Ներկա՞, թե՞ բացակա երդմնակալությանը. ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն կողմնորոշվում

Ապրիլի 9-ին ՀՀ-ում սպասվող երդմնակալության արարողություններին ինչպե՞ս են մասնակցելու ՀՀ քաղաքական ուժերը: Արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երկուստեք երդվելու են ՀՀ քաղաքացիների առաջ՝ որպես ՀՀ նախագահներ:

Հայտնի է նաև ՕԵԿ-ի, Ժառանգության, ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի դիրքորոշումները: ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը մասնակցելու են Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ՀԱԿ-ը և Ժառանգությունը՝ ոչ:

Ժառանգությունը կազմակերպելու է Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը, ՀԱԿ-ից մամլո խոսնակ Արման Մուսինյանը galatv.am-ին փոխանցել է, որ «Սերժ Սարգսյանի ինագուրացիային ՀԱԿ-ը չի մասնակցում»:

Սակայն քաղաքական ուժերից ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումները մնում են ոչ պարզ: Հարցին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՀՅԴ-ից մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Օրը կգա՝ բարին հետը»: Մեր այն հարցին, թե սա ինչպես հասկանալ, Ա. Վարդանյանն ասել է. «Ես պատասխանեցի, սա իմ պատասխանն է, կրկնում եմ՝ օրը կգա՝ բարին հետը»:

ԲՀԿ-ն ևս դեռևս չի կողմնորոշվել, պաշտոնական դիրքորոշում չունի: «Պաշտոնական որոշում չկա, այդ հարցը երբ քննարկվեց, պաշտոնական որոշում կլինի, կհայտարարենք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ չմանրամասնելով՝ կոնկրետ երբ են քննարկելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս