Ի՞նչ է թաքցնում Ռոբերտ Քոչարյանը

Շրջանառվող տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել նախկին  նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին հայտարարել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Այս հակիրճ հայտարարությունը շատերին ստիպել է վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկից հանել Ռոբերտ Քոչարյանի անունը: Բայց կա մի նրբություն, որն առայժմ դուրս է մնացել ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներից:

Ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը, որոնք հայտարարել էին ապրիլի 28-30-ին Ազգային ժողովում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին, երեկ տեղեկացրել են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո դա, բնականաբար, տեղի չի ունենա: Բայց նրանք «ապրիլի 28»-ն, ըստ էության, չեն հանել օրակարգից՝ հայտարարելով, որ այդ օրը կներկայացվեն ներկայումս իրենց կողմից մշակվող կառավարության գործունեության այլընտրանքային ծրագիրը և, ինչպես խոստացել են, հանրահավաք կհրավիրեն, սակայն՝ ոչ շուրջօրյա:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը zham.am-ին տված հարցազրույցում թեև բավական կառուցողական է արտահայտվել նոր կառավարությանը մաս կազմելու հավանականության մասին՝ դա ըստ էության ներկայացնելով՝ որպես սեփական գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հնարավորություն, սակայն, միևնույն ժամանակ, շեշտել է, թե ապրիլին նախատեսված իր բոլոր հանդիպումները քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ուժի մեջ են: «Իմ օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասել է Ծառուկյանը: Այսինքն՝ ապրիլի վերջը քառյակի կամ առնվազն Ծառուկյանի համար դեռևս համարվում է կարևոր ժամկետ:

Ապրիլի 28-ին կառավարության գործունեության այլընտրանքային ծրագիր ներկայացնելու պատրաստակամության մասին հայտարարությունը ստիպում է մտածել, որ, այնուամենայնիվ, կարող են տեղի ունենալ նաև վարչապետի հրաժարականով ու նոր կառավարության ձևավորմամբ չսահմանափակվող զարգացումներ: Այս պահին չկանխատեսվող ու անհավանական թվացող զարգացումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակելու ամենաուշը ապրիլի 14-ին: Այսինքն՝ նոր կառավարության կազմավորումը կարող է ձգձգվել մինչև մայիսի 4-ը՝ վարչապետի նշանակմանը հաջորդող 20-օրյա ռեժիմի համաձայն: Հետևաբար՝ այս պահին, բացի նոր վարչապետի անուն-ազգանունից, չափազանց կարևոր է նաև այն հարցը, թե վարչապետի նշանակումից հետո քանի՞ օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը կնշանակի նաև կառավարության անդամներին:

Եթե ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն՝ ԲՀԿ-ի ու Դաշնակցության մասնակցությամբ, ապա պետք է ենթադրել, որ որպես նոր գործընկերներին ուղղված ժեստ՝ Ս. Սարգսյանը կսպասի մինչև ապրիլի 28-ը, որպեսզի քառյակը հրապարակի կառավարության գործունեության իր ծրագիրը, նոր կառավարությունն էլ՝ որպես նույնքան բարի կամքի դրսևորում, իր նոր ծրագիրը կազմելիս հաշվի առնի քառյակի մշակածը: Սակայն այս տարբերակը որքան հարթ ու սահուն է թվում, նույնքան էլ կարող է վտանգավոր լինել Սերժ Սարգսյանի համար:

Եթե իրադարձությունները զարգանան նշված սցենարով, և ապրիլի 28-ը դառնա քառյակի խորհրդարանական բեմելի օր, ապա բացառված չէ, որ բացի կառավարության այլընտրանքային ծրագրից, կամ առանց անգամ այդ ծրագրի, քառյակը հանդես գա միանգամայն այլ նախաձեռնությամբ: Կրկին պաշտոնանկության, սակայն ոչ թե՝ վարչապետի, այլ՝ նախագահ Սերժ Սարգսյանի:

«Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,- նշված է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածում:

Այսինքն՝ նախագահի պաշտոնանկության համար ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորական ձայն, ՍԴ եզրակացությունն ընդունելու համար՝ 87: Հասկանալի է, որ 66 ձայն ունենալուց հետո 87 «կողմ» ձայն ապահովելը կարող է ընդամենը տեխնիկայի հարց դառնալ: Այսինքն՝ առնվազն պետք չէ բացառել, որ քառյակը, ավելի ճիշտ՝ քառյակի հիմնական մոդերատորները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այս օրերին մտածում են այդ ուղղությամբ և գուցե արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկել:

Ոչ իշխանական ուժերը, միասին վերցրած, ԱԺ-ում ունեն 53 պատգամավոր: Այսինքն՝ նախագահի պաշտոնանկության համար ՍԴ դիմելու համար նրանց անհրաժեշտ է ևս 13 պատգամավորի կողմ քվեարկություն: Հասկանալի է, որ այստեղ մեխանիկական հաշվարկն ամբողջությամբ չի գործում, քանի որ, որքան ՀՀԿ-ական պատգամավորների կկարողանա հավաքագրել  Քոչարյանն այս գործընթացի համար, գրեթե նույնքան էլ Սերժ Սարգսյանը կարող է հավաքագրել ԲՀԿ-ից կամ ՀՅԴ-ից:

Գուցե նաև՝ «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից: Սակայն ստեղծված իրավիճակում կա չափազանց կարևոր տարբերություն՝ հոգեբանական գործոնը: Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակը ներկայացնում է՝ որպես իր հաղթանակ և իշխանության կողմից արված զիջում: «Իմ օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ ա՛յ, ժողովրդի հոգեբանության մեջ փոխվել է կարևոր մի բան` երբ քաղաքական ուժերը և հասարակությունը ձևավորում են հստակ օրակարգ և հստակ, հասկանալի նպատակներ, ապա չկա որևէ ուժ, որը կարողանա խոչընդոտել դրա իրականացմանը»,- նույն հարցազրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նրա ասածը, առաջին հերթին, բնականաբար, վերաբերում է իշխանական համակարգի «ժողովրդին», քանի որ նման գործընթացներում հասարակության դերը, ըստ էության, նվազագույն է: Եթե ընդհանրապես կա: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգում վարչապետի հրաժարականը կարող է որոշակի խուճապ առաջացնել, գուցե արդեն իսկ առաջացրել է: Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանը (ով մի անգամ արդեն ուղիղ տեքստով հայտարարել է, թե ՀՀԿ ցուցակի յուրաքանչյուր անդամի թեկնածություն համաձայնեցվել է իր հետ, պաշտոնյաների մեծ մասն էլ ՀՀԿ-ին անդամակցել է իր ցուցումով) կարող է ԱԺ ՀՀԿ խմբակցության ցուցակը ձեռքին՝ հատ- հատ կամ խումբ-խումբ ընդունել հանրապետական պատգամավորներին և արժանացնել իր աուդիենցիային:

Ավելի ճիշտ՝ նրանց հիշեցնել, թե ով, երբ, ինչի համար ու ինչի դիմաց է անդամագրվել ՀՀԿ-ին, և, որ հիմա եկել է «պարտքը վերադարձնելու» ժամանակը: Այսինքն՝ առնվազն չպետք է բացառել, որ Քոչարյանը կարող է նման օպերացիա իրականացնելու մտադրություններ ու հաշվարկներ ունենալ:
Այս սխեմաներն այսօր գուցե տեսական են թվում, սակայն նման քաղաքական իրավիճակներում, անորոշության ու իշխանական համակարգի խուճապի պայմաններում, նույնիսկ ամենաաներևակայելի սխեմաները գործնական դառնալու հատկություն ունեն: Այնպես որ, հերքմանը, թե՝ վարչապետի պաշտոնում Քոչարյանի թեկնածության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, պետք է առնվազն վերապահումով մոտենալ: Գուցե իսկապես չեն համապատասխանում: Բայց ոչ թե այն պատճառով, որ Քոչարյանը չի ցանկանում վարչապետ դառնալ, այլ՝ որովհետև նա ուզում է դառնալ նախագահ:

 

Տեսանյութեր

Լրահոս