Բաժիններ՝

Եթե երիտասարդությանը ստիմուլ, աշխատանք, լավ աշխատավարձ ու հնարավորություններ տանք՝ Հայաստանում կարող են արբանյակ էլ կառուցել

Technology and Science Dynamics Inc. գլխավոր ընկերությունը, որը Հայաստանում ներկայանում է Armtab Technologies անվամբ, աշխարհի 17 երկրներում ներկայացուցչություններ ունի, հիմնականում աշխատում է տարբեր համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների հետ:
Technology and Science Dynamics Inc. ընկերությունն իր գործունեությունը սկսել է մոտ 5 տարի առաջ, այն աշխարհում ճանաչված է Minno բրենդով: Այս ընկերությունը որոշել է հրաժարվել չինական ծառայություններից և ամբողջ արտադրությունը տեղափոխել Հայաստան:

Արդեն իսկ ընկերությունը Հայաստանում նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների` Armtab-ի, և սմարթֆոնի` Armphone-ի արտադրությունը: Ընկերությունն արդեն փորձնական արտադրել է 5 տարբեր չափերի պլանշետներ և 1 սմարթֆոն` 5 դյույմանի: 2014 թվականին ընկերությունը Հայաստանում կսկսի հայկական պլանշետների և սմարթֆոնի մասսայական արտադրությունը:

«168 Ժամի» զրուցակիցն է Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանը (Vahan Chakaryan):

– Կպատմե՞ք այդ սմարթֆոնների և պլանշետների տեխնիկական հնարավորությունների մասին:

Կարդացեք նաև

– Մենք արդեն իսկ ստեղծել ենք տարբեր չափերի պլանշետներ և նաև սմարթֆոն, որն առայժմ մեկ տեսակի է` 5 դյույմանի: Բոլոր այս սարքերն աշխատում են Android օպերացիոն համակարգով: Ի սկզբանե այս պլանշետները ստեղծելու գաղափարը եղել է այն, որ դրանք ծառայեն ուսումնական հաստատությունների համար, այսինքն` դպրոցների, քոլեջների, համալսարանների ուսանողների համար, այսինքն՝ կրթական նպատակներով, ինչպես նաև պետական ծառայողների համար: Այս բոլորն սարքերն իրենց տեխնիկական հնարավորություններով և որակով չեն զիջում ճանաչված ընկերությունների` Apple-ի և Samsung-ի նմանօրինակ արտադրանքներին, քանի որ դրանց բաղադրիչ մասերը մենք գնում ենք այն նույն ընկերություններից, որոնցից գնում են նաև Apple-ը և Samsung-ը:

Պլանշետներն ունեն, օրինակ, չորսմիջուկանի հզոր պրոցեսոր, Wi-Fi-ի, 3G-ի հնարավորություններ և այլն, այսինքն` ոչնչով չեն զիջում ճանաչված բրենդերին: Այժմ մենք ծրագրում ենք այս պլանշետների հավաքումը Հայաստանում իրականացնել և դրանք արտահանել մեր ունեցած միջազգային շուկան` Միացյալ Ննահանգներ, Կանադա, Հարավային Ամերիկա և որոշ եվրոպական երկրներ:

Nist9

Դրա հետ մեկտեղ, իհարկե, մենք պետք է ապահովենք նաև հայկական շուկայի և մոտակա երկրների պահանջարկը, օրինակ` Վրաստանի: Այժմ մենք Վրաստանի հետ սերտ բանակցություններ ենք վարում, մասնավորապես՝ Վրաստանի կրթության նախարարության հետ, նրանք պատրաստ են մեզանից գնել տարեկան 40 հազար պլանշետ` դպրոցներում օգտագործելու համար:

– Իսկ Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցություն չի՞ սպասվում:

– Երեկ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք մեր առաջարկը, որպեսզի սկսենք միասին աշխատել և նույն ծրագիրն իրականացնել նաև հայկական շուկայում:

– Վարչապետի արձագանքն ինչպիսի՞ն էր, դրակա՞ն:

– Շատ դրական, իհարկե: Սա մեծ քայլ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սա մեծ քայլ է, և մենք ունենք բոլոր օբյեկտիվ պայմաններն այստեղ` Հայաստանում, բարձրորակ` թե տեխնիկապես և թե որակապես այս տիպի սարքեր` պլանշետներ և սմարթֆոններ արտադրելու համար, և այդպիսով ապահովելու ոչ միայն հայկական շուկայի պահանջարկը, այլև դուրս գալ միջազգային շուկա: Մեր ընկերությունը` Technology and Science Dynamics Inc.-ը, գործում է միջազգային շուկայում արդեն մոտ 5 տարի, իսկ մեր բրենդը` Minno-ն, ճանաչված բրենդ է շուկայում:

Nist3

Մենք անհրաժեշտ սարքավորումներով ենք ապահովում Միացյալ Նահանգների, Կանադայի և Հարավային Ամերիկայի ուսումնական հաստատությունները և պետական ծառայությունները: Այժմ որոշում ենք ընդունել հրաժարվել չինական ծառայություններից և տեղափոխել մեր ամբողջ արտադրությունը Հայաստան, իհարկե, այժմ մենք մեր գործունեությունը սկսում ենք միայն հավաքման պրոցեսից, իսկ հետագայում նախատեսում ենք այն ավելի ընդլայնել:

Մեր գործունեության առաջին փուլը` դիզայնի և հավաքման գործընթացով, կսկսենք, այնուհետև նախատեսում ենք մայր պլատաների և մնացած բաղադրիչների արտադրություն իրականացնել: Այս ամենը, սակայն, մեր հետագա ծրագրերն են, որոնք, հուսով եմ` կիրականացնենք Հայաստանում առաջիկա 2-3 տարում: Այսինքն` ամբողջ մեր արտադրությունը կտեղափոխենք Հայաստան:

– Հետաքրքիր է, շատերը գնում են Հայաստանից, իսկ Դուք գալիս եք: Ավելին, որոշել եք Ձեր ղեկավարած ընկերության ամբողջ արտադրությունը տեղափոխել Հայաստան: Ինչո՞ւ:

– Նախ` նշեմ, որ մեր բրենդի` Minno-ի համար մենք ի սկզբանե ծրագրային ապահովման և սարքավորումների զարգացման ուղղությամբ աշխատել ենք հայկական ընկերությունների հետ: Այն, որ այսօր մենք միջազգային շուկայում, հատկապես կրթական ոլորտում և հաստատություններում բավականին լավ անուն ունենք, դա ի շնորհիվ մեր երիտասարդների` Հայաստանում աշխատող ինժեներների է:

Նախ, դա մեծ փորձ էր մեզ համար, և երկրորդը, չմոռանանք, որ ամենաառաջին հերթին և վերջապես սա իմ հայրենիքն է: Իհարկե, կարևոր է նաև աշխատանքային առումով, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, աշխատասիրությունը և մշակույթը շատ կարևոր է: Մենք նպատակահարմար ենք գտնում օգտվել այդ հնարավորություններից, և համոզված ենք, որ Հայաստանում մեր աշխատանքը որակապես ավելի կբարձրանա և կհամապատասխանի միջազգային բոլոր պահանջներին:

– Պրն Շաքարյան, տարբեր շրջանակներից մշտապես կարելի է լսել այն մասին, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ծրագրային ապահովման վրա, որովհետև սարքերի արտադրությունը շատ ծախսատար է, և այն Հայաստանում շատ դժվար է կազմակերպելը: Իսկ Դուք, փաստորեն, ցանկանում եք Ձեր ղեկավարած ընկերության ամբողջ արտադրությունը տեղափոխել Հայաստան: Ռիսկայնությունը և Հայաստանի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Պետք է նշեմ, որ ի զարմանս շատերի, երբ մենք այստեղ սկսեցինք կազմակերպել այս աշխատանքները, Հայաստանում կառավարության և տարբեր շրջանակներում հանդիպեցինք ամենաջերմ, ամենասիրալիր ընդունելության և աջակցության: Մենք միջազգային շուկայում աշխատանքի բավական փորձ ունենք, սակայն այսպիսի մոտեցում չենք տեսել:

Իսկ այն, որ մեր արտադրանքը հատկապես հայկական է, սա առաջինն է և մերն է լինելու, մի անհավանական զգացմունք ես ունենում: Ու երբ որևէ հարցով զանգահարում ես ցանկացած պետական գրասենյակ և ասում ես, որ ուզում ես հանդիպել, և քեզ սիրով օգնում են, ցույց են տալիս, ինչպես գործել, որպեսզի ճիշտ լինի, ինչպես գործել օրենքի համաձայն և այլն, չտեսնված ընդունելություն և աջակցություն է, և նման վերաբերմունքով, նման աջակցությամբ, եթե նման ձևով շարունակվի, ապա այստեղ ցանկացած աշխատանք կարելի է անել, ինչ էլ որ լինի՝ կապ չունի: Իհարկե, արտադրությունը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված, սակայն մենք ունենք այդ հնարավորությունը, խոսքը մեր կազմակերպության մասին է, բայց հարցն այստեղ միայն ֆինանսականը չէ, տեղական իշխանությունների աջակցությունն է կարևորվում, որպեսզի ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներ չստեղծվեն, իսկ այսօր մեզ համար այստեղ չտեսնված պայմաններ են ստեղծված, չտեսնված:

Այն աջակցությունը, որ կա այստեղ, դրա շնորհիվ կարելի է անգամ արբանյակներ կառուցել:

Nist10

Nist7

– Հետաքրքիր է. բազմաթիվ գործարարների հետ զրուցել եմ, սակայն նման բան, անկեղծ ասած, որևէ մեկից չեմ լսել: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նման ընդունելությունն ու աջակցությունը: Պետական գործիչներն ինչ-որ մասնաբաժին ունե՞ն այս ամենում:

– Բոլորովին, ոչ մի: Ոչ մի մասնաբաժին չունեն, և ոչ մեկը չունի: Ընդհանրապես ոչ մեկը չունի մասնաբաժին:

– Չէի՞ք սպասում նման ընդունելություն:

– Ազնվորեն՝ ոչ: Եվ այսօր իմ զարմանքը, հաճոյությունը և հպարտությունը չափ ու սահման չունի: Ես ուղղակի հիացած եմ և կոչ եմ անում բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին և արտասահմանցիներին՝ եկե՛ք Հայաստան, ներդրումներ կատարե՛ք: Մենք ունենք շատ խելացի երիտասարդություն, աճող երիտասարդություն, ունենք աշխատասեր ժողովուրդ, դարավոր պատմություն և մշակույթ, մենք ամեն ինչ կարող ենք անել, ամեն ինչ, այսօր ես համոզված եմ դրանում և ոչ մեկը չի կարող ինձ հակառակն ապացուցել: Ուզում եմ կրկին նշել, այստեղ մենք ինչ ուզենանք` կարող ենք անել, արբանյակ էլ կարող ենք կառուցել:

– Փաստորեն, այստեղ գործունեության ծավալումը կապ ունի ոչ միայն պետական աջակցության հետ, այլև մարդկային ռեսուրսներով է պայմանավորված:

– Այո, իհարկե, մենք ունենք չտեսնված երիտասարդություն, նրանց ուղղակի լավ վճարվող աշխատանք է պետք, նրանց ստիմուլ (խթան, շարժառիթ, դրդապատճառ, ազդակ) է պետք, որ մնան հայրենիքում և օգնեն, օրեցօր լավացնեն և ծաղկեցնեն մեր հայրենիքը, իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, ստիմուլ, աշխատանք, լավ աշխատավարձ, լավ պայմաններ,և մենք կարող ենք անել ամեն ինչ:

– Հայաստանյան շուկայում Ձեր ընկերությունը ներկայանում է Armtab Technologies անվամբ, այդ ընկերությունում քանի՞ մարդ է աշխատելու:

– Առաջին շրջանում, կարծում եմ, 25-50 մարդ կամ գուցե ավելի:

– Նշեցիք, որ վրաստանյան շուկան հետաքրքրված է Ձեր արտադրանքով, հայաստանյան շուկայում դեռ նոր եք սկսել բանակցությունները՝ այն կրթական համակարգում կիրառելու համար: Այսինքն` պատվերների՞ց կախված կլինի Հայաստանում մասսայական արտադրություն սկսել-չսկսելը:

– Իրականում, մենք պատվերներ արդեն ունենք, հատկապես արտահանելու համար պատվերներ ունենք: Պարզապես խոսքն այն մասին է՝ սկսել աշխատել 25 հոգո՞վ, թե՞ 125 հոգով, այսինքն` ի՞նչ մասշտաբով սկսենք մեր աշխատանքները: Բայց այն, որ Նոր տարուց պետք է սկսենք աշխատել, դրա մասին խոսք լինել չի կարող, եթե հունվարին չսկսենք, ապա փետրվարին կսկսենք մեր աշխատանքները, քանի որ պատվերներ ունենք:

– Նշեցիք, որ հայկական արտադրության պլանշետներն իրենց որակով և տեխնիկական հնարավորություններով չեն տարբերվելու ճանաչված բրենդերից, իսկ որքա՞ն է լինելու դրանց արժեքը:

– Այո, իրենց տեխնիկական հնարավորություններով դրանք չեն զիջելու հանրությանը շատ հայտնի բրենդերին, սակայն հայկական արտադրանքը կլինի 50%-ով ավելի էժան: Միակ տարբերությունը պրակտիկորեն օպերացիոն համակարգն է: Օրինակ, Apple-ն օգտագործում է iOS օպերացիոն համակարգ, իսկ մենք օգտագործում ենք Android, մեր բոլոր սարքերը Android օպերացիոն համակարգով են աշխատում: Ինչ վերաբերում է գներին, ապա մեր ստեղծած սմարթֆոնները 170-180 դոլարի սահմաններում են լինելու, իսկ պլանշետները` 225-275 դոլարի սահմաններում, խոսքը մեծածախ վաճառքի մասին է:

– Իսկ մանրածախի հետ տարբերությունը շա՞տ է լինելու:

– Չեմ կարող ասել, որովհետև մենք մանրածախով չենք զբաղվել, չենք զբաղվում և չենք էլ ծրագրում զբաղվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս