Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ծրագրային ելույթում կարևորեց քաղաքական ուժերի միջև լայն կոնսոլիդացիան: Ի կատարումն ասվածի՝ «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ կայքէջից:

Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ներքին միասնականություն է անհրաժեշտ:

Բարձր գնահատելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից:

«Միասնության անհրաժեշտությունն այսօր առավել քան մեծ է, դրան սպասում է նաև հանրությունը: Մեր համագործակցությունը պետք է հենված լինի փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հավելեց, որ պատվեր կատարող «դհոլների»՝ գործընկերային հարաբերությունների մեջ սեպ խրելու բոլոր տեսակի փորձերն անհաջողության են մատնվելու:

Կարդացեք նաև

Զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Ուկրաինայի դեպքերին, ինչպես նաև ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներին՝ տեղեկացնելով, որ այս օրերին զրուցել է Ռուսաստանի բազմաթիվ հեղինակավոր գործարարների և տնտեսագետների հետ, ովքեր ստեղծված իրավիճակի վերաբերյալ խիստ մտահոգություն են հայտնել:

«Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսված ինչպես այլ քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մյուս շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինենք հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերներին, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնց հետ, առավել քան համոզված եմ, որ ծավալվելու է կառուցողական քննարկում»,-իր խոսքում նշեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրեցին, որ հաջողությամբ սկիզբ դրված համագործակցությունն այսուհետ առավել առարկայական բնույթ է ստանալու:

Տեսանյութեր

Լրահոս