Գագիկ Ծառուկյանը տապալեց Հովիկ Աբրահամյանին

Ինչո՞ւ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում չհայտարարվեց նոր վարչապետի անունը, ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգեց այդ հարցը ևս երեք օրով՝ վարչապետի նշանակումը թողնելով սահմանադրական ժամկետի վերջին օրվան: Ակնհայտ է, որ վերջին պահին ինչ-որ բան է փոխվել, որը փոխել կամ առնվազն հետաձգել է Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշումը:

Կարելի է այդ փոփոխությունը բացատրելու բազմաթիվ տարբերակներ քննարկել՝ սկսած ներքին, վերջացրած արտաքին գործոններով պայմանավորված: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման չկայացումը կամ հետաձգումը պայմանավորված է առաջին հերթին ու հիմնավորապես՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու ցանկությամբ, որը, հնարավոր է, ոչ այնքան ցանկություն է, որքան քաղաքական առևտրում սեփական գինը բարձրացնելու մարտավարություն:

Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կարող է ձեռնտու լինել ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու պայմանով: Ավելի ուշ մամուլում նաև տեղեկություններ հրապարակվեցին, որ այդ պայմանն առաջադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով խոստացել է ապահովել ԲՀԿ-ի մասնակցությունը նոր կառավարությանը:

Ըստ ամենայնի, սկզբում Աբրահամյանին հաջողվել է ԲՀԿ-ից համաձայնություն ստանալ, սակայն հետո ինչ-որ բան փոխվել է: Այսինքն՝ գուցե Աբրահամյանը կարողացել է համոզել Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողացել համոզել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ՝ համոզել է Ծառուկյանին, որ պետք չէ մտնել կոալիցիա: Իսկ առանց ԲՀԿ-ի՝ կոալիցիային մաս կազմելու, Սերժ Սարգսյանի մոտիվացվածությունը՝ Հովիկ Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում, գրեթե զրոյանում է:

Քանի որ այդ դեպքում ԲՀԿ-ն՝ ունենալով գրեթե սեփական վարչապետ, միաժամանակ հնարավորություն է ստանում պահպանել այլընտրանքի կարգավիճակը, շարունակել քննադատել եթե ոչ՝ անձամբ Աբրահամյանին, ապա՝ կառավարությանը, այսինքն՝ հաջորդ ընտրություններին ընդառաջ ավելացնել «ժողովրդի մասին մտածողի» վարկանիշը՝ որևէ պատասխանատվություն չկրելով կառավարության գործունեության համար:

Այսինքն՝ եթե առանց ԲՀԿ-ի կառավարությանը մաս կազմելով՝ Հ. Աբրահամյանը նշանակվի վարչապետ, դա գրեթե նույնն է թե՝ Սերժ Սարգսյանն անձամբ զբաղվի ԲՀԿ-ի PR-ով:

Այսպիսով, եթե ԲՀԿ-ն չի գնում կառավարություն, ապա, մեծ հավանականությամբ, կառավարություն չի գնում նաև Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով հարցը՝ արդյո՞ք այսքանից հետո մնում է նա ԱԺ նախագահի պաշտոնում:

Այսինքն՝ եթե մինչև երկուշաբթի օրը ԲՀԿ-ն չփոխի դիրքորոշումն ու «օրակարգում չներառի կառավարությանը մաս կազմելու» հարցը, ապա կարելի կլինի ասել, որ Ծառուկյանը քար գցեց իր խնամի Հովիկ Աբրահամյանի ոչ միայն՝ վարչապետական երազանքի իրականացմանը, այլ նաև՝ քաղաքական կարիերայի վրա ընդհանրապես:
Եթե ԲՀԿ-ն մաս չկազմի կոալիցիային, ապա Սերժ Սարգսյանը, ըստ էության, վարչապետի պաշտոնում կարող է նշանակել իր ցանկացած մեկին՝ առանց հաշվի առնելու ԲՀԿ-ի կարծիքը:

Առաջին հայացքից՝ թվում է, թե դա վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար, խաղը, ինչպես ասում են, շատ է խորացել, և հակադրությունը ԲՀԿ-ի հետ կարող է հանգեցնել ավելի վտանգավոր իրավիճակի՝ քառյակի հետագա գործողությունների, մասնավորապես, նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնելու առումով: Բայց Սերժ Սարգսյանը կարծես աստիճանաբար լուծում է նաև քառյակի հարցը՝ դրանից պոկելով ՀՅԴ-ին: Երեկվանից այն փաստացի գոյություն չունի, քանի որ ՀՅԴ-ի չմասնակցությունը՝ Ծառուկյանի հովանու ներքո անցկացված հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հենց դա է նշանակում:

Այսինքն՝ բացառված չէ, որ ԲՀԿ-ի փոխարեն՝ կառավարություն գնա ՀՅԴ-ն՝ քառյակից թողնելով միայն հաճելի հուշեր:

Եթե փորձենք մոդելավորել ստեղծված իրավիճակի բազմաթիվ ելքերը, ապա դրանք, ի վերջո, հանգում են երկու տարբերակի. կամ ԲՀԿ-ն մաս է կազմում կառավարությանը և գոնե ընթացիկ փուլում դառնում է իշխանության մաս, կամ հանդես է գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով՝ առաջնորդելով եռյակին:

Բայց ԲՀԿ-ն առայժմ հրապարակավ բացառում է այդ երկու տարբերակները միաժամանակ՝ մի կողմից՝ հայտարարելով, որ իր օրակարգում կոալիցիային մաս կազմելու հարց չկա, մյուս կողմից՝ ավելացնելով, որ նույն օրակարգում չկա նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց:

Այդ դեպքում հնարավոր են ամենաանպատկերացնելի սցենարներ՝ ընդհուպ, որ «Բարգավաճ Հայաստանի»՝ կառավարությանն անդամակցելու փոխարեն, ԲՀԿ-ին «անդամակցի» ՀՅԴ-ն, Սերժ Սարգսյանի հրաժարականի փոխարեն էլ՝ կներկայացվի Գագիկ Ծառուկյանի հրաժարականի պահանջը: Երբ քաղաքականությամբ զբաղվում են ոչ քաղաքական տրամաբանությամբ, ապա լինում է այն, ինչին ժողովրդական լեզվով ասում են՝ «խիյարը թարս բուսնեց»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

Տեսանյութեր

Լրահոս