Անպտղությամբ տառապող զույգերի թիվը Հայաստանում աճել է

Հայաստանի բնակիչների շրջանում առողջական վիճակի վերաբերյալ իրազեկությունը խիստ նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը: Վերջինս դժվարացավ ասել, թե որոնք են այս երևույթի պատճառները և ովքեր են մեղավորները:

Բժիշկ-ուրոլոգն ասաց, որ վերջին տարիներին ինքը անպտղությամբ տառապող զույգերի թվի աճ է նկատել: Մասնագետը, սակայն, դժվարանում է պատճառներ առանձնացնել: Դավիթ Ֆանարջյանի խոսքով՝ հանդիպում են անպտղության առաջնային և երկրորդային դեպքեր (երկրորդային անպտղության դեպքում տղամարդը խնդիրը ձեռք է բերում որոշակի հիվանդությունների և առողջական խնդիրների արդյունքում): Մասնագետի նշում է, որ առաջնային և երկրորդային անպտղություն ունեցող տղամարդկանց տոկոսը հավասար է: Դավիթ Ֆանարջյանն ասաց, որ այս տարի առաջին եռամսյակի ընթացքում իր օգնությանն դիմել են անպտղության խնդիր ունեցող 10-20 հիվանդ:

Բանախոսը նաև նշեց, որ հայ ընտանիքներում դեռևս շարունակումէ գերակայել այն մտածելակերպը, թե զույգի անպտղության պատճառը կինն է. «Միշտ սկզբից մեղավոր է կինը, միշտ սկզբից կնոջն են ուղարկում գինեկոլոգի մոտ, սկզբից կինն է հետազոտվում, եթե մի քանի հետազոտությունից հետո ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, սկսում են մտածել՝ գուցեև հետազոտվի ամուսինը»:

Դավիթ Ֆանարջյանն ասաց, որ տղամարդկանց մոտ ուրոլոգիական խնդիրները հիմնականում բուժվում են վիրահատության միջոցով. հիվանդներին հնարավոր չէ բուժել այն դեպքում, երբ ամորձիները սպերմատոզոիդներ չեն արտադրում. «Եթե ամորձին սպերմատոզոիդ չի արտադրում, մենք անզոր ենք: Այդ դեպքում զույգին ռեպրոդուկտոլոգներն առաջակում են դոնորական սերմով հղիություն: Իմ հիվանդների 90 տոկոսը, որոնք ունեցել են այդ խնդիրը, հրաժարվել են դոնորական հղիությունից»:

Կարդացեք նաև

Բժիշկը նշեց, որ անպտղության խնդիրներով իրեն առավել շատ դիմում են 20-40 տարեկան տղամարդիկ: «Մեզ դիմում են տղամարդիկ, ովքեր տարիներով խմել են ինչ-որ դեղորայք, բուժվել են այլ մասնագտների մոտ, իսկ մեզ դիմելուց հետո հետազոտել ենք, հասկացել, որ կա հասարակ խնդիր, այդ տղամարդը վիրահատվել է, և որոշ ժամանակ անց իրենք ունեցել են բալիկ»:

Տեսանյութեր

Լրահոս