«Րաֆֆի Հովհաննիսյանը մտքով էլ չի կարող անցկացնել համեմատվել Սերժ Սարգսյանի հետ». Համլետ Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը չի կարծում, թե հացադուլը կարող էր Սերժ Սարգսյանի հետ երկխոսության խոչընդոտ լինել:  Հացադուլի դադարեցումն, ամեն դեպքում, ըստ Համլետ Հարությունյանի, մեծացնում է հանդիպման հնարավորությունըԼ

«Քանի որ հացադուլից դուրս եկավ,  կարող է և հանդիպի, բայց հացադուլը կարծեմ չէր խանգարի այդ հանդիպումներին: Սերժ Սարգսյանը նրան չէր կանչում, որ հյուրասիրեր,  այլ կանչում էր, որ քաղաքական բանակցություններ լինեին, իսկ եթե ինքը տարբեր պատճառներով խուսափում է…Շատ հնարավոր է, որ տետ-ա-տետ հանդիպումները ձեռք չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին»,-168.am-ի հետ զրույցուն ասաց Համլետ Հարությունյանը: Ծնունդով արցախցի պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանի համեմատությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պարծենալու ոչինչ չունի. Սերժ Սարգսյանի հետևում հաղթանակած պատերազմն է, բանակաշինությունը: Նրա խոսքերով, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն կրթություն ունի, շատ լավ ընտանիքում է դաստիարակվել,  բայց մեր տիպի երկրներում առաջնորդների գնահատականը մարդիկ ենթագիտակցորեն տալիս են՝ ըստ  նրա կենսագրության, իսկ այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը մտքով էլ չի կարող անցկացնել համեմատվել Սերժ Սարգսյանի հետ: «Իմ սերունդը մարդկանց գնահատում է` հաշվի է առնելով, թե մարդն ինչ մասնակցությունն է ունեցել արցախյան գոյամարտում, որովհետև մեր ժողովրդի վերջին դարերի կարևորագույն գործընթացը եղել է արցախյան գոյամարտը: Այդ գոյամարտի հերոսները բավականին մեծ առավելություն ունեն նրանց նկատմամբ, ովքեր դրա հետ որևէ կապ չունեն: Ցանկացած պետական պաշտոնյայի կարևորագույն հատկությունը հայրենասիրությունն է: Հայրենասեր մարդը չի կարող կաշառակեր լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել»,-համոզված է Համլետ Հարությունյանը: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե երբ մարդը թողնում  է բարեկեցիկ երկիրը՝  նախընտրելով  իր  հայրենիքը, դա հայրենասիրություն չէ՞, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դուք թյուրիմացության մեջ եք,  ամեն երկրում էլ կան բարեկեցիկ մարդիկ: Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայդեպս, որ երկիր էլ գնա, բարեկեցիկ է ապրելու: Այսօր էլ նա շատ բարեկեցիկ է ապրում: Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ՝ ինչպես կարելի է չաշխատել և լավ ապրել: Ի՞նչ մի մեծ բան է, որ մարդը վերադառնում է հայրենիք»:

 

Համլետ Հարությունյանի հետ ամոբղջական հարցազրույցը կարդացեք «168Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս