությունը կարող է մաս չկազմել նոր ձևավորվելիք կառավարությանը, այսինքն՝ դուրս գալ կոալիցիայից: Այս տեղեկությունն այսօրվա մամուլի ամենաինտրիգային լուրն էր, որն ՕԵԿ-ականները ոչ թե հերքեցին, այլ ճիշտ հակառակը՝ ավելի հաստատեցին: Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներում հայտարարել են, որ ստեղծվել է «նոր իրավիճակ», որը պետք է քննարկվի ՕԵԿ-ի՝ ապրիլի 16-ի նիստում, և միայն դրանից հետո որոշում կայացվի:

Այդ նիստին մնացել է ընդամենը մեկ օր: Հայկական քաղաքական ավանդույթները հուշում են, որ բոլոր ՕԵԿ-ականներն այսօր պետք է խորապես «անհասանելի» լինեին, մամուլի հետ չշփվեին, որևէ մեկնաբանություն չտային՝ մինչև վաղվա նիստը: Սակայն ստացվում է հակառակ տպավորությունը. ՕԵԿ-ականները միտումնավոր ավելի են խորացրել ինտրիգը՝ հասկացնելով, որ ավելի հավանական է՝ իրենք դուրս գան կոալիցիայից, քան մաս կազմեն նոր կառավարությանը:

Ի՞նչ կարող է սա նշանակել: Առաջին հայացքից թվում է՝ ոչինչ՝ հաշվի առնելով ՕԵԿ-ի կշիռը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը քաղաքական կյանքում և վարկանիշը, ավելի ճիշտ՝ դրա չգոյությունը հասարակության շրջանում:

Հետևաբար՝ ՕԵԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում,՝ վեր կանգնելով այդ կուսակցության շահերից, որպիսիք ուղղակի գոյություն չունեն: Այն պատճառով, որ ՕԵԿ-ը կոալիցիայում և Ազգային ժողովում միայն կուսակցական գլխաքանակ ապահովելու համար է հանդես գալիս որպես առանձին կուսակցություն, քանի որ իրականում այն ՀՀԿ-ի կառույցներից մեկն է:

Մտածել, որ կոալիցիա մտնել-չմտնելու հարցն ՕԵԿ-ը կամ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշում են ինքնուրույն, նույնն է թե՝ մտածել, որ Հայաստանում ընտրություններն անցնում են ազատ և արդար, պաշտոնյաներն էլ ապրում են իրենց խղճուկ աշխատավարձերով:

Ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցության տարբերանշանի գույնի փոփոխության որոշումը ՕԵԿ-ն ու ԱրթուրԲաղդասարյանը չեն կարող ընդունել՝ առանց նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության, կամ, որ ավելի հավանական է՝ առանց նրա ցուցումի: Հետևաբար՝ կարելի է մտածել, որ ՕԵԿ-ի կոալիցիա չմտնելը կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի որոշմամբ: Նաև նրա որոշմամբ կարող էր Հեղինե Բիշարյանը վարչապետի նշանակման նախօրեին հայտարարել, թե ՕԵԿ-ի համար վարչապետի ընդունելի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է:

Իսկ ի՞նչը կարող է դրդել Ս. Սարգսյանին նման որոշում կայացնել, ի՞նչ նպատակ կարող է նա հետապնդել, այն դեպքում, երբ առաջին հայացքից՝ ՕԵԿ-ի նոմինալ ներկայությունը կառավարությունում նրան օդ ու ջրի պես պետք է՝ լայն համաձայնության կառավարության իմիտացիա ստեղծելու համար:

Այս հարցի պատասխանի փնտրտուքը ստիպում է առաջ քաշել առաջին հայացքից ծիծաղելի թվացող մեկ այլ հարցադրում՝ իսկ արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարողանալու է կառավարություն ձևավորել: Եվ արդյո՞ք ՕԵԿ-ի «սեթևեթանքների» նպատակը Հովիկ Աբրահամյանի վարչապետության տապալումը չէ:

Ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակին ու դիմելով քառյակի ուժերին՝ ասել էր. «Ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»։

Հիմա պատկերացնենք այսպիսի իրավիճակ. ՕԵԿ-ը հայտարարում է, որ մաս չի կազմելու կառավարությանը և դեմ է քվեարկելու Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրին: ՀՀԿ-ի ձայները առանց ՕԵԿ-ի՝ չեն բավականացնում կառավարության ծրագիրը հաստատելու համար: Սերժ Սարգսյանն իր մոտ հերթական կոնսուլտացիայի է հրավիրում Գագիկ Ծառուկյանին և առաջարկում երկընտրանք՝ կամ ԲՀԿ-ն միանում է ՀՀԿ-ի քվեարկությանը և հաստատում է խնամի Աբրահամյանի ծրագիրը, կամ այն տապալվում է՝ Հովիկ Աբրահամյանին թողնելով անկաբինետ վարչապետության 20-օրյա հաճելի հուշեր: Իհարկե, գուցե Սերժ Սարգսյանը կանչի ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ հենց Հովիկ Աբրահամյանին ու նրան հորդորի լուծել հարցերը ԲՀԿ-ի հետ:

Այսինքն՝ ՕԵԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին կարող է կանգնեցել այնպիսի երկընտրանքի առաջ, որոնցից յուրաքանչյուրի ընտրության դեպքում ԲՀԿ-ն կորցնում է: Կողմ քվեարկելու դեպքում՝ «ընդդիմադիրի» ու կառավարություն «չմտնողի» իմիջը, դեմ քվեարկելու դեպքում՝ Հովիկ Աբրահամյանին:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կարող է օգտագործել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած մարտավարությունն «իշխանափոխության փափուկ» տարբերակի համար և ԲՀԿ-ի ձեռքով կամ առանց նրա հասնել Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը:

Այս համատեքստում ՕԵԿ-ի հայտարարությունները միանգամայն այլ նշանակություն են ստանում: Այնպես որ՝ կյանքը հետաքրքիր է դառնում: Ո՛չ միայն Հովիկ Աբրահամյանի:

 

Տեսանյութեր

Լրահոս