Ծառուկյանը կատարեց Տեր-Պետրոսյանի պատգամը. ՀԱԿ-առակ կողմից

Քաղաքականությունը, ինչպես և կյանքը, հետաքրքիր ու հակասական երևույթ է: Երևի դրա համար են քաղաքականությամբ զբաղվողները հորինել հայտնի արտահայտությունները, ինչպես, ասենք՝ «Չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր», կամ «Քաղաքականությունն անբարոյականություն է»: Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ սխալվելու, սայթաքելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան՝ հակառակը: Բայց եթե կյանքում սխալների համար մարդիկ կարող են ներողություն խնդրել, հետևություններ անել սխալներից, ապա քաղաքականության մեջ այլ է՝ հղում ես անում «մշտական շահերին» ու դառնում ես ոչ թե անբարոյական, այլ իմաստուն:

Այլ հարց է՝ որքանով է դա ընդունվում, բայց քաղաքականությամբ ղբաղվողների մեծամասնության համար  կարևորը տպավորությունն է, որը կարող է ոմանց խաբել, ավելի շատերին՝ զոմբիացնել, երրորդներին՝ ստրկացնել: Մտքով ու հոգով, բնականաբար:

Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում տարբեր շրջանակներում տարբեր ասոցիացիաներ ու տարբեր ընկալումներ է առաջացրել: Ոմանք դա համարում են ընդդիմության քաղաքական իմաստնության հաղթանակ, ոմանք՝ խելքի բացակայության, մյուսները՝ կարիերիզմի, և այլն: Այս ընկալումների մի մասը դառնում են քաղաքական գնահատականներ:

Օրինակ, ոչ իշխանական ուժերը Տ. Սարգսյանի հրաժարականը համարում են իրենց միասնական գործունեության արդյունք, գտնում են, որ իշխանությունը տեղի տվեց ճնշումների իրենց սպառնալիքին: Այդպիսի գնահատական է տվել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում»,- անդրադառնալով Տ.Սարգսյանի հրաժարականին ու գնահատելով այն՝ ասել էր Լ.Տեր-Պետրոսյանը։ Նմանատիպ գնահատականներ են տվել հրաշալի քառյակի մյուս ներկայացուցիչները՝ հիմնականում ԲՀԿ-ականները, գրեթե նույնքան՝ դաշնակցականները, ավելի պակաս՝ «ժառանգականները»՝ ի դեմս Ռուբիկ Հակոբյանի: Նրանց գնահատականները, ինչպես և կառավարությանն ուղղված քննադատությունը, անձնավորված չեն, այսինքն՝ նրանք նույնպիսի հիացմունք չեն հայտնել կամ դեռևս չեն հայտնել Հովիկ Աբրահամյանի նշանակման կապակցությամբ:

Բայց հասկանալի է, որ Տ.Սարգսյանի հրաժարականի հաղթանակի բերկրանքը վայելելով՝ նրանք չէին կարող չհաշվարկել, որ դրա ամենատրամաբանական շարունակությունը հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետությունն էր: Ոչ միայն ամենատրամաբանական, այլ, ըստ ամենայնի, քառյակի համար՝ ամենացանկալի: Այնպես որ, Հովիկ Աբրահամյանի նշանակումը ևս քառյակի հաղթանակն է: Առնվազն այնքանով, որքանով քառյակի հաղթանակն էր Տ.Սարգսյանի հրաժարականը:

Սրանք ոչ թե սուբյեկտիվ եզրահանգումներ են, այլ նույն քառյակի ներկայացուցիչների հրապարակային գնահատականներից բխող արձանագրումներ: Ու այդ համատեքստում ամենաուշագրավը Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան է: Ոչ միայն այն պատճառով, որ նա ՀՀ հիմնադիր նախագահն է ու, իր ենթակաների կարծիքով՝ ընդդիմության ամենախարիզմատիկ առաջնորդը: Լ. Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի, իմա նաև՝ Հ.Աբրահամյանի հետ կապում են անցյալի ոչ այնքան հաճելի հուշերը: Խոսքը մասնավորապես 2008 թվականի մասին է, երբ նախագահի ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանը փորձում էր քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուժերին համախմբել այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն՝ այսօր: Բայց, ի տարբերություն Գ.Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանն այդ նպատակին փորձում էր հասնել ոչ թե «ջան-ջիգյարով», այլ սպառնալիքներով, վերջնագրերով: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր համաժողովրդական շարժման մեջ ներգրավել նաև օլիգարխներին, խոշոր գործարարներին:

Բայց նա ոչ թե խնդրում էր աջակցել համաժողովրդական շարժմանը՝ խոստանալով գործարարության ավելի լավ պայմաններ իր հաղթանակի դեպքում, այլ վախեցնում էր նրանով, թե ինչ կլինի օլիգարխների հետ՝ իր պարտության պարագայում: Այդ սպառնալիքներից ամենապատկերավորը, ճակատագրի բերումով, վերաբերում էր հենց Գագիկ Ծառուկյանին: Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ եթե վերջինս չմիանա շարժմանը, ու ընտրություններում հաղթի Ս. Սարգսյանը,  Ծառուկյանին «բոմժ» կդարձնի:

Ծառուկյանը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, նա չհաղթեց ընտրություններում: 6 տարի անց Տեր-Պետրոսյանը կանգնեց/նստեց Ծառուկյանի կողքին, համախմբվեց Ծառուկյանի հովանու ներքո ու համախմբման արդյունքում՝ վարչապետ դարձրեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին: Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած ՀԱԿ-ի կարգավիճակն էլ քաղաքական դաշտում հասավ այն կարգավիճակին, որին, ըստ ՀՀ առաջին նախագահի, հասցնելու էր Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին:

Ռուսերենում դա «առանց որոշակի բնակության վայրի» խոսակցական արտահայտության հապավումն է, որն ավելի բարեհունչ է հայերեն՝ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ: Խոսքը, բնականաբար, ֆինանսական ապահովության մասին չէ, քանի որ քաղաքականության մեջ «բնակության մշտական վայրի» կորուստը փոխհատուցվում է ֆինանսապես: Ըստ չար լեզուների՝ բավական առատաձեռն:

Տեսանյութեր

Լրահոս