Ինչպես է Վճռաբեկ դատարանը վերահսկում և ուղղորդում դատավորներին. ՄԻՊ-ը ներկայացրել է «զոնալ դատավորների» ինստիտուտը

«Մեր բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ: Ձևավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքների» ներկայացման միջոցով»,- այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում արդար դատաքննությանը:

Ըստ զեկույցի՝ փաստաբանների, դատախազների, դատավորների, իրավաբան-գիտնականների և այլ 120 մասնագետների շրջանում անցկացված հարցումների ընթացքում պարզվել է, որ հանրային հնչեղություն ունեցող գործերի, վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերը, քրեական գործերով պատիժը պայամանականորեն չկիրառելու, սահմանված նվազագույն պատժից ցածր պատիժ նշանակելու, մեղադրական եզրակացությունից շեղվող դատավճիռ կայացնելու դեպքերում մինչև վճռի կայացնելը դրանք պետք է համաձայնեցվեն Վճռաբեկ դատարանների դատավորների հետ:

«Ինձ մեղադրեցին այն բանում, որ ես համարձակվել եմ «առանց նախապես համաձայնեցենելու և թույլտվություն ստանալու» քննել և որոշում կայացնել միջազգային հնչեղություն ունեցող մի գործի վերաբերյալ: Իմ նկատմամբ կիրառվեցին ճնշումներ, որոնք ազդակ էին նաև իմ գործընկեր դատավորներին, թե ինչ հաշվեհարդար կսպասվի յուրաքանչյուրին, ով կհամարձակվի շեղվել գոյություն ունեցող «կանոններից»՝ չկատարելով տրված ցուցումները»,- ըստ զեկույցի՝ դատավորն այս մասին գաղտնի տեղեկացրել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Մեկ այլ դատավոր ՄԻՊ-ին տեղեկացրել էր. «Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից ինձ տրվեց կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը և հրահանգվեց այն ներկայացնել որպես իմ սեփական որոշում»:

Զեկույցում նշված է նաև, որ դատավորների նկատմամբ ճնշումներ լինում են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում: Այսպես, պալատի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում ործադրելու նպատակով վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետև այն փոխանցել վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին՝ այդ կերպ կաշկանդելով նրանց՝ հակառակ դիրքորոշում արտահայտելու հարցում:

Կարդացեք նաև

ՄԻՊ զեկույցում ավում է նաև, որ ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու ողջ համակարգը գործում է երկակի ստանդարտների կիրառմամբ. ««Վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորը իր խախտման համար, հիմնականում, չի ենթարվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս