Գալուստ Սահակյանի որդիները հորից ավելի հաջողակ են

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, դրամական միջոցներ չի ունեցել: Նա անցած տարվա համար ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է միայն 3 մլն 644 հազար 780 դրամ եկամուտ, որից 3 մլն 356 հազար 780 դրամը` աշխատավարձ, իսկ 288 հազար դրամը` կենսաթոշակ:

Ի դեպ` 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, մարտի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում Գ. Սահակյանը հայտարարագրել էր միայն աշխատավարձից և կենսաթոշակից գոյացած եկամուտներ և մեկ միավոր շարժական գույք` 2008թ.-ի արտադրության «Նիսան- Մաքսիմա» ավտոմեքենա:

Ի տարբերություն Գ.Սահակյանի, նրա տիկնոջ ունեցվածքը զգալի է: Նա հայտարարագրել է 2 միավոր անշարժ գույք: Տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 29 մլն 530 հազար դրամ, տարեվերջին` 60 մլն 785 հազար 765 դրամ: Եկամուտները կազմել են 31 մլն 255 հազար 765 դրամ, որից 1 մլն 325 հազար 365 դրամը գոյացել է աշխատավարձից, 324 հազար դրամը` կենսաթոշակից, 29 մլն 606 հազար 400 դրամը` շահաբաժնից:

2012թ.-ը բավականին հաջող է եղել նաև Գ.Սահակյանի` բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող երկու որդիների` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի և ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համար:

Այսպես` Տիգրան Սահակյանը 2012թ.-ի համար հայտարարագրել 1 միավոր անշարժ գույք: Հաշվի առնելով, որ նա 2011թ.-ի համար անշարժ գույք չէր հայտարարագրել, հետևաբար` այն ձեռք է բերվել 2012թ.-ի ընթացքում: Դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 43 մլն 740 հազար դրամ, տարեվերջին` 84 մլն 445 հազար 517 դրամ: Նրա տարեկան եկամուտները կազմել են 51 մլն 33 հազար 548 դրամ, որից 2 մլն 433 հազար 548 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը` վարձակալության դիմաց ստացված վճարից:

Տ.Սահակյանի տիկինը հայտարարագրել է միայն 1 մլն 585 հազար դրամ եկամուտներ, որոնք գոյացել են բացառապես աշխատավարձից:

Գ.Սահակյանի մյուս որդին` Արման Սահակյանը, հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք, որոնք առկա են եղել նաև տարեսկզբին, և 1 միավոր շարժական գույք, նաև` զգալի չափերի հանձնված փոխառություն: Դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 95 մլն դրամ, տարեվերջին` 101 մլն 500 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 926 հազար 253 դրամ, որից 2 մլն 276 հազար 253 դրամը գոյացել է աշխատավարձից, 16 մլն 650 հազար դրամը` վարձակալության դիմաց ստացված վճարից: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի եկամուտների բաժնում մնացած 7 մլն դրամի դիմաց նշված է ավտոմեքենա, ինչից կարելի է ենթադրել, որ այդ գումարը գոյացել է վերջինիս վաճառքից:

Ա.Սահակյանի տիկինը հայտարարագրել է միայն մեկ միավոր անշարժ գույք, որն առկա է եղել նաև տարեսկզբին, և 815 հազար 700 դրամ եկամուտ, որը գոյացել է բացառապես աշխատավարձից:

«Փաստինֆո»

Գայանե Մելիքյան

Տեսանյութեր

Լրահոս