«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ. Վերևն Աստված կա, Աստված տեսել է ամեն ինչ (տեսանյութ)

Մարտի 24-ին կհրապարակվի «Հարսնաքարի» գործով վճիռը: Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական գործով վճիռ կայացնելու:

Այսօր դատական նիստի ընթացքում վերջին խոսքով հանդես եկան քրեական գործով 6 ամբաստանյալները: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքը մարմնական վնասվածք է հասցրել տուժող Արտակ Բայադյանին. «Պատրաստ եմ հատուցել ինչ վնաս որ իրեն պատճառել եմ,- դատարանում ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով,- Բայց թող ինքը ճիշտը կագնի-ասի, որովհետև ես մանրամասն ներկայացնում եմ՝ ինչպես է ամեն ինչ եղել, դաժե՝ ասում եմ, ես իր բառերով ասեմ՝ ոնց է սկսել մեր մեջ վիճաբանությունը: Ուղղակի չի լինում այնպես, որ մարդուն շրջապատեն հինգ հոգով, միանգամից խփեն, մարդու ուշքը գնա, այդ հինգ հոգուն չտեսնի, ոչ մի բան չհիշի, բայց հիշի՝ 5 հոգի իրեն ծեծել են, երբ որ ես դետալներով նկարագրում եմ, որ, ասենք, ինքն ասում է՝ մայկա չի եղել իրա հագը, ես ասում եմ, նկարագրում եմ, որ այդ ամեն ինչը եղել է»:

Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում  Քրեական օրենսգրքի 112-րդ և 118-րդ հոդվածներով՝ ծեծ և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը դատարանում հայտարարեց, որ «իր ինքնասիրությանը կպնելու համար, իրեն նսեմացնելու համար» ինքը մեկ անգամ հարվածել է և պատրաստ է պատասխան տալ դրա համար:

Կարդացեք նաև

Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն էլ ասաց, որ իրեն ներկայացված մեղադրանքը դատարանում չհիմնավորվեց: «Բայց ես դատարանում ասել եմ այն գործողությունները, ինչ ես կատարել եմ: Դրան ավելացնելու բան չունեմ, քանի որ ես դատարանին ասել եմ ճիշտը,- հայտարարեց ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը՝ նշելով, որ դատարանին մի խնդրանք ունի,- Պատիժ սահմանելիս, հարգելի´ դատարան, կխնդրեի իմ կատարած արարքի համար ինձ պատիժ սահմանեիք»:

Ավելի վաղ Արթուր Բաբլոյանը հայտնել էր, որ ինքը հարվածել է միայն գործով տուժող Գարիկ Սողոմոնյանին:

Գործով մյուս ամբաստանյալ Արման Բաղդասարյանն էլ ասաց, որ՝ սկսած քրեական գործի նախաքննությունից, գործով տուժողները «շինծու» ցուցմունքներ են տվել՝ հիմնվելով ենթադրությունների վրա: Նրա խոսքով՝ ենթադրությունների հիման վրա գրված ցուցմունքներով  իրեն «անհիմն» մեղադրանք է առաջադրվել. «Սակայն ինչպես և նախաքննության ընթացքում, այնպես էլ այս դատաքննության ընթացքում, որը տևեց շուրջ 1.5 տարի, ի հայտ չեկավ այդպիսի գոնե գեթ մեկ ապացույց, որի հիման վրա մեղադրողը կարող էր հիմնավորել իր իսկ կողմից առաջադրված հոդվածներից որևիցե մեկը»:

Ամբաստանյալի խոսքով՝ ի հայտ եկան այնպիսի ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ ինքը դեպքի հետ ընդհանրապես կապ չունի: Որպես իր անմեղությունը հիմնավորող փաստերից մեկը Արման Բաղդասարյանը վկայակոչեց վկա Դավիթ Հայրյանի ցուցմունքը:

Արման Բաղդասարյանի խոսքով՝ Դավիթ Հայրյանն իր ցուցմունքում հստակ նշել է, որ ինքն է իրեն տեղեկացրել դեպքի մասին միայն այն ժամանակ, երբ այն արդեն ավարտված է եղել: Արման Բաղդասարյանը վստահեցերեց, որ եթե դեպքից տեղյակ լիներ և կատարած լիներ գործողություն, որը հետագայում կարող էր առնչվել քրեական գործին, ինքը դա կներկայացներ դատարանում և թույլ չէր տա, որ դա ներկայացնեին այլ անձիք «ենթադրաբար մեկի վրա էլ տասը դրած».

«Հարգելի դատավոր, ով ինչ ուզում է ասի, ի վերջո, վերևն Աստված կա, Աստված տեսել է ամեն ինչ: Մի խոսքով՝ ես ինձ առաջադրված որևիցե մի հոդվածով ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել զուտ իր աշխատանքի վայրում գտնվելու համար: «Գործում չկա որևիցե մի ապացույց, որ, ես ինչ-որ մեկի հետ համաձայնության գալով, տուժողներից ինչ-որ մեկին վնասվածք եմ պատճառել: Չկա որևիցե մի ապացույց, որ ես, ինչ-որ մեկի գործողությունները լրանցելով, տուժողներից որևիցե մեկին որևիցե վնասվածք եմ պատճառել: Ընդհակառակը, դատաքննության ընթացքում մենք՝ ես և իմ պաշտպանը, դատարանում ներկայացրեցինք բավականաչափ ապացույցներ, որոնք հակառակն էին ապացուցում: Այսինքն՝ ապացուցում էին թե իմ անմեղությունը, թե տուժողների տված սուտ ցուցմունքները, որոնք ակնհայտ էին»,- դատարանում այսօր ասաց ամբաստանյալ Արման Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկը չփորձեց տուժողներին պատասխանատվության ենթարկել նրանց տված ցուցմունքների համար, ինչի արդյունքում այսօր քաղաքացիական հայց է ներկայացվել: Դիմելով գործով տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ ամբաստանյալն ասաց. «Այդ տուժողները, պարոն Եգորյան, և Դուք պետք է փոխհատուցեք իմ հաշմանդամ ծնողներին ու իմ ընտանիքին՝ իմ երեք տարեկան երեխային, որի խնամակալը հանդիսանում եմ ես, որ երկու տարի է՝ ազատազրկված եմ ես էլ չգիտեմ՝ ինչի համար»:

Նաև հավելեց. «Վիճաբանական ճառերից հետո էլ պարոն Եգորյանը մի հատ հայտարարություն է անում, ասում է՝ ամբաստանյալներին ինչ-որ մեկը խորհուրդ է տվել, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, դրա համար են այսպես խոսում: Ո´չ, պարոն Եգորյան, Դուք իրավաբան եք ու պետք է՝ հասկանայիք ու իմանայիք, որ համենայնդեպս դատարանում չի կարող լավագույն պաշտպանությունը հարձակումը հանդիսանալ: Դատարանում փաստերով ու ապացույցներով խոսելն է պաշտպանությունը, որն էլ արեցինք թե ես, թե իմ պաշտպանը,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ երկու տարվա ընթացքում ոչ մի ապացույց չներկայացվեց,- Օդի մեջ պահանջ ներկայացնելով, ցանկություններով հայտնելով չէ: Դատարանն ապացույցների տեղ է»:

Եզրափակելով իր խոսքը՝ ամբաստանյալ Արման Խաչատրյանն ասաց. «Հարգելի´ դատարան, ճիշտ է՝ դժբախտություն է տեղի ունեցել, դժբախտ դեպք է տեղի ունեցել, բայց ես ոչ մի կապ չունեմ այդ դժբախտության հետ ու խնդրում եմ հարգելի դատարանին, որպեսզի արդարադատություն իրականացնի ու ինձ ազատի  բոլոր տեսակի պատասխանատվություններից»:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն էլ ասաց, որ ինքն իր ճառի ընթացքում ամեն ինչ ասել է:

Նշենք, որ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Բոլոր 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ծեծի համար:

Տեսանյութեր

Լրահոս