Բաժիններ՝

«Սկզբում ընդհանրապես չէի սիրում բռնցքամարտը, հիմա կյանքս առանց այս մարզաձևի չեմ պատկերացնում»

Եվրոպայի 19-22 տարեկանների անցած տարվա առաջնության արծաթե մեդալակիր, այս տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանի` Եվրոպայի և աշխարհի առաջնություններում տպավորիչ մարտերն աննկատ չեն մնացել միջազգային կառույցների կողմից: Շուտով Արամն ուկրաինական «Ատաման» ակումբի կազմում մասնակցելու է WSB լիգայի մենամարտերին: «168 Ժամի» հետ զրույցում նա ամփոփել է նախորդ մրցաշարերը, խոսել առաջիկա ծրագրերի մասին:

– Հոկտեմբերին Ղազախստանում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որում դու 1/8 եզրափակչում պարտվեցիր կուբացի Ռոբեյսի Կարազանային: Հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը, ելույթներիդ անդրադառնալով, գոհունակություն էր հայտնել: Ինքդ ինչպե՞ս կգնահատես քո մարտերը:

– Աշխարհի առաջնությունում երեք մենամարտ եմ անցկացրել: Առաջինում մրցում էի Անգլիայի ներկայացուցիչ Գամալ Յաֆայի հետ, ում ծանոթ էի Եվրոպայի առաջնությունից: Եվրոպայի առաջնության առաջին մարտում էլ մրցեցի նրա հետ և հաղթեցի 2:1 հաշվով: Այս անգամ արդեն միաձայն` 3:0 հաշվով հաղթանակ տոնեցի: Երկրորդ մարտում մրցեցի իտալացի Ջային Պարինելոյի հետ, ով, ճիշտ է, անհարմար մրցակից էր, բայց նրան ևս 3:0 հաշվով հաղթեցի: 1/8 եզրափակչում, ինչպես արդեն ասացիք, Ռոբեյսի Կարազանայի հետ էի մրցում: Նա փորձառու մարզիկ է, Օլիմպիական խաղերի չեմպիոն: Մենամարտը շատ բուռն ստացվեց, նա մի փոքր առավելություն ուներ: Ճիշտ է, ես հարգում եմ հակառակորդներիս, բայց ինձանից շատ ոչ ոքի չեմ հարգի. մրցավարները նրան միավորներ շատ էին տվել, դա մի փոքր անարդար էր:

Aram-Avagyan-brncqamart2

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, գոհ եմ աշխարհի առաջնությունից: Կարող էր ավելի լավ լինել, եթե գոնե մինչև կիսաեզրափակիչ չհանդիպեի Կարազանային: Թեպետ իմ վիճակահանությունը բարդ էր. Կարազանային հաղթելու դեպքում մրցելու էի ղազախ բռնցքամարտիկի հետ, իսկ ղազախների նկատմամբ մրցավարական կողմնակալությունն ակնհայտ էր: Դրա համար գուցե Կարազանային հաղթելու դեպքում էլ չկարողանայի հաջողության հասնել:

– Մրցավարական անարդարություն կար նաև Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում, որտեղ մրցում էիր Միկոլա Բուենցկոյի հետ և մրցավարների որոշմամբ արժանացար բրոնզե մեդալի: Սակայն այդ դեպքում, կարծեմ, մրցավարին որակազրկեցին:

– Այդ մարտում ես երկու ռաունդում հաղթեցի, երրորդ ռաունդի վերջին հատվածում պարտվեցի: Բուլղարացի մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց: Նրան, ճիշտ է, որակազրկեցին, բայց մեր մեդալը մնաց բրոնզե:
Այժմ բռնցքամարտի մի շարք կանոններ փոխվել են: Եթե առաջ հնարավոր էր` բողոքարկման արդյունքում մրցավարները վերանայեին մենամարտը, այժմ այդպես չի լինում: Հիմա միայն ռինգի մրցավարի կոպիտ սխալի դեպքում է հնարավոր վերանայել, իսկ իմ պարագայում սխալվել էր կողային մրցավարը. այդ իսկ պատճառով չբողոքարկեցինք:

Aram-Avagyan-brncqamart1

– Ցավոք, աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը ձեռնունայն վերադարձավ, թեպետ մարզիչները գոհ էին նախապատրաստական աշխատանքներից: Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ, ապա, ի՞նչ ես կարծում, ո՞րն էր այս անգամվա անհաջողության պատճառը: Գուցե մեր հավաքականի երիտասարդ կա՞զմն էր պատճառը…

– Ճիշտ է, կազմը երիտասարդ է, բայց չեմ կարող ասել, որ մեր տղաները փորձառու չեն: Հավանաբար սեփական ուժերի նկատմամբ մի փոքր վստահության, հավատի պակաս կար: Բացի այդ, երբ ընկերներս մենամարտում էին կորեացիների հետ, մրցավարների կողմնակալությունը կրկին ակնհայտ էր:

Հետևում էի նրանց ելույթներին և ծիծաղելով ասում` պատկերացնո՞ւմ եք` հաղթանակը կորեացիներին տան: Իսկ վերջում պարզապես ապշած էի մնացել: Կարծում եմ` մենք լավ հավաքական ունենք: Մի փոքր ավելի աշխատելու դեպքում ամեն ինչ շատ լավ կլինի:

Aram-Avagyan-brncqamart5

Aram-Avagyan-brncqamart3

– Կարեն Աղամալյանը, ամփոփելով աշխարհի առաջնությունը, նշել էր` շատ կարևոր է այն, որ այս անգամ մեր բռնցքամարտիկների մոտ չկար կաշկանդվածություն, թե մենամարտում են, օրինակ, ուժեղ կուբացու հետ: Ինքդ երբևէ նման հոգեբանական խոչընդոտ ունեցե՞լ ես:

– Երբ ես մտնում եմ ռինգ, մտածում եմ միայն հաղթանակի մասին, անկախ նրանից` հակառակորդս կլինի կուբացի՞, ռո՞ւս, թե՞ անգլիացի: Ես մենամարտում եմ հաղթանակի համար և նման կաշկանդվածություն ինքս չեմ ունեցել:

– Իսկ հավաքականի մյուս մարզիկնե՞րը:

– Դա կախված է բռնցքամարտիկի հոգեբանական պատրաստվածությունից, փորձից: Նախքան ռինգ դուրս գալը մարզիկի առաջնային խնդիրը հոգեբանական պատրաստվածությունն է: Կարծում եմ, եթե հոգեբանորեն պատրաստ լինես, մյուս խնդիրները հնարավոր կլինի հաղթահարել:

– Այսօր, կարծես, ամեն ինչ անում են սիրողական բռնցքամարտը պրոֆեսիոնալին մոտեցնելու համար. թեկուզ` առանց սաղավարտերի մենամարտելու որոշմամբ: Քեզ և մեր մյուս բռնցքամարտիկներին չխանգարե՞ց առանց պաշտպանիչ սաղավարտի մենամարտելը:

– Անկեղծ, նախքան աշխարհի առաջնությունը, երբ մենամարտում էի պաշտպանիչ սաղավարտով, վնասվածքներ ունեցել եմ: Իսկ այս անգամ, երբ առանց սաղավարտի էի, դեմքիս անգամ մեկ բիծ չի եղել: Գուցե ավելի ուշադիր, կենտրոնացած էի, որ վնասվածք չստանամ: Բայց տղաներից ոմանք առանց սաղավարտերի լուրջ վնասվածքներ ունեցան և չկարողացան շարունակել մարտը:

– 2013 թ. բռնցքամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններից հետո Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան լավագույններին հնարավորություն է տվել մասնակցելու WSB լիգային: Այդ կապակցությամբ դու և Հովհաննես Դանիելյանն ուկրաինական «Ատամանի» կազմում երկշաբաթյա մարզումներ եք անցկացրել: Մի փոքր կներկայացնե՞ս` մարզումներն ի՞նչ պայմաններում անցան, ինչպիսի՞ն էր ընդհանուր մթնոլորտը:

– Հրավեր ստացել ենք դեռևս Եվրոպայի առաջնության ժամանակ: Ինձ նման առաջարկ արեցին հենց ուկրաինացի մարզիկի հետ մենամարտից հետո: Ես չշտապեցի, ուսումնասիրեցի ամեն ինչ, հետո նոր համաձայնեցի: Նոյեմբերի 9-ին մեկնեցինք Ուկրաինա` հավաք անցկացնելու համար: Երկու սպարինգ-մենամարտ ունեցանք, որոնք շատ հաջող անցկացրինք: Մթնոլորտը, մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը շատ լավն էր: Ընդհանուր առմամբ, հիանալի հավաք անցկացրինք:

– Ավելի վաղ հայտնի էր միայն, որ «Ատաման» ակումբն է որոշելու` ձեզանից ո՞վ ի՞նչ մենամարտի է մասնակցելու: Արդեն որոշակիություն մտցրե՞լ են:

– Դեկտեմբերի 5-ին մեկնելու եմ Ուկրաինա: Հավանաբար ամսի 13-ին մենամարտ կունենամ իտալացի բռնցքամարտիկի հետ, ում դեռ չեմ ճանաչում: WSB լիգայի մենամարտերին մասնակցելու համար տարբեր երկրների ակումբներից ուժեղագույն մարզիկների են հրավիրել:

Aram-Avagyan-brncqamart6

– WSB լիգայում մարտերը 2 ռաունդ ավելի են լինելու: Դա կարո՞ղ է քո հաջողության ճանապարհին խոչընդոտ լինել:

– Չեմ կարծում: Եթե մարզիկը գիտի, որ մարտը երեք ռաունդից է բաղկացած լինելու, տրամադրվում է երեք ռաունդի: Եթե գիտի` հինգ ռաունդ է, ինքնըստինքյան տրամադրվում է հինգի: Դա կախված է տրամադրվելուց: Ուկրաինայում անցկացրած սպարինգները հինգ ռաունդանոց են եղել և ինձ համար դժվարություններ չեն առաջացրել:

– Նախքան Եվրոպայի առաջնությունը Ծաղկաձորում մարզվել էիր Ռուսաստանի հավաքականի հետ: Եթե համեմատենք ռուսների հետ և ուկրաինական ակումբում անցկացրած հավաքները` ընդհանուր եզրեր կա՞ն:

– Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում էինք այլ ծանրաբեռնվածությամբ, WSB լիգայի համար` բոլորովին այլ: Ուկրաինական հավաքում գուցե ուշադրությունն ավելի շատ ուղղված էր ռաունդների քանակին, իսկ ռուսների հետ մարզվելիս` ֆիզիկական աշխատանքին: Երկու հավաքներն էլ շատ եմ հավանել, և երկուսն էլ օգտակար են եղել ինձ համար:

– Հավանաբար կարիերայիդ ամենահիշարժան մարտը Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչն է, որում դու հաղթեցիր ադրբեջանցի Սամիր Մամեդովին: Մարտից բավականին ժամանակ է անցել, իսկ տպավորությունները մնացե՞լ են:

– Այսօրվա պես հիշում եմ այդ մենամարտը: Բոլոր ընկերներս արդեն դուրս էին մնացել պայքարից: Մնացել էի միայն ես, և մեդալ նվաճելու համար հաղթանակ էր պետք: Ես քաղաքականությունը սպորտին երբեք չեմ խառնել, բայց այդ դեպքում չկարողացա: Լարվածությունս շատ մեծ էր. հիշում եմ, որ առաջին ռաունդից հետո մարզիչս ցուցումներ էր տալիս, իսկ ես մտքերով այլ տեղ էի: Մտածում էի, թե պարտվելու դեպքում ինչպե՞ս եմ գալու Հայաստան, ի՞նչ աչքերով եմ նայելու ծնողներիս: Եվ արդեն երկրորդ ռաունդում իմ մեջ կարծես գերբնական ուժ մտած լիներ, հավանաբար հայրենասիրական ոգին էր. ես միայն ուժեղ հարվածում էի, հարվածում էի, ինչպես կարող էի: Մարտից հետո անգամ հուզվեցի, քանի որ այն ինձ համար շատ մեծ հաղթանակ էր:

– Բռնցքամարտում քո գերնպատակը ո՞րն է: Կան մարզիկներ, ովքեր երազում են Օլիմպիական մեդալի մասին, ոմանք գերադասում են աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ դո՞ւ:

– Կարծում եմ, որ մարզիկի համար յուրաքանչյուր մրցամարտում հաղթելը պետք է գերնպատակ լինի: Քանի դեռ մարզիկ ես, անկախ նրանից` կմասնակցե՞ս Օլիմպիական խաղերին, Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, միշտ պետք է ձգտես հաղթել յուրաքանչյուր մենամարտում: Սպորտում երբեք պետք չէ բավարարվել: Եթե այսօր դարձել ես աշխարհի չեմպիոն, դրանից չպետք է քո մոտիվացիան նվազի: Որքան շարունակվում է կարիերադ, այնքան պետք է քո առջև հաղթելու նպատակ դնես: Երբ բավարարվում ես ձեռք բերածով, կարող ես կարիերադ համարել ավարտված:

– Վերջերս Արթուր Աբրահամը հայտարարեց, որ ռուս և կուբացի բռնցքամարտիկներն ավելի ուժեղ են, բայց մենք ևս հպարտանալու տեղ ունենք: Ինքդ ի՞նչ ես կարծում այս հայտարարության վերաբերյալ:

– Գաղտնիք չէ, որ բռնցքամարտի աշխարհում այսօր գերիշխում է Կուբան, որը մարզաձևի հայրենիքն է: Կուբացիներն ուժեղ մարզիկներ են: Նրանց հետ հավաքներ անցկացնելու մեծ ցանկություն ունեմ, սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք: Իսկ Ռուսաստանի հավաքականը համատեղ մարզումներ է անցկացնում կուբացիների հետ:
Սպորտում ոչ ոքի պետք չէ թերագնահատել: Այսօր չկա երկիր, որը բռնցքամարտում թույլ լինի: Օրինակ, գուցե Կոստա Ռիկայի բռնցքամարտիկի անունը լսելիս` ասես` «լավ, դե Կոստա Ռիկան ի՞նչ պետք է ցույց տագ», բայց հնարավոր է` դիմացինդ այնպիսի մարտ անցկացնի, որ մնաս զարմացած: Մենամարտերի ժամանակ ոչ ոքի չպետք է թերագնահատել. եթե դու չխփես, քեզ կխփեն, և վերջ:

– Մի փոքր հայացք նետենք անցյալին. սովորաբար մարզիկների կյանքում լինում են մարդիկ կամ հանգամանքներ, որոնք որոշիչ են դառնում տվյալ սպորտաձևի ընտրության հարցում: Քո դեպքում եղե՞լ է մեկը, ումից ոգեշնչվել ես:

– Անկեղծ ասած` ես կարատեիստ դառնալու ցանկություն ունեի, սակայն հայրս, ով երիտասարդ տարիքում բռնցքամարտիկ է եղել, ինձ համոզեց բռնցքամարտով զբաղվել: Նա ինձ ոգևորեց: Սկզբում ընդհանրապես չէի սիրում բռնցքամարտը, իսկ այժմ կյանքս առանց այս մարզաձևի չեմ կարող պատկերացնել: Քնում եմ և արթնանում բռնցքամարտով: Առաջին մրցումներից հետո սերը և հաղթելու ցանկությունն ավելի ուժեղացավ:

– Իսկ հիշո՞ւմ ես առաջին մենամարտդ:

– Այոոո՜ (ժպտում է.- Գ.Ա.): Ես, չորս ամիս էր, պարապում էի, իսկ մրցակիցս արդեն չորս տարվա մարզիկ էր: Ես, կարծես ամեն ինչից անտեղյակ, պարզապես հարվածում էի նրանգ հարվածում էի աջից, ձախից…

Դրանից հետո բոլորը սկսեցին գովաբանել ինձ, իսկ իմ մեջ մի փոքր փառասիրություն առաջացավ, ինչի հետևանքով էլ երկրորդ մրցումների ժամանակ պարտվեցի: Հենց այդ ժամանակ հասկացա, որ երբեք պետք չէ քեզ գերագնահատել, իսկ դիմացինիդ` թերագնահատել:

– Մեկ նախադասությամբ` ի՞նչ է քեզ համար բռնցքամարտը:

– Կյանք է: Բռնցքամարտն այն է, ինչով ես այսօր ապրում եմ: Բռնցքամարտի նկատմամբ սերս գնալով մեծանում է: Կարելի է ասել` ես բռնցքամարտի հիվանդ եմ դարձել (ժպտում է.- Գ.Ա.):

Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԱԲԱՍՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս