Բաժիններ՝

Ձմերուկի բուժիչ հատկությունները

Բնության մեջ հանդիպող ձմերուկի բազմաթիվ տեսակներից մարդը հայտնաբերել և սկսել է մշակել քաղցր տեսակը, որի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Մշակվել է հին Եգիպտոսում, Ք.ա. 1500թ. հայտնի է եղել Փյունիկիայում։ Ք.հ. 10-րդ դարում ձմերուկը սկսել են մշակել Չինաստանում. մեր օրերում այս երկիրը առաջատար դիրք է գրավում ձմերուկի արտահանման ծավալներով։ Այդ ժամանակներից մինչև մեր օրերը չինացիները նշում են Ձմերուկի տոնը։ Հնագույն ժամանակներից մշակվել է Փոքր Ասիայում, Պարսկաստանում, պատմական Հայաստանում։ Թուրքիան և Իրանը ձմերուկի արտահանման ծավալներով գրավում են 2-րդ և 3-րդ տեղերը, սակայն զիջում են Չինաստանին մոտ 20 անգամ։

Եվրոպա է տարվել Խաչակրաց արշավանքների շրջանում, իսկ 13-14-րդ դարերում` թաթարների արշավանքների շրջանում, հայտնի է դարձել նաև Ռուսաստանի հարավում։ Ի դեպ, պահպանվել են տեղեկությոններ, որ Կիլիկիայում մշակվող սեխը և ձմերուկը աչքի են ընկել իրենց բարձր համային որակներով։
Ընդամենը 8 տարի առաջ չինացի ֆերմերները կարողացան լուծել մի շատ կարևոր հարց` ստացան խորանարդի ձև ունեցող հատապտուղներ, ինչի շնորհիվ նույն տարողության փոխադրամիջոցն հնարավոր դարձավ բարձել ավելի մեծ քանակի մթերք։ Նրանք կրկնել են հայտնի գյուտարար Ջորջ Սթիվենսոնի փորձը (19-րդ դարի սկիզբ), որը ապակյա գլանի միջոցով շտկում էր վարունգի ձևը, սակայն, ի տարբերություն անգլիացու, կիրառել են սնամեջ խորանարդ տարաներ։
Պարսկերենում բույսը կոչվում է «Xarbuza» այդ անվանումը պահպանվել է որոշ ազգերի լեզուներում։

Ձմերուկի քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները
Դդմազգիների ընտանիքին պատկանող, միամյա, միատուն խոտաբույս է։ Ցողունները սողացող, արմատակալող, ճյուղավոր բեղիկներով, մինչև 3 մ երկարության հասնող «մտրակներ» են։

Տերևները խոշոր են, եռաբաժան կամ հնգաբաժան։ Ծաղիկները միասեռ են, կանոնավոր, բաց դեղին գույնի։ Առէջներից 4-ը զույգ առ զույգ ձուլված են, իսկ 5-րդը ազատ է։
Ծաղկման շրջանը տևում է առնվազն 1 ամիս, ծաղկում է հունիս-հուլիսին։ Այդ ընթացքում յուրաքանչյուր ծաղկի ներսում արտադրվում է 0,5-0,7 մգ շաքար։ Մեղուները վերցնում են նաև վնասված պտուղների հյութը։ 1 հա ձմերուկի բոստանի մեղրատվությունը 15-20 կգ է։ Մեղրը դեղնավուն է, արագ բյուրեղացող։
Պտուղը հատապտղատիպ «դդում» է։ Հասունանում է օգոստոս-սեպտեմբերին։
Կան ձմերուկի բազմաթիվ տեսակներ, որոնք տարբերվում են հատապտղի չափերով, պտղամսի և սերմի գույնով, կեղևի երանգով, «գծագրով» և «հաստությամբ»։
Կալահարի կիսաանապատի բնակլիմայական պայմաններում պահպանված ձմերուկի հատապտղի քաշը մոտ 200 գ է, իսկ մեր մոլորակի վրա աճեցրած ամենախոշոր ձմերուկը կշռել է 191 կգ։

Կարդացեք նաև

Կան հատապտուղներ, որոնց տրամագիծը 12 սմ է, իսկ կեղևը շատ բարակ է և ուտելի. դրանք անկորիզ են։

Հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ (80-86 տոկոս) ջուր, հեշտ յուրացվող ածխաջրեր։ Թարմ ձմերուկի մեջ շատ է ֆրուկտոզը, կա նաև զգալի քանակությամբ գլյուկոզ։ Պահպանման ընթացքում սկսում է ավելանալ սախարոզի քանակը։

Ձմերուկը պարունակում է 0,7 տոկոս պեկտինային նյութեր և մոտավորապես նույն քանակի սպիտակուցներ, նաև ոչ մեծ քանակությամբ բջջանք։
Պտղամիսը հարուստ է մագնիումով` 215 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև կալցիում` 14 մգ, ֆոսֆոր` 75 մգ, երկաթ` 1 մգ։ Կալիումի` 64 մգ, և նատրիումի` 16 մգ, փոխհարաբերությունը ցածր է (K:Na=4:1)։

Զգուշացում։ Ձմերուկի կալորիականությունը (38 կկալ 100 գ մեջ) ցածր է, սակայն ունի կշտացնող ազդեցություն։ Ձմերուկով ճաշելիս 2 ժամ առաջ և հետո խորհուրդ չի տրվում ուտել աղի ուտեստներ։ Աղը կապում է հեղուկը օրգանիզմում, ինչի հետևանքով «ջրաշատ» ձմերուկը կարող է այտուցվածության պատճառ դառնալ և խոչընդոտել սրտի բնականոն աշխատանքին։ K:Na փոխհարաբերակցության բարենպաստ արժեքը հավասար է քսանի, ուրեմն ձմերուկի սիրահարներին խորհուրդ է տրվում ընդգրկել սննդակարգում կալիումով հարուստ մթերքներ` չամիչ (860 գ` 100 գ հումքի մեջ), սպանախ (775 մգ), ոլոռ (770), սպիտակ սունկ (450), դեղձ (365), խնձոր (280), ծիրան (305) ու ծիրանի չիր և այլն։
Ձմերուկի պտղամիսը պարունակում է 0,1-0,7 մգ կարոտին, 0,7-20 մգ ասկորբինաթթու, B1, B2, PP (նիացին), ֆոլիաթթու։

dzmeruk (2)

Սերմերի մեջ կան մինչև 25-30 տոկոս ճարպաթթուներ` լինոլի, լինոլենի, պալմիտինի. ըստ ֆիզ-քիմիական հատկությունների` ձմերուկի յուղը նման է նշի յուղին, իսկ համով` ձիթապտղի յուղին։

Բուժում է ձմերուկի սերմը
Հակահելմինտային. Չորացրած սերմը աղացեք կամ փոշիացրեք, խառնեք եփած կաթի հետ` 1։10։ Խմեք 200-ական մլ նախաճաշից 1 ժամ և քնելուց 2 ժամ առաջ։

  • Հավանգով տրորեք սերմը, 100 գ հումքը լցրեք 1 լ սառը ջրի մեջ, 45 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
  • Կերեք ձմերուկի սերմի թարմ կամ չորացրած միջուկը նախաճաշից առաջ։
  • Խառնեք դդումի և ձմերուկի սերմի միջուկները (6։1)։ 350 գ հումքին ավելացրեք 20 մլ բռնչի սովորականի թարմ հյութ և 10 գ մեղր։ Կերեք 125-ական գրամ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
  • Վերականգնող թերապիա. Խմեք 200-ական մլ դդումի և ձմերուկի թարմ հյութերի խառնուրդ (2։1) օրը 3 անգամ, ուտելուց 2 ժամ առաջ։

Շարունակեք 2 շաբաթ։ Մաքրում է աղիները թունավոր նյութերից, կարգավորում է նյութափոխանակությունը։

Քարեր երիկամներում. 10 գ փոշիացրած սերմը լուծեք 90 մլ գոլ (նախօրոք եփած) ջրում։ Խմեք 25-ական մլ օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 7-14 օր, խորհրդակցեք բժշկի հետ, անցեք համապատասխան բուժզննում։
Ցիստիտ, նեֆրիտ, միզաքարային հիվանդություն. Տրորեք սերմը, 30 րոպե թրմեք կաթի մեջ (1։10), քամեք։ Խմեք 100-ական մլ ընթրիքից 1 ժամ առաջ և հետո։ Խորհուրդ է տրվում նաև ներքին արյունահոսությունների դեպքում։

Ձմերուկի պտղամսի և հյութի բացառիկ առանձնահատկությունները

Հայտնի է, որ ձմերուկը իր միզամուղ հատկություններով գերազանցում է բոլոր այլ բույսերին։ Ընդ որում, նման հատկություն ունի ոչ միայն քաղցր պտղամիսը, այլ նաև կեղևը, որը չորացրած վիճակում պահպանում է իր օգտակար հատկությունները ավելի քան մեկ տարի։

Ձմերուկի հյութը տրոհում, լուծում և հեռացնում է թույները լյարդից։ Խորհուրդ է տրվում սննդային թունավորումների, հակամանրէ և այլ դեղերով բուժման ընթացքում, նարկոզ տարած անձանց։
Սակայն ձմերուկի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ ձմերուկը գրեթե չի պարունակում բնական թույներ, ինչով և տարբերվում է մնացած պտուղ-բանջարեղենից։

Փոխարենը պտղամսում շատ են ալկալիները, և դա է պատճառը, որ բժիշկ նեֆրոլոգները խորհուրդ են տալիս ուտել ձմերուկը կամ խմել հյութը ուրատային և օքսալատային քարերի առաջացման վտանգի և առկայության դեպքում։ Օքսալատային և մարջանանման (սուր ծայրերով) քարերի դեպքում ձմերուկի օգտագործումը պետք է սահմանափակել։
Միզաքարային հիվանդություն, ցիստիտի և նեֆրիտի սուր շրջան. Կերեք օրվա ընթացքում 2 կգ ձմերուկ կամ խմեք 400 մլ հյութ 2 թ/գ մեղրի հետ։
Ոչ պակաս արժեքավոր միզամուղ է կանաչ կեղևի տակ գտնվող սպիտակ պտղամիսը, որը մենք, որպես օրենք, նետում ենք։ Դրանից ստացված հյութի մեջ շատ քիչ են հեշտ յուրացվող ածխաջրերը։ Ազդեցիկ միզամուղ է, չի կարելի խմել օրը 100 մլ-ից ավելի, որպես օրենք խառնում են այլ (օրինակ` խնձորի) հյութերի հետ։

Սպիտակ շերտը կարելի է չորացնել և պատրաստել ջրային թուրմ։ Մշակվում են ձմերուկի հաստակեղև տեսակներ, որոնց կեղևի սպիտակ շերտից ցուկատներ են պատրաստում։
Իր արյունաստեղծ հատկություններով ձմերուկը զիջում է միայն ծիրանին, սպանախին և հազարին։

Ձմերուկը պարունակում է նաև «ցիտրուլին», որը լայնացնում է արյունատար անոթները և օգտակար է տղամարդկանց համար, նաև ամինաթթու արգինին, որն օգտակար է սրտին ու նպաստում է դիմադրողականության բարձրացմանը։

Ձմերուկը անփոխարինելի է որպես մագնիումի մատակարար
Չափահաս մարդու օրգանիզմը պարունակում է 25 գրամ մագնիում։ Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրը 400 մգ մագնիում։
Մագնիումի 70-90 տոկոսը կենտրոնացած է ուղեղի, մակերիկամների, սեռական գեղձերի, արյան կարմիր գնդիկների բջիջներում։

Մագնիումը կանխարգելում է կալցիումի կուտակումը սրտամկանի և ոսկրային մկանների վրա ու խոշոր արյունատար անոթների պատերին, նպաստում է դրանց ճկունության (առաձգականության) պահպանմանը։ Ըստ վիճակագրության` սրտամկանը «ճաք» է տալիս այն հատվածում, որտեղ կա մագնիումի սակավություն։

dzmeruk (3)

Պարզված է նաև, որ մագնիումն ունի խոլեստերինի մակարդակը և բաղադրությունը կարգավորող հատկություն` նվազեցնում է «վատ» խոլեստերինը և նպաստում «լավի» ավելացմանը, ինչի շնորհիվ կանխարգելում է քարերի առաջացման վտանգը լեղապարկում։

Կարևոր է իմանալ, որ ձմերուկը մագնիումի պարունակությամբ գերազանցում է բոլոր այլ բուսական մթերքներին։ Մագնիումով հարուստ են ցորենի թեփը (438 մգ 100 գ հումքի մեջ), ընկույզը (198 մգ), պնդուկը (172), վարսակի ձավարը (116), ծիրանի չիրը և ոլոռը (մոտ 107), կանաչ լոբին (103), սև շլորաչիրը (102), կորեկը (83)։

Բուժում է ձմերուկի կանաչ կեղևը
Բուժման համար պետք է ընտրել նիտրատներ չպարունակող, էկոլոգիապես մաքուր վայրերում աճեցրած, հասունացած հատապտուղները։

Նիտրատների առկայության դեպքում, պտղամսի քերուկը հաղորդում է ջրին կարմիր երանգ, նման հատապտուղը պիտանի չէ ոչ միայն բուժման, այլ նաև ուտելու համար։ Եթե պտղամիսը ընկղմելիս ջուրը պղտորվում է (առանց գույնը փոխելու), ապա չորացրեք կանաչ կեղևը ջեռոցում (50-60 աստիճան C) և օգտագործեք բուժման համար։
Հեպատիտ, խոլեստերին. Մանրացրեք չորացրած կանաչ կեղևը։ 1 ճ/գ 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք, խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Ավազ, մանր քարեր լեղապարկում. Փոշիացրեք չոր կանաչ կեղևը, լուծեք գոլ (նախօրոք եռացրած) ջրում (1։9)։ Խմեք 25-ական մլ` օրը 4 անգամ։
Մաստոպատիա. Փոշիացրած կեղևը խառնեք զտված (նախօրոք եռացրած) ջրի հետ, թանձր շիլան դրեք կրծքին և ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ, օրումեջ։ Հանեք առավոտյան։
Զգուշացում։ Ձմերուկը կլանում է մթնոլորտից մեքենաների արտանետած վնասակար նյութերը, ծանր մետաղները։ Հատկապես բուժման համար նախատեսված հատապտուղները ձեռք բերեք անմիջական արտադրողից (բոստանից)։ Կարևոր է իմանալ, որ ձմերուկի պահպանման ժամկետը բավական կարճ է։

Նիհարեցնող սննդակարգ
Պետք է ուտել միայն ձմերուկ, իսկ թե որքան` կախված է ձեր քաշից։ Բանաձևը հետևյալն է. 1-ական կգ յուրաքանչյուր 10 կգ քաշին։ Օրինակ` 70 կգ քաշի դեպքում չի կարելի ուտել 7 կգ-ից ավելի։ Համապատասխան քանակությունը պետք է ուտել 24 ժամվա ընթացքում փոքր չափաբաժիններով օրվա ցանկացած ժամի։ Կարելի է խմել սովորական ջուր, կանաչ թեյ կամ 7-8 ծիրանի չրի թուրմ։ Տևողությունը չի կարող գերազանցել 5 օրը։ Բավական ծանր սննդակարգ է, կան հակացուցումներ և բազմաթիվ առավելություններ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Զգուշացում։ Ձմերուկի պտղամիսը (հյութը) հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա խոցի սրացման, սուր կոլիտի, արյան շրջանառության խանգարան դեպքում։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս