Ամբաստանյալը պատմեց, թե ինչու է որպես թիրախ ընտրվել հենց Պարույր Հայիկյանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի գործով դատական նիստը: Դատարան ներկայացել է նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը:

Նա պատմեց, որ Վարդան Սեդրակյանին ծանոթ է վաղուց, 2011 թվականից աշխատում է նրա հետ, սակայն մի քանի անգամ Սեդրակյանն իրեն պայմանավորվածից պակաս է վճարել: Այդ իսկ պատճառով որոշել է «իրա հանդեպ վատություն անել»: Սկզբնական շրջանում ամբաստանյալը, որպես թիրախ, որոշել է ընտրել Վարդան Սեդրակյանի մտերիմներից մեկին, սակայն չի ստացվել, և որոշել են ընտրել այնպիսի մարդու, որ աղմուկ բարձրանա: Ամբաստանյալն ասաց, որ Պարույր Հայրիկյանի փոխարեն կարող էր ընտրվել մեկ այլ անձ, սակայն, քանի որ վերջինս ճանաչված մարդ է, և բարձրացած աղմուկն ավելի շատ կլիներ, ընտրվել է նա: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն ասաց նաև, որ պլանավորած գործողությունն իրականացնելուց հետո ինքը Վարդան Սեդրակյանից գումար պիտի պահանջեր. «Ասելու էի՝ գումարները տո՛ւր, թե չէ կասեմ՝ դու ես ասել»:

Ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Նա պատասխանեց միայն դատավոր Գագիկ Պողոսյանի մի քանի հարցերին: Պատասխանելով վերջինիս հարցին՝ նա ասաց, որ ինքը Հայրիկյանին վախեցնելու նպատակ չի ունեցել, ցանկացել է աղմուկ բարձրացնել: Դատավորի հարցին պատասխանելով՝ Սամվել Հարությունյանն ասաց, որ Վարդան Սեդրակյանն իրեն պարտք էր մոտ 5000 դոլար:

Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական բոլոր ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս