Բաժիններ՝

ՇՏԱՊ. Սրտերի վալետը կերել է բոլոր կոտլետները

Պատկերացրեք, որ պաղպաղակի ընտրությունը Հայաստանում սահմանափակվեր ընդամենը երեք ընկերությունների արտադրանքով: Ընդ որում, այդ ընկերություններից մեկը շատ համեղ պաղպաղակներ պատրաստեր, մյուսը՝ միջին որակի, հաճախ` նույնիսկ վատ: Իսկ երրորդի արտադրանքն այնքան վատը լիներ, որ ամեն անգամ ուտելուց հետո մի շաբաթ անցկացնեիք զուգարանում:

Երևի դժվար չէ կռահել, որ եթե դուք, հարգելի ընթերցող, չեք տառապում մազոխիզմի ծայրահեղ դրսևորումներով, ապա մեկ անգամ նշածս երրորդ գործարանի պաղպաղակը ուտելուց հետո, այլևս երբեք նման բան չեք կրկնի: Ավելին, ձեր ծանոթներին էլ կզգուշացնեք, որ հանկարծ ու հանկարծ չուտեն այդ պաղպաղակը: Դժվար չէ ենթադրել, որ այդ ամենից հետո մշտապես կգնեք առաջին գործարանի արտադրանքը, իսկ երկրորդին կդիմեք միայն այն պահերին, երբ այլևս այլընտրանք չլինի:

Երբ պաղպաղակի մասին եմ խոսում, թերևս, վիճելու ցանկություն չի առաջանում: Բոլորս էլ ուզում ենք սպառել որակյալ ապրանք ու չենք ուզում անորակ ապրանքի կամ վատ ծառայության պատճառով հետո երկար ժամանակ ուշքի գալ:

Թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, թե ինչո՞ւ եմ ես այսքան ժամանակ անիմաստ ձեզանից ժամանակ խլում, տափակ և պարզ այս մտքերը ժամերով ծամծմում: Բանը նրանում է, որ լրիվ նույն տրամաբանությունը, ենթադրաբար, պետք է աշխատեր նաև լրատվության ոլորտում, բայց, չգիտես` ինչո՞ւ, չի աշխատում: Լրատվամիջոցների դեպքում մենք համառորեն թունավորվում ենք, բայց շարունակում ենք ուտել նույն` փորլուծություն առաջացնող արտադրանքը:

Կարդացեք նաև

Ո՞րն է լրատվամիջոցների արտադրանքը: Տարբեր տեսակի նորությունների, բամբասանքների տարածո՞ւմը: Թերևս` ոչ, քանի որ շենքերի բակերում նստած տատիկները միանշանակ շատ ավելի օպերատիվ, բովանդակալից և խորը ուսումնասիրություններ են կատարում և դրանք տարածում կայծակնային արագությամբ:

Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով: Կարծում եմ, լրագրողի գործը ոչ միայն ձեռքի տակ հայտնված տեղեկատվության տարածումն է, այլև դրա համադրումն այլ նմանատիպ տեղեկատվությունների հետ: Եվ, ինչը կարևոր է` լրագրողը պետք է ստուգի տեղեկատվությունը և այնպես անի, որ մեզ` սպառողներիս, հասնի միայն այն, ինչը հավաստի է, ինչն արդեն փաստ է, այլ ոչ թե` սոսկ բամբասանք կամ ինչ-որ մեկի ենթադրություն:

Հայաստանում ինչպիսի՞ իրավիճակ է: Եկեք դիտարկենք միայն ցանցային լրատվամիջոցները: Այստեղ բազմաթիվ տարօրինակությունների կարելի է հանդիպել: Օրինակ` անընդհատ հանդիպող հղումներ անհայտ աղբյուրների վրա: Վերջերս մի նոր կայք էր բացվել, դեռ մի քանի օրական էր, բայց արդեն հղում էր կատարել Զինված ուժերի գլխավոր շտաբում իր բարձրաստիճան աղբյուրի վրա: Մոտավորապես նույն կերպ հայաթում նստած Նարգիզ տատը պատմում է վերջին նորությունները դանիական թագավորական ընտանիքի ինտիմ կյանքի մասին` հղում կատարելով արքայական դղյակից իր ծանոթների վրա:

Կամ, լրահոսում բավական հաճախ կարելի է հանդիպել նորությունների, որոնց վերնագրերը հարցական նշանով են. «Հոմերոսը չի՞ գրել «Իլիականը»», կամ` «Գագարինը չէ՞ր սիրում Միկոյանին»: Ես, իհարկե, շատ հին ու մաշված օրինակներ բերեցի, բայց մեր լրատվամիջոցները նույն հարցականներով են նկարագրում այսօրվա հասարակական-քաղաքական կյանքը:

Բայց սա էլ կարելի է հասկանալ: Ասում են, որ շատ ժամանակ հարցականները ստիպված են դնում, որպեսզի դատական գործընթացների մեջ չհայտնվեն: Հնարավոր է, բայց, կարծում եմ, նայած ով` ոնց: Կան լրագրողներ, ովքեր եթե հարցական չեն դնում վերնագրերում` հետո ամբողջ օրն իրենց վատ են զգում: Մեկ այլ զարհուրելի երևույթ է ֆեյսբուքյան գրառումների օգտագործումը: Մի քանի օր առաջ մի երիտասարդ Ֆեյսբուքում գրել էր. «ՇՏԱՊ: Ժողովուրդ, հենց նոր երթուղայինում վարորդը հայտարարեց, որ հունիսի 1-ից երթուղային տրանսպորտի գինը բարձրանալու է. միկրոավտոբուսները` 200 դրամ, իսկ ավտոբուսները` 150 դրամ»:

Չանցավ մի քանի ժամ, և մի քանի լրատվամիջոցներ վերահրապարակեցին այս գրառումը` որպես իրական տեղեկատվություն: Երիտասարդն իր այդ գրառումը գրել է` հղում կատարելով երթուղային տաքսու ինչ-որ վարորդի: Նույնիսկ չգիտեմ` նմանօրինակ դեպքերն արժե՞ մեկնաբանել, թե՞: Փաստն ինքնին խոսուն է:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ ես չպետք է նման լրատվամիջոցներին վերաբերվեմ նույն կերպ` ինչպես պաղպաղակ արտադրողներին: Իսկ դո՞ւք:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս