Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանի կոչը ՀՀ կառավարությանը՝ «Մի հայտնվեք մեր ճանապարհին» (տեսանյութ)

Մի քանի տարի առաջ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետներից մեկը մասնավոր մի զրույցում հետաքրքիր դիտարկում կատարեց: Նա ասաց. «Քանի դեռ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ, օլիգարխներ չէին հասկացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «գրավչությունն» ու շահավետությունը՝ ոլորտը մեծ տեմպերով զարգանում էր, հենց մի քիչ հասկացան՝ սկսեցին «փայ մտնել», խանգարել, ոլորտն ապականել»:

Երեկ՝ հունիսի 21-ին, ամենամյա կազմակերպվող «ԴիջիԹեք Բիզնես-ֆորումի» բացման արարողության ժամանակ կարևոր հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով, արդեն երրորդ տարին է՝ ուրախությամբ մասնակցում է ֆորումին, որի ընթացքում  ծանոթանում է Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումներին: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը դերակատարում ունի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցում, քանի որ ամերիկյան կազմակերպությունները սերտորեն աշխատում են հայ գործընկերների հետ, այդ թվում՝ Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում:

Հիշեցնենք, որ Ջ. Հեֆերնը 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցում էր ԱՄՆ կատարած այցի ընթացքում, այդ թվում՝ Սիլիկոնային հովտի ձեռնարկություններում: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում` Սիլիկոնային հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել էր Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը, Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագիր էր ստորագրվել: Վենչուրային այդ հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին պետք է հնարավորություն ընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիությունը: Ավելին, ստորագրվել էր նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիրը:  2012թ. դեկտեմբերին  Սիլիկոնային հովտում տեղի ունեցած ArmTech համաժողովի ընթացքում Տ. Սարգսյանը և հայաստանյան ՏՏ ոլորտի մասնագետները  հանդիպեցին տեխնոլոգիական հսկաների՝ Google, IBM և Intel ընկերությունների ղեկավարության հետ: Intel ընկերության հետ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: IBM-ի հետ ձեռք բերվեցին որոշ համաձայնություններ: Այդ ամենը պետք է որ հնարավորություններ ստեղծի՝  հայաստանյան մարդկային գիտական ներուժը հասցնելու միջազգային ասպարեզ:

Եվ ահա այսօր, «ԴիջիԹեք Բիզնես-ֆորումի» բացման արարողության ընթացքում իր ելույթում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով ՀՀ կառավարության ղեկավարի հետ մասնակցել է ամերիկյան այցերին, ուշագրավ հայտարարություն է արել: Կարևորելով ՀՀ կառավարության դերակատարումը  ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման հարցում, նա ասել է. «Սա ևս մի օրինակ է, թե ինչպես են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները ցուցադրում Հայաստանի հաջողությունը և ուժը այս դաշտում: ԱՄՆ-ը դեր ունի այստեղ, մեր ընկերությունները շատ ակտիվ են: Ես և վարչապետը նախորդ տարի մասնակցում էինք հայկական տեխնոլոգիաների համաժողովին, և դա հիանալի օրինակ էր, թե ինչպես են ամերիկյան կազմակերպությունները և Սիլիկոնային հովիտը, որի մասին նշեց պարոն վարչապետը, սերտորեն համագործակցում հայ գործընկերների հետ այս ոլորտում»,- ասել է դեսպանը: Ջոն Հեֆերնը խոսել է նաև այն մասին, թե ինչ դասեր է քաղել անցյալ տարի Կալիֆոռնիայում` շփվելով ՏՏ սեկտորի հետ, և հիշեցրել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, թե ինչ դերակատարում ունի Սիլիկոնային հովիտը` որպես մոդել այն ամենի համար, ինչ Հայաստանը ցանկանում է անել այդ ոլորտում:

«Սակայն, բացի դրանից, երկրորդ հարցը, որին ես կուզենայի անդրադառնալ, այն է, որ մենք պարզապես ուզում ենք, որ կառավարությունը  ՏՏ սեկտորին չմիջամտի, մենք ցանկանում ենք ինքներս մեր բիզնեսն իրականացնել, մենք ցանկանում ենք իրականացնել մեր գործընկերությունը, և կուզենայինք, որ կառավարությունը չխառնվի այս ամենին: Կարծում եմ` սա կարևոր ուղերձ է` Հայաստանում անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու առումով, որը թույլ կտա փոքր բիզնեսներին, սկսնակներին փորձել ստեղծել իրենց բիզնեսը»,- մասնավորապես նշել է  Ջոն Հեֆերնը:

Ըստ դեսպանի՝ դրա համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր, հատկապես՝ սկսնակ ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի համար: Իսկ սկսնակ, նորաստեղծ ձեռնարկությունների (ստարտ-ափ) և վենչուրային կապիտալի զարգացման, և առհասարակ՝ ՏՏ ոլորտում մասնագիտանալու համար ԱՄՆ դեսպանը խորհուրդ է տվել հատկապես ուսումնասիրել Սինգապուրի փորձը: Ջ. Հեֆերնը նաև ուշադրություն է հրավիրել մտավոր սեփականության իրավունքի հարցերի նկատմամբ՝ նշելով, որ ՏՏ ոլորտն ամենանորարարը և ամենաստեղծագործն է, ուստի շատ կարևոր է գիտակցել և խթանել մտավոր սեփականության ստանդարտների կիրառումը: ՏՏ ոլորտի մասնագետների և ԱՄՆ դեսպանի տեսակետները որոշակիորեն համընկնում են. երկուսն էլ ՀՀ իշխանություններին կոչ են անում այդ ոլորտից հեռու մնալ և չխանգարել, առավել ևս, եթե չեն օգնում: Եվ խոսքը, թերևս, միայն արևմտյան ներդրումների ներգրավման, սկսնակ, փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման մասին չէ, այլև ոլորտի ընդհանուր զարգացման, օլիգարխիային ոլորտից զերծ պահելու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս