Բաժիններ՝

Հայաստանը կտարանցի՞ իրանական էլեկտրաէներգիան դեպի Եվրոպա

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն էր հրապարակել, որ նոյեմբերի 4-ից 7-ը նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը: Ընդհանուր կերպով տեղեկացվում էր հայկական պատվիրակության հանդիպումների մասին՝ առանց նշելու քննարկումների հստակ թեման: Նոյեմբերի 7-ը հինգշաբթի էր, բայց այցի արդյունքների մասին մինչ օրս հայկական կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա:

Մինչդեռ, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունից տեղեկանում ենք, որ Արմեն Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով իրանական էլեկտրաէներգիան ՀՀ տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցը:

«Իրանական էլեկտրաէներգիան Եվրոպա տարանցելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել և կարիք կա հետագա երկկողմ բանակցությունների»,- ասել է Մովսիսյանը:

Իրանական գործակալությունը գրում է, որ ՀՀ և Իրանի էներգետիկայի նախարարների 3 ժամ տևած հանդիպումից հետո իրանցի նախարարը լրագրողներին հայտնել է, որ հաշվի առնելով Եվրոպայում էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացումը, Իրանը շահագրգիռ է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով:

Կարդացեք նաև

Թե ինչու պետք է Հայաստանը տարանցիկ երկրի դեր տանի իրանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար, չի նշվում: Սա անտրամաբանական է այնքանով, որ մեր երկիրն ինքն ունի էլեկտրաէներգիա արտահանելու խնդիր: Տարիներ առաջ, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, որպես դրական կողմ նշվում էր, որ սահմանների բացման դեպքում ՀՀ-ն վերջապես հնարավորություն կունենա էլեկտրաէներգիա արտահանել և ողջ հզորությամբ գործարկել էներգետիկ կառույցները:

Այցի ընթացքում Մովսիսյանը նաև հայտարարել է, որ ինքը Թեհրանում է՝ Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու շուրջ բանակցելու նպատակով: Նա նշել է, որ Իրանի նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման էներգետիկայի ոլորտում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է:

«Թասիմը» նաև նշում է, որ 2004 թ-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը: Այն շահագործվում է 2007թ-ից: ՀՀ ներկրվող իրանական գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն առաքվում է Իրան՝ 1 խմ գազի դիմաց 3 կվատ/ժամ հաշվարկով: Պայմանագրի համաձայն՝ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան է առաքելու 36 մլրդ խմ բնական գազ: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել 5 տարով և գազի ներկրումը կարող է աճել մինչև 47 միլիարդ խորանարդ մետր: Ներկայումս Հայաստանն օրական օգտագործում է մոտ 1.25 մլն խորանարդ մետր իրանական գազ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն Իրանից պետք է օրական ստանար 3 մլն խմ գազ՝ հետզհետե ծավալները մեծացնելով և մինչև 2019 թ. հասցնելով մինչև 6.2 մլն խմ-ի: : Սակայն նշված ծավալները մինչ այժմ չի հաջողվել ավելացնել և հասնել թիրախին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս