Զարմանքը՝ որպես քաղաքական կատեգորիա

Արիստոտելն ասում էր, թե զարմանքը փիլիսոփայության, ճանաչողության սկիզբն է։ Հայաստանում սա ընկալվում է մի քիչ այլ կերպ, և շատ հաճախ կիրառվում է քաղաքական կյանքում։ Փորձեմ բացատրել։ Դրա համար պետք է մի քիչ ցինիկ ոճով գրեմ, որպեսզի ավելի հեշտ մարսվի։

Այսպիսով, մեր քաղաքական գործիչների հիմնական հասարակական զգացմունքներից մեկը զարմանքն է։ Օրինակ, երբ ԱՄՆ-ում դատարանը որոշում է տուգանել բնապահպանության նախկին նախարարին, իշխող կուսակցությունում բոլորը զարմանում են։ Հաջորդ քայլով շարունակում են զարմանալ։ Եվ առ այսօր չեն դադարում պարբերաբար զարմանալ (հենց որ այդ հարցը նորից ի հայտ է գալիս)։ Իսկապես որ զարմանալի է։ Համաձայնեք, որ մենք բոլորս նույնպես այս հարցի շուրջ զարմանում ենք, իհարկե, ուրիշ դրդապատճառներից ելնելով։ Եվ նման զարմանահրաշ իրավիճակների բավական հաճախ ենք հանդիպում։

Ընդդիմությունը նույնպես զարմանալու մեծ ունակություններ է ցուցաբերում։ Բայց արդեն իրենք իրենց վրա չեն զարմանում, այլ ուրիշների։ Զարմանքը հատկապես մեծ տեղ է գտնում ընտրություններից հետո։ Օրինակ, ընտրությունների ընթացքում լրիվ անսպասելիորեն սկսում են ընտրակաշառքներ բաժանել։ Կարուսելներ են անում, մարդկանց բերում են երթուղայիններով քվեարկելու, կնիքները ցնդում են, և այլն, և այլն։

Լավ, դա դեռ մի կողմ։ Ավելի զարմանալի և անսպասելի բաներ են կատարվում։ Ասեմ` չեք հավատա. թաղային հեղինակություն կոչումը կրող անձնավորությունները փորձում են ամեն կերպ իրենց ուզածով անցկացնել ընտրությունները, խանգարում են դիտորդներին, զզվում են վստահված անձանցից, չեն սիրում լրագրողներինգ Եվ այս ամենը միշտ խիստ զարմացնում է ընդդիմադիր առաջնորդներին։ Երևի դուք էլ եք այս ամենից զարմանում։ Չէ՞։ Ես էլ, որ ճիշտն ասեմ։ Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ տարեցտարի ընդդիմությունը տարբեր իշխանությունների օրոք` իմանալով, որ նույն հաստավիզ, շախմատի ձիու պես բարեկազմ երիտասարդներն անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունենան, որպեսզի զոռբայությունը լինի հիմնական սկզբունքը, շարունակում են անել ամեն ինչ, որ ընտրություններից հետո զարմանան։

Կարդացեք նաև

Ի՞նչ են անում զարմանալուց հետո։ Հիմնականում հայտարարում են, որ իրենց զրկեցին քաղաքական ճանապարհով իշխանության գալու հնարավորությունից, և հայտարարում են, որ հեղափոխություն են իրականացնելու։

Շարունակենք այսօր լինել ցինիկ և ինքներս մեզ և ընդդիմադիր առաջնորդներին հարց ուղղենք։ Եթե դուք ընտրությունների ընթացքում չեք կարողացել թույլ չտալ շախմատի ձիու վայելչակազմ տեսք ունեցող անձնավորություններին` վերածել քաղաքական գործընթացն ուկրաինական բորշչի, ինչպե՞ս եք պատրաստվում բռնի ուժով ասպարեզից դուրս հանել դրանց։

Քաղաքականությունը, ենթադրաբար, պետք է իրականության հետ կապ ունենա, քաղաքական գործիչները պետք է իրատես լինեն։ Հասկանալի է, որ քաղաքական խաղերը` խորամանկությունից ելնելով, թույլ են տալիս ինչ-որ պահերի մանկամիտ ձևանալ` մարտավարական խնդիրները լուծելու համար։

Բայց վերջերս գնալով ես եմ ավելի շատ զարմանում` տեսնելով, որ այդ «միամտությունը» շատ դեպքերում ոչ թե քաղաքական հնարք է, այլ շատուշատ քաղաքական գործիչների հիմնական, միակ և հիմնական դրսևորումը։ Մարդիկ գնում են իրենց կողմից որոշված որոշակի գաղափարների հետևից, հետո զարմանում են, երբ իրականությունը լրիվ այլ է լինում իրենց պատկերացրածից։

Լավ, իրենք իրենցով զարմանում են, թող զարմանան։ Իրենց գործն է, թե ե՞րբ ու ինչի՞ց կզարմանան` ասելով` «այ քեզ բա՜աան»։ Բայց երբ քաղաքական գործիչն է դա անում, որի հետևից գնում են տասնյակ, եթե ոչ` հարյուր-հազարավոր մարդիկ, սիրուն չի ստացվումգ Մեկի զարմանքը վերածվում է շատերի հիասթափությանը։

Այնպես որ, զարմանքն իսկապես ճանաչողության սկիզբն է։ Բայց շատ հաճախ նաև` քաղաքականության վերջը։

Հ.Գ. Ներեցեք, եթե սպասում էիք, որ իշխանություններին էլ պետք է քննադատեմ։ Քանի որ սա զարմանքի մասին նյութ է, իսկ իրենք վերջերս ոչ լավ, ոչ վատ իմաստով ինձ ընդհանրապես չեն զարմացնում, ապա այս հոդվածում իրենց տեղ չհասավ։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս