Բաժիններ՝

Անահիտ Բախշյան. Մի՛ խանգարեք շրջանավարտներին նշելու իրենց ավարտական երեկոն

Այսօր Երևանի քաղաքապետի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցեցին, որ օտարալեզու գովազդային վահանակներն ապամոնտաժվել են: Ճիշտն ասած չեմ հետևել և խնդրում եմ մեր համաքաղաքացիներին ուշադրություն դարձնել օտարալեզու գովազդային վահանակներին և համոզվել  զեկույցի  իրականության մեջ:

Զեկուցվեց, որ վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը նորմալ է, որի արդյունքում կպարգևատրվեն Երևան քաղաքի և վարչական շրջանների համապատասխան կառույցների աշխատակիցները:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ոչ պատշաճ սանիտարական վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու վերաբերյալ հսկողականի զեկույցում ասվեց, որ նման հարյուրից ավել տարածքներից 61-ում  մաքրությունն իրականացվել է, իսկ մնացածներն ընթացքի մեջ են: Կարող եմ վկայել, որ իմ կողմից բարձրաձայնված Վարդանանց 30/1 հասցեի աղբակույտի վերածված պարսպապատված տարածքը նույնպես արդեն մաքրվել է: Մնում է, որ տարածքի վարձակալը 10.02.2014թ. N02/18-Հ-594-84 տրված շինթույլտվությամբ 700 օրում   իրականացնի  մարզահրապարակը մարզադահլիճի վերակառուցման աշխատանքը:

2014 թվականի աշնանը լրանում է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ստեղծման 20 ամյակը, որին ընդառաջ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով  Բյուզանդի 1 շենքում հատկացվեց նոր տարածք, ըստ այսօրվա զեկույցի՝ բարեկարգման աշխատանքների նախահաշիվն արդեն պատրաստ է և  քաղաքապետի կողմից հանձնարարվեց  գտնել գումարն ու սկսել բարեկարգումը:

Կարդացեք նաև

Թ.43  հսկողականով խիստ հսկողություն է սահմանվում հանրակրթական դպրոցներում դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ  և քաղաքապետն անդրադարձավ մոտեցող ավարտական երեկոների համար կազմակերպվող ծախսերին:

Հարգելիներս, մեր երեխաների կյանքում թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցն ավարտելն իրադարձություն է և այդ նպատակի համար ընտանիքի ցանկությամբ կատարած ներդրումը մի՛ համեմատեք «դրամահավաք», կաշառքի հետ նույնացվող երևույթի հետ, դա այն  կարևոր իրադարձությունն է մարդու կյանքում, որը պետք է նշեն մեր  շրջանավարտները: Ուղղակի դպրոցը պետք է այն դարձնի բոլոր շրջանավարտների համար  հիշարժան՝ առանց խտրականության և դա պետք է անեն ծնողները: Մի՛ խանգարեք:

Վերջում քաղաքապետի տեղակալները ներկայացրեցին եռամսյակային հաշվետվություններ, որոնց վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանն արեց շատ կարևոր դիտարկում՝  չսևեռվել միայն կատարվածի վրա, այլ ներկայացնել նախատեսված ծրագրերի ուշացումներն ու դրանց պատճառները: Անիմաստ է չհամաձայնվել քաղաքապետի հետ: Ապրիլի 7-ի կապակցությամբ այսօրվա գործակարգավարականը անցավ խաղաղ մթնոլորտում:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս