Ինչո՞ւ արտագաղթը չի վախեցնում Գալուստ Սահակյանին

Հուլիսի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձի՝ տասը հազար դրամով բարձրացում: Արդյո՞ք դա բավարար է ներկայիս գնաճը մեղմելու համար: Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-իլրագրողը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

Վերջինս նշել է, որ էական նշանակություն չի ունենա, բայց ինչ-որ նշանակություն կունենա: «Բնականաբար, բոլորս էլ՝ և՛ ժողովուրդը, և՛ մենք ավելի շատ ցանկանում ենք, քան հնարավորությունները կա: Հնարավորությունն առայժմ այդքան է, եթե հնարավորություն լիներ, ավելի շատ կբարձրացվեր»: ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե տնտեսական աճի մասին է խոսվում, բայց արտագաղթողների թիվն օրեցօր ավելանում է,  Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Արտագաղթն ինձ չի վախեցնում, որովհետև մեր ազգային ճակատագիրն այնպիսին է, որ դա անընդհատ  պրոցեսների մեջ ենք տեսնում, ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր գնում են տարբեր պատճառներով, ուրեմն հայրենիքը կորցնում ենք, առավել ևս կարծում  եմ, որ պետք է հայրենիքին օգտակար լինել:

Շատերը գնում են մի երկու տարով, ապրում են լավ պայմաններով, նորից հետ են վերադառնում»,-նշել է Սահակյանը: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե շուկայում առկա բարձր գնաճն արդյոք մտահոգիչ և արտագաղթի դրդող առաջնային պատճառ չեք համարում, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ գնային պայմաններն օդից չի լինում. «Որևէ տեղից մանանաներ չեն թափվում, ինչպիսի տնտեսություն ունենք, այնքան էլ կարողանում ենք արժևորել մեր առօրյան: Գները հնարավոր չի կառավարելի լինի, որովհետև, վերջին հաշվով, գները ստեղծում են մեր ազգակիցները՝ նրանք արտադրում են, նրանք էլ վաճառում են, վաճառում են այնքանով, որքանով հնարավոր է լինում և՛ բիզնես աշխատեցնել, և՛ աշխատողներ պահել, այնպես որ էնպես չի, որ ամեն ինչը դաժան վիճակում է և ելքեր չկա»:  ԳԱԼԱ-ի մյուս հարցին, թե չեք կարծում, որ ստեղծված տնտեսական վատ պայմանների պատճառներից մեկը մենաշնորհային տնտեսությունն է, ԱԺ  պատգամավորը պատասխանել է. «Իհարկե, կարծում եմ, դա ամենաբացասական երևույթներից մեկն է, և կարծում եմ, որ մեր ուղղվածության ամբողջ մի մասը պետք է դրան ուղղված լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցը եզրափակել է Գալուստ Սահակյանը:

ԳԱԼԱ

Տեսանյութեր

Լրահոս