«Նիկոլը պետք է հիշի, թե քանի տարի ենք մենք պայքարել իր ազատության համար, կռիվ տվել այս իշխանությունների դեմ». Զոյա Թադևոսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր անդրադառնալով այն հարցադրումներին, թե ինչո՞ւ չի անդամագրվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, հայտարարել է. «Անդամագրվեի, գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞։ Անկեղծ ասած, Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երազել»:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը նախ՝ նշեց, թե չէր պատկերացնի, որ կգա մի ժամանակ, երբ ինքն ու Նիկոլ Փաշինյանը քաղաքական հակադիր կողմերում կգտնվեն, ապա ավելացրեց. «Ուզում եմ չհավատալ, որ Նիկոլը հակադիր կողմում է գտնվում: Առանձնակի ջերմությամբ եմ վերաբերվել նրան: Բայց այդ արտահայտություններն անելիս՝ Նիկոլը պետք է հիշի, թե քանի տարի ենք մենք պայքարել իր ազատության համար, կռիվ տվել այս իշխանությունների դեմ: Նիկոլից նման մեկնաբանություն, անկեղծ ասած, չէի սպասում»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի կառուցած եկեղեցում աղոթելուն, Զոյա Թադևոսյանը նշեց, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում շատ կարևոր գործեր է իրականացնում, ու աղոթելը քաղաքական դաշտում չպետք է դիտարկվի. «Ամեն հայ քրիստոնյա պարտավոր է աղոթել` քնից կենդանի արթնանալու համար, հացն ուտելու համար, լավ քաղաքացի լինելու համար… Աղոթելը  վատ բան չէ, բայց քաղաքական մեր պայքարը աղոթքով չի սկսվում ու ավարտվում: Մենք շատ ավելի կարևոր գործեր ենք անում, որտեղ Նիլոլը պետք էր»: Զ. Թադևոսյանը շեշտեց, որ եթե եկեղեցու` Աստծո տաճարի, օծման արարողությանը հրավիրում են քաղաքական ուժին, որը մասնակցում է եկեղեցու բացմանը, դա սկզբունքային շեղում չէ քաղաքական պայքարից: «Եկեղեցում ներկա լինելը ես չեմ նույնացնում ՀԱԿ-ի գործունեության հետ: ՀԱԿ-ը եղել ու մնում է միակ ընդդիմադիր քաղաքական ուժը, որը բոլորը գիտեն: Իսկ այդ պարզունակ քննադատություններով մեզ փորձում են դուրս բերել այս հարթությունից»: Նա նշեց, որ Ն. Փաշինյանին բոլորը սիրով են վերաբերվում, բանսարկություններ, ինչպես ինքն է ասել, երբևէ չեն արել, ու նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ իրենցից է հեռանում: Զ. Թադևոսյանի խոսքով, եթե ՀԱԿ-ում եղել են գաղափարներ, որոնց հետ պատգամավորը չի համաձայնել, ապա պետք էր ներսում շտկել հարցը և ոչ թե՝ «դուռը շրխկացնել ու դուրս գալ տանից»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե իր գործընկերները բանսարկություններով են զբաղվում, ու նշել էր. «Ընթերցողը չի էլ հավատա, բայց ՀԱԿԿ երիտասարդներին հավաքում, ժողով են անում և համոզում, բացատրում, պնդում, թե ես ծախվել եմ, թե Սերժի մարդն եմ, թե Գասպարյան Վովայի մարդն եմ, Աբրահամյան Հովիկի մարդն եմ, հիմա էլ Տիգրանին են մեջ գցել Սարգսյան: Ախր ի՞նչ ասեմ էդ մարդկանց: Կներեք, բայց դրանք ո՞վ են, որ ես իրենց մարդը լինեմ»: Այս առնչությամբ Զ. Թադևոսյանն ասաց, որ ՀԱԿ երիտասարդները կայացած քաղաքացիներ են ու չեն կարող դառնալ գործիք: Մեր հարցին, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո անդամագրվի ՀԱԿ կուսակցությանը, Զ. Թադևոսյանը պատասխանեց` «Հավանականը չգիտեմ, բայց ցանկալի է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս