Իշխանությունը լուծում է էֆեկտիվ իրավահաջորդի խնդիրը

Մեր թերթի նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ ըստ իշխանության վերնախավում շրջանառվող լուրերի, առաջիկայում իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ այդմ, մոտ ժամանակներս այդ նպատակով կստեղծվի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով:

Հարցի շուրջ մենք նախ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ընդդիմադիր մի քանի ուժերից մեկն էր, որը դեռևս 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ հանդես եկավ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու և ԱԺ մեծամասնական ընտրակարգը վերացնելու ու 100 տոկոս համամասնական համակարգին անցնելու առաջարկեով:

Ստեփան Սաֆարյանը նշեց, թե չի կարող այժմ ասել՝ սահմանադրական փոփոխությունների մասին պաշտոնական հայտարարության դեպքում ինչպիսի դիրքորոշում կորդեգրի «Ժառանգությունը», սակայն միաժամանակ ավելացրեց. «Իհարկե, կառավարման համակարգն էֆեկտիվ գործիք է, և խորհրդարանական կառավարման համակարգն ավելի մեծ պոտենցիալ ունի երկրի ժողովրդավարացման և բազմակուսակցական համակարգի կայացման առումով, բայց մի պայմանով` պետք է անցկացվեն ազատ և արդար ընտրություններ: Այսինքն` կկեղծվեն խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները, միևնույն է: Առանձնակի մեծ տարբերություն չկա, թե ով է երկիրը կառավարում, կեղծված նախագահական ընտրություններով ընտրված նախագահը, թե կեղծված ընտրություններով ձևավորված խորհրդարանի նշանակած վարչապետը»:

Հետևաբար, ըստ Ս. Սաֆարյանի, կառավարման ձևն աշխատում է համակցության մեջ, այսինքն` հիմնական նախապայմանն ազատ և արդար ընտրություններն են, իսկ դա, իր խոսքերով, «Հայաստանի հիմնական ողբերգությունն է»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այս տարբերակը, «Ժառանգության» ներկայացուցիչը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ երկիրն ունի իր հրամայականները, իսկ գործող իշխանությունն իր հերթին` իր մարտահրավերները, նրա խնդիրը 2018 թվականին իշխանության վերարտադրության հարցն է, և 4 տարին բավական քիչ ժամանակ է` այդ խնդիրը լուծելու համար, հետևաբար` հասկանալի է, թե ինչու են դա անում: Իշխող կուսակցությունն ինքը պիտի լուծի, այսպես ասած, էֆեկտիվ իրավահաջորդի խնդիրը, իսկ այն, որ համակարգի ներսում նախագահի արժանի թեկնածուներ չկան, ակնհայտ է, ում անունն էլ քննարկվի` վարչապետ, թե ԱԺ նախագահ, նրանցից որևէ մեկը շատ փոքր հնարավորություններ ունի երկրի նախագահ դառնալու:

Ուստի` իշխանությունը, կարծես թե, իրավահաջորդի շատ լուրջ խնդիր ունի, և այդ պատճառով` միգուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակն այն է, որ փոխարինվի կառավարման համակարգը, և նա նախագահից անցում կատարի դեպի ուժեղ վարչապետական իշխանություն»:

Նշենք, որ, ըստ նույն աղբյուրի, սահմանադրական փոփոխությունների իրականացման պաշտոնական բացատրությունը լինելու է այն, որ նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ Հայաստանի Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումից հետո անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել Եվրոպական միության երկրների օրենսդրությանը, քանի որ Ասոցացման համաձայնագրում կա այդպիսի կետ, ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն սկսելիս` իշխանությունը հղում է կատարելու հենց այդ կետին:
Այդ հնարավորությունը Ս. Սաֆարյանը չբացառեց` նշելով, որ երկրի ավտորիտար ռեժիմը ջարդելու ձևերից մեկը հենց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն է: «Չեմ բացառում, որ դա լինի Ասոցացման համաձայնագրի պայմաններից մեկը:

Այն, որ Հայաստանն Ասոցացման համաձայնագրով ստանձնելու է չափազանց խորը բարեփոխումներ կատարելու պարտավորություն, դա փաստ է: Բայց, ներեցեք, որքան էլ միջազգային հանրությունը, այս կամ այն շահագրգռությունից ելնելով, Հայաստանի ընտրությունները ճանաչի միջազգային չափանիշներին համապատասխանող, միևնույն է, միջազգային հանրությունում դիվանագետները հիմար չեն, որ չհասկանան` մի երկրում, որտեղ 20 տարի շարունակ իշխանությունը չի փոխել ընտրություններով, չի կարող խոսք լինել ժողովրդավարության մասին: Հետևաբար, եթե խոսքը վերաբերում է Եվրոպայի չափանիշների, այսպես ասած, խորքային, բովանդակային արմատավորմանը, ապա, բնականաբար, Հայաստանը պիտի ստանձնի շատ լայն պարտավորություններ»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Իսկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, մեզ հետ զրույցում խոսելով վերոհիշյալ տեղեկության մասին, կարծիք հայտնեց, թե նման հարցերը չեն քննարկվում «հընթացս և համատեքստից կտրված», ու կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա:

«Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ` դեռևս վաղաժամ է խոսել»,- ասաց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը:

Իսկ մեր հարցին, թե ընդհանրապես կա՞ անհրաժեշտություն` նման սահմանադրական փոփոխություններ կատարելու համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այո՛, կա»: Ըստ նրա` այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն երկրի ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
«Կարծում եմ` նաև մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով և ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված` անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք` որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ, ըստ վերոնշյալ աղբյուրի, սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառանալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, գործող նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը:

Եթե կա սահմանադրական փոփոխությունների կամ դրանց վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն, սակայն դրանք միայն նպաստելու են գործող իշխանության վերարտադրմանը, դա ի՞նչ կտա երկրի ժողովրդավարության զարգացմանը: Մեր այս հարցին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ձեր հարցադրումն ավելի նման է «Կիկոսի մահին»: Ինձ թվում է` դա շատ հեռու է իրականությունից, և նման խնդիր որևէ մեկի կողմից դրված չէ»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս