Գագիկ Գևորգյան. Ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա ոսկերչական գործի համաշխարհային լավագույն կենտրոններից մեկը

Գագիկ Գևորգյան. Ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա ոսկերչական գործի համաշխարհային լավագույն կենտրոններից մեկը

Մեր զրուցակիցն է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը

- Ոսկեգործության ոլորտի համար ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը ո՞ր փուլում է: Արդյոք հաջողվե՞ց լուծել տարածքի ձեռքբերման հետ կապված խնդիրները:

- Ներկայումս Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA) իրականացնում է մի շարք նախագծեր, որոնցից առավել խոշորը Ձեր նշածն է` Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծումը: Այս պահին արդեն ավարտին են մոտենում շենքի գնման փաստաթղթային ձևակերպումները: Այն գտնվում է Հրազդանի գեղատեսիլ կիրճում, Կաշեգործների 70 հասցեում:

Շուտով կսկսենք կառույցի վերանորոգման աշխատանքները, դրանց ավարտից հետո այնտեղ աշխարհի տարբեր երկրներից ընկերություններին կտրամադրվեն տարածքներ: Ես կարծում եմ, որ արդեն այս տարվա հոկտեմբերի վերջին, երբ ասոցիացիան Հայաստանի մայրաքաղաքում 3-րդ անգամ կանցկացնի արդեն ավանդական դարձած միջազգային ոսկերչական «Yerevan Show-2013» ցուցահանդեսը, դրա մասնակիցները և հյուրերը հնարավորություն կունենան այցելելու ապագա ԱՏԳ-ի տարածք:

- Ի՞նչ կտա այդ ազատ տնտեսական գոտին Հայաստանին:

- Երկարաժամկետ հատվածում այս նախագծի իրականացումը ոչ միայն կազդի Հայաստանում ոսկերչության ոլորտի զարգացման վրա, այլ նաև` երկրի ամբողջ տնտեսության: ՀՀ ղեկավարության աջակցությունը ստացած ԱՏԳ-ն թույլ կտա երկրի ոսկերչության և ադամանդի վերամշակման ոլորտները վերածել արտասահմանից եկամտի ստացման հզոր աղբյուրի, ստեղծել նոր աշխատատեղեր և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ապահովել էական թռիչք` Հայաստանը դարձնելով միջազգային ասպարեզում հիմնական ոլորտային դերակատարներից մեկը:

- Իսկ ո՞ր փուլում է Հայաստանում Հայ ոսկերչական արվեստի թանգարան բացելու ծրագիրը:

- Կարող եմ ասել, որ մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, սակայն քանի որ ներկայումս մեր բոլոր ուժերը ուղղված են այնպիսի աշխատատար և ծախսատար նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են ԱՏԳ ստեղծումը և միջազգային «Yerevan Show» ցուցահանդեսի անցկացումը, թանգարանի ստեղծման հարցով անմիջականորեն դեռ չենք սկսել զբաղվել: Այնուհանդերձ, որոշակի զարգացումներ այդ ուղղությամբ կան: Մասնավորապես, հսկայածավալ աշխատանք է իրականացնում վերջերս Շվեյցարիայում գրանցված AJA հիմնադրամը` մի հատուկ կառույց, որը ստեղծվել է հայկական ոսկերչական հարուստ ժառանգության ուսումնասիրության նպատակով, և որի փորձագետներն ուսումնասիրում են հայկական ոսկերչական մշակույթի հարուստ պատմությունը, որը մինչ օրս քիչ է ուսումնասիրված և չի փաստաթղթավորվել, լայն հանրության համար բացահայտում են մեր նախնիների կյանքի հետաքրքիր փաստերը` պատկերազարդ ներկայացնելով այն, որ դարերի ընթացքում հայ ոսկեգործները առաջատար դիրքեր են զբաղեցրել ոլորտում: Հիմնադրամը նաև նախատեսում է հայ ոսկերիչների ուսուցման ծրագրեր իրականացնել միջազգային հայտնի կենտրոններում: Ինձ հետ միասին հիմնադրամի հիմնադիրներն են իմ անվանի 2 գործընկերներ-ոսկերիչները` Կանադայից Պիեռ Աքքելյանը (հիմնադրամի նախագահ) և Շվեյցարիայից Վարդգես Կնաջյանը:

Հիմնադրամի փորձագետների կողմից արդեն շատ բան է արվել: Աշխարհի տարբեր երկրներում հայկական ոսկերչական ավանդույթների հետազոտման ուղղությամբ մեծ քրտնաջան աշխատանք է իրականացվել: Ժամանակի ընթացքում այդ բոլոր տեղեկությունները կդառնան լայն հանրության սեփականությունը: Մասնավորապես, մենք վերջերս համաձայնագիր ենք կնքել Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգագրության պետական թանգարանի հետ` Ալբոմ հրատարակելու մասին, որը նվիրված կլինի Վասպուրականի հայերի ավանդական մշակույթի հարուստ հավաքածուին, որը պահպանվում է թանգարանի արխիվներում և, ցավոք, կմնար այնտեղ` առանց ներկայացվելու լայն հանրությանը, եթե չլինեին մեր հետազոտողները: Իսկ դա հագուստի, ոսկե զարդերի, Վանի լուսանկարների և մեր նախնիների կենցաղի յուրահատուկ պարագաներ են, որոնք բերվել են ռուս հայտնի հնագետ և ազգագրագետ-կովկասագետ Ալեքսանդր Միլլերի կողմից, որը 1916 թ. իր արշավախմբով Վանի շրջանում էր:
Ամբողջ աշխատանքը, որն իրականացնում է մեր կազմակերպությունը հայկական ոսկերչական մշակույթի հարուստ ավանդույթների հետազոտության և քարոզչության ուղղությամբ, իր ժամանակին արժանի տեղ կգտնի թանգարանում, որի մասին Դուք հարցնում եք:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում hարկային դաշտը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

- Ինչ վերաբերում է Հայաստանում ոսկերչական ոլորտը կարգավորող օրենսդրությանը և հարկային դաշտին, ապա, ինչպես և յուրաքանչյուր օրենսդրության մեջ, ցանկության դեպքում կարելի է գտնել և՛ դրական կողմեր, և՛ խնդիրներ, և՛ կատարելագործման դաշտ: Բայց եթե դու ունես նպատակ, առավել ևս, նպատակը համազգային է, նշանակալի, ապա ցանկացած օրենսդրության մեջ կարելի է հենք գտնել գործունեության համար:
Առանց մանրամասնելու, կարող եմ ասել, որ այսօրվա օրենսդրությունը, որը կարգավորում է ոլորտը, բավական լիբերալ է և համեմատելի է զարգացած շատ երկրների համանման օրենսդրության հետ:

Կցանկանայի նաև հիշեցնել, որ ոչ շատ վաղուց` հուլիսի 26-ին, տեղի ունեցավ արդյունաբերության զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստը, որի օրակարգային առաջին հարցը ՀՀ ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացումն էր: Քննարկումից հետո հաստատվեց Հայաստանի ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման պետական ռազմավարությունը 2013-2020 թթ. համար: Մասնավորապես, դրանով մշակվել է հայեցակարգային նախագիծ և ոսկերչական իրերի, ադամանդների մշակման և ժամացույցների արտադրության ոլորտների զարգացման միջոցառումների ծրագիր:

Ոլորտային հայեցակարգը նախատեսում է մի շարք ռազմավարական միջոցառումներ` ուղղված օրենսդրության բարելավմանը, մատչելի հումքի ապահովմանը, որակի վերահսկմանը, մասնագիտական կրթության բարելավմանը և աշխատանքային ռեսուրսների վերաորակավորմանը, արտահանման ֆինանսական աջակցությանը, ԱՏԳ ստեղծմանը:

adamand

- Հայաստանում ոսկեգործության մակարդակը արդյոք ետ չի՞ մնում համաշխարհային զարգացումներից: Կամ կարո՞ղ ենք ասել, որ այսօր հայ ոսկերիչները ճանաչված ու պահանջված են աշխարհում:

- Աշխարհում կան մի քանի երկրներ, որոնք հայտնի են իրենց որակյալ ոսկեգործներով, և Հայաստանը դասվում է դրանց շարքը: Այս մասին ասել է նաև Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալյերին` AJA-ի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Նա բարձր մասնագիտական գնահատական է տվել հայ ոսկերիչների աշխատանքին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի, որպեսզի ոսկեգործական համաշխարհային արտադրության մեջ զբաղեցնի առաջատար դիրքերից մեկը: Պրն Կավալիերին նաև նշել էր, որ աշխարհագրական յուրահատուկ դիրքի շնորհիվ Հայաստանը կարծես կապում է Ասիան և Եվրոպան, և դա լուրջ հնարավորություններ է տալիս:

Ի դեպ, Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ պաշտոնապես նշվում է Ոսկերչի օրը` հոկտեմբերի վերջին կիրակին, այս տարի` հոկտեմբերի 27-ին: Մեր կազմակերպությունը հենց այդ ժամանակ ավանդաբար անցկացնում է ոսկերչության միջազգային «Yerevan Show» ցուցահանդեսը, որի հանդեպ այս տարի շատ մեծ հետաքրքրություն կա, և դրան կմասնակցեն աշխարհի շուրջ 25 երկրների ոսկերչական ընկերություններ:

Սակայն մենք չենք կարող խոսել ժամանակակից հայկական ոսկեգործության ոլորտի և մշակույթի մասին` առանց հայացք ձգելու մեր ժողովրդի անցյալին և առանց ուսումնասիրելու մեր հարուստ ավանդույթները:

Հարկավոր է հաշվի առնել, որ ոսկեգործության մեջ մեծ դեր ունի մարդկային գործոնը: Դրա համար մենք մեծ նշանակություն ենք տալիս որակավորված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը: Այդ նպատակով հուլիսի վերջին AJA-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ստորագրեց Համագործակցության համաձայնագիր` Հայաստանում արհեստավարժ ոսկերիչների պատրաստման մասին: Այս նոր նախագծի նպատակն է Հայաստանի ոսկեգործության ոլորտը և առաջին հերթին` ազատ տնտեսական գոտին ապահովել երիտասարդ, բանիմաց աշխատակիցներով: Ստորագրված հուշագիրը դրա համար ստեղծում է ոչ միայն իրավական հիմք, այլ նաև նախանշում է համագործակցության հիմնական ուղղությունները:

Այն նախատեսում է կողմերի փոխգործակցությունը կրթական ծրագրի կազմակերպման հարցում, կրթական հաստատություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրում և նյութատեխնիկական բազայի ապահովում, ինչպես նաև վերապատրաստման միջոցով ոսկեգործության վարպետների մասնագիտական ունակությունների ավելացում, ուսումնական պրակտիկայի կազմակերպում, ուսանողների մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին:

- Ինչպե՞ս եք գնահատում այսօր աշխարհում ոսկեգործության զարգացման տեմպերն ու ուղղությունները:

- Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծապես ազդեց նաև ոսկեգործության ոլորտի վրա, որը շատ զգայուն է ցանկացած տնտեսական տատանումների հանդեպ: Այսօր ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, նկատվում է որոշակի աճ: Սակայն սա դեռ նախադրյալ է, ճգնաժամից դուրս գալու մասին խոսելը դեռ վաղ է:

Բայց ոչ ոք չի փոխել տնտեսական զարգացման օրենքները. ցանկացած ճգնաժամին հետևում է վերելքը: Իսկ մենք` հայերս, պետք է պատրաստ լինենք դրան: Դրա համար, որպեսզի համապատասխանենք ժամանակակից պահանջներին, մենք AJA-ում հսկայական ուշադրություն ենք դարձնում կրթական ծրագրերին:
Այսօր չի կարելի խոսել ժամանակակից համաշխարհային ոսկերչական ոլորտի մասին` առանց հաշվի առնելու ակնհայտ փաստը, ինչպիսին է ժամանակակից տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը ոսկերչական իրերի արտադրության մեջ: Օրինակ` ներկայումս ոսկերչական ոլորտում կիրառվում են անգամ նանոտեխնոլոգիաներ: Այսպես` AJA-ի անդամներից մեկը` Լոս Անջելեսից Գագիկ Վարդանյանը, մշակում է նանո-փիրուզներ և այժմ փորձում է համանման նախագիծ իրականացնել նաև Հայաստանում:
Միաժամանակ ես վստահ եմ, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը ոսկերչական իրերի արտադրության ոլորտը չի կարող լիարժեք գոյություն ունենալ առանց դասական ձեռքի աշխատանքների, որոնք անփոփոխ ավելի բարձր են գնահատվում, և որոնցով մշտապես հայտնի են եղել հայ ոսկեգործները:

Մեր ավանդույթների պահպանության և սերնդեսերունդ փոխանցման նպատակով, ինչպես նաև երիտասարդներին ոսկեգործության վարպետություն ուսուցանելու համար, AJA-ն արդեն հիմնել է մի քանի կրթական կենտրոններ, որոնք գործում են Հայաստանում, Արցախում և Ռուսաստանում: Դրանցում սովորում են մոտ 20 երիտասարդ մասնագետներ: Նրանցից ոմանց աշխատանքները ավանդաբար ցուցադրվում են Yerevan Show-ի ժամանակ: Երիտասարդների հանդեպ նման ուշադրությունը տաղանդավոր վարպետներին թույլ է տալիս մասնագիտորեն առաջ ընթանալ և խթանում է նրանց հետագա ստեղծագործական աճը: Մեր կրթական կենտրոնների աշխատանքը ցույց է տալիս, որ եթե ստեղծվեն պայմաններ, ապա մեր երիտասարդ հայ ոսկերիչներն անկասկած կզարմացնեն աշխարհին: Ես դրանում անկեղծորեն համոզված եմ:
«168 ԺԱՄ»

Գովազդ
BANNER 300x250
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
Գովազդ
2014-10-21
Lugansk (2)
Դոնեցկից և Լուգանսկից 112 մարդ է ապաստանել Հայաստանում
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դոնեցկից և Լուգանսկից Հայաստան եկած հայերին տրվել է փախստականի կարգավիճակ: