Բաժիններ՝

Ադրբեջանական հաքերային ո՞ր խմբավորումներն են հարձակվում հայկական կայքերի վրա

Հուլիսին ընդհանուր առմամբ 136 կայք է կոտրվել, որոնցից 87-ը՝ հուլիսի 16-ի գիշերը: Հիմնական հարձակումները հայկական կայքերի վրա կատարվում են ադրբեջանական հաքերային խմբավորումների կողմից: Իսկ թե ո՞ր կայքերն են կոտրվել հուլիսին, կարող եք իմանալ ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության ինտերնետային կայքի վիճակագրության բաժնում սեղմելով հուլիս ամսվա վրա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինֆորմացիոն անվտանգության փորձագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը` նշելով, որ վիճակագրության տվյալների համաձայն՝ հուլիսի 16-ին հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումն իրականացվել է ադրեբեջանական երկու` Sexavet և AkaStep հաքերային խմբավորումների կողմից:

Առաջինը, ըստ կազմակերպության վիճակագրական տվյալների` 340 հայկական կայք է կոտրել, որոնցից 128-ը` անհատական, իսկ մնացածը զանգվածային հարձակման զոհ են դարձել: Երկրորդ խմբավորումը կոտրել է ընդհանուր առմամբ 345 հայկական ինտերնետային կայք, որոնցից 113-ը` անհատական, իսկ մնացյալը` 232-ը, զանգվածային հարձակման զոհ են դարձել:

Հուլիս 16-ի գիշերը կոտրված 87 կայքերի մի մասը ստեղծվել են կայքերի նախագծմամբ զբաղվող ընկերությունների կողմից, որոնցից են Studio-One, eWorks, Smart Systems ընկերությունները, սակայն կոտրված կայքերի թվում են նաև անհատ ծրագրավորողների կողմից ստեղծված կայքերը, որոնք հիմնականում արդեն մի քանի տարի չեն թարմացվել:

«Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և անհրաժեշտ է լինել մեկ քայլ առաջ անվտանգության հարցերում: Սակայն շատ կարևոր է հիշել, որ անվտանգության բուն նպատակը ոչ միայն անվտանգության կանոններ ստեղծելն է, այլ նաև դրանց հետևելը»,- ասաց Ս. Գևորգյանը:

Կարդացեք նաև

Կազմակերպության տնօրենը նշեց նաև, որ կազմակերպության պաշտոնական կայքում գործում է այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս անվճար գրանցել Ձեր կայքը, և կազմակերպության տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցը կկապվի Ձեզ հետ նշված վեբ-կայքի վրա կիբեր-հարձակման մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում: Սա Ձեզ թույլ կտա լինել տեղեկացված և գործել օպերատիվ՝ Ձեր վնասված կայքը վերականգնելու և խնդիրները վերացնելու նպատակով որևէ գործողություն ձեռնարկելու համար:

Հարձակումների հնարավոր պատճառների և անվտանգության գործիքների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ առաջիկայում` ինֆորմացիոն անվտանգության փորձագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հետ 168.am-ի ամբողջական հարցազրույցում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս