Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ. «Թող տուժողներն իրենք ասեն՝ ով է կրակել, երբ է կրակել»

Երևանի Աջանյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանում այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Դատարանն այսօր բավարարեց  Ս. Խաչատրյանի ներկայացուցչի՝ մի խումբ անձանց դատարան հրավիրելու և  որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չառարկեց Ս. Խաչատրյանի միջնորդության դեմ:

Դատարանի որոշմամբ՝ որպես վկաներ կհարցաքննվեն Արագած Ղևոնդյանը (մեր տեղեկություններով՝ նա Ս. Խաչատրյանի վարորդն է), Արևիկ Միրզոյանը, Սուրեն Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անուշավան Առուշանյանը, Համլետ Զաքարյանը:

Դատական նիստի ավարտից հետո Ս. Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը հայտնեց, որ «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածներում խոսք է գնում հրազենային վիրավորումների մասին, այդ իսկ պատճառով ինքը միջնորդել էր որպես վկաներ հարցաքննել կրակոցներից տուժած անձանց: «Թող տուժողներն իրենք ասեն՝ ով է կրակել, երբ է կրակել»,- ասաց Մ. Զիլֆուղարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իր միջնորդությամբ դատարան կհրավիրվի նաև Անուշավան Առուշանյանի հետ կապած միջադեպի գործով քննիչը:

Դատարանում Ս. Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց նաև որպես երրորդ անձ ներգրավվել Անուշավան Առուշանանին: Ս. Խաչատրյանի կողմից վիճարկվող, «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութում Սամվել Հարությունյանը նշել է, թե նախկին մարզպետը հրազենային կրակոցով վիրավորել է Ա. Առուշանյանին:

Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը այդ միջնորդությունը համարեց ակնհայտ անհիմն՝ ասելով. «Ես պարզապես հիշեցնեմ, որ սույն գործով վեճի առարկան հայցվոր Սուրիկ Խաչատրյանի պատվի և արժանապատվության պաշտպանությունն է: Ինչպես մենք գիտենք, պատիվը և արժանապատվությունը անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են, այսպես ասած, օրենքի կողմից պաշտպնության ենթակա արժեքներ են և այս կամ այն անձի պատիվն ու արժանապատվությունը կամ պատվին և արժանատավությանը եթադրաբար հասցված վնասը վիրավորանքի կամ զրպարտության ձևով չի կարող ազդել այլ անձանց պատվի և արժանապատվության վրա»:

Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ եթե Անուշավան Առուշանյանը կարծում է, որ իր պատվին ու արժանապատվությանը վնաս է հասցվել, ապա նա դատարան պաշտպանության դիմելու իրավունքից և հնարավորությունից զրկված չէ:

«Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձինք ներգրավվում են գույքային պահանջի վերաբերյալ գործերով: Իսկ ոչ գույքային պահանջին վերաբերող գործերով, անձի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ գործերով պարզապես չեն կարող ներգրավվել»,- ասաց Մ. Շուշանյանը: Դատարանը մերժեց երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանը դատարան հայց է ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ՝ իր կարծիքով իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար: Նա պահանջում է  հերքել հրապարակված «զրպարտություն» համարվող որոշ տվյալներ:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս