Տեր-Պետրոսյանը կլուծարի նաև Հայաստանի Հանրապետությո՞ւնը

2013թ. փետրվարի 23-ին տեղի կունենա ՀՀՇ 18-րդ և, ամենայն հավանականությամբ, վերջին համագումարը: Ենթադրվում է, որ այդ համագումարում որոշում կկայացվի ՀՀՇ-ն լուծարելու և նոր ստեղծվող ՀԱԿ-ին միանալու մասին:

Մինչդեռ ուղիղ երկու ամիս առաջ` 2012թ. դեկտեմբերի 23-ին, ՀՀՇ 17-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Չեմ կասկածում, որ այս կուսակցությունը, որը, կարելի է ասել, դե ֆակտո` 24 տարի, դե յուրե` 22 տարի գոյություն ունի, և գոյություն է ունենալու այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյություն է ունենալու Հայաստան պետությունը»: Հույս ունենք, որ փետրվարի 23-ի ՀՀՇ համագումարում ՀՀՇ-ն լուծարելու մասին որոշումից առաջ որոշում չի կայացվի լուծարել Հայաստան պետությունը` հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի անսխալականության աքսիոմի ապահովման:

Իհարկե, որոշ ՀՀՇ-ականներ համարում են, որ կուսակցությունը չի լուծարվում, այն վերակազմավորվում է այլ կուսակցության, որ ՀԱԿ-ը ՀՀՇ իրավահաջորդն է, և այլն, և այլն: Բայց բոլոր այդ ձևակերպումները ոչ մի նշանակություն չունեն: Ռուսաստանի Դաշնությունն էլ ԽՍՀՄ իրավահաջորդն է, բայց դրանք լրիվ ուրիշ պետություններ են, տարբեր պետական կառուցվածքով, աշխարհում ունեցած ազդեցությամբ և պետությանը հատուկ ատրիբուտներով:

Չնայած ՀՀՇ վերնախավը դժվարությամբ է համակերպվել ՀՀՇ-ն լուծարելու որոշմանը, որը պարտադրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, սակայն շարքային ՀՀՇ-ականների համար այս պրոցեսն ավելի բարդ է լինելու: Նրանք փորձելու են համագումարում այլ լուծում առաջարկել:

Կարդացեք նաև

ՀՀՇ-ականների մի զգալի մասը համարում է, որ եթե ՀԱԿ-ին մաս կազմող ՀԺԿ-ն և ՍԴՀԿ-ն հնարավորություն են ունենալու պահպանել իրենց ինքնուրույնությունը, և որպես առանձին միավոր` դառնալու են ՀԱԿ դաշինքի անդամ, ապա ինչո՞ւ իր ինքնուրույնությունը չպահպանի նաև ՀՀՇ-ն: Նրանք առաջարկում են, որ ՀՀՇ անդամ չհանդիսացող, բայց ՀԱԿ-ին անդամակցող անհատները ստեղծեն ՀԱԿ կուսակցությունը, որից հետո կստեղծվի ՀԱԿ, ՀՀՇ, ՀԺԿ և ՍԴՀԿ դաշինքը:

Բայց այս լուծումը չի կարող ընդունելի լինել ՀԱԿ նոմենկլատուրայի համար, որի ներկայացուցիչները հասկանում են, որ եթե ՀՀՇ-ն չլուծարվի, ապա իրենք չեն կարող նոր կուսակցություն, տարածքային կառույցներ ստեղծել:

ՀՀՇ տարածքային կառույցների անդամների համար կարևոր է նաև այն հարցը, թե ՀՀՇ լուծարման որոշմանը ինչպես է վերաբերվում Վանո Սիրադեղյանը: «ՀՀՇ-ի իրական նախագահը Վանո Սիրադեղյանն էր, նա 2000թ. պարտադրված եղավ գնալ Հայաստանից, հետո Ալեքսանդր Արզումանյանին ինչ-որ իմաստով ժամանակավոր նախագահ ընտրեցինք` մինչև Վանոյի գալը: Հիմա առանց նրա Հայաստան գալու, առանց նրա կարծիքը հաշվի առնելու, ո՞նց են նրա կուսակցությունը լուծարում: ՀՀՇ-ն Վանոյի կուսակցությունն էլ է»,- ասում է ՀՀՇ անդամներից մեկը, ով հաշվի առնելով ներկայումս ժողովրդավարական ՀԱԿ-ում արմատացած այլակարծության բացառման մթնոլորտը, չցանկացավ հրապարակել իր անունը:

Մյուս կարևոր հարցն այն է, թե ո՞վ է ղեկավարելու նորաստեղծ կուսակցությունը` ՀԱԿ-ը: ՀՀՇ-ականների համար անընդունելի է, որ կուսակցությունը ղեկավարի Լևոն Զուրաբյանը, ով երբևէ չի եղել ՀՀՇ-ական: Նրանք համարում են, որ եթե ՀՀՇ-ն լուծարվելու է և ստեղծվելու է ՀԱԿ, ապա այն պետք է ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրանք ասում են, որ պահանջելու են հստակ երաշխիքներ, որ նա կլինի ՀԱԿ ոչ թե ֆորմալ, այսպես կոչված, պատվավոր նախագահը, այլ իրական և գործող ղեկավարը, ով կզբաղվի կուսակցության ամենօրյա աշխատանքների կազմակերպմամբ, կվարի կուսակցության խորհրդի նիստերը: Նրանք դա ասում են` հասկանալով, որ Տեր-Պետրոսյանը երբեք իր վրա այդպիսի «բեռ» չի վերցնի:

Բաց է մնում նաև ՀՀՇ գրասենյակի հարցը: Եթե չկա ՀՀՇ կուսակցություն, ապա այլևս կարիք չի լինի ունենալ ՀՀՇ գրասենյակ, որը ՀՀՇ-ի սեփականությունն է: ՀԱԿ-ում քննարկվում է այն տարբերակը, որ ՀՀՇ կենտրոնական գրասենյակը վարձակալությամբ հանձնվի, իսկ ստացված միջոցները ուղղվեն նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ընթացիկ ծախսերը հոգալուն: ՀԱԿ-ն ունի իր գրասենյակը, որի սեփականատերը, ըստ իրազեկ աղբյուրների, Լևոն Տեր-Պետրոսյանն է, և նորաստեղծ կուսակցության գրասենյակն էլ կտեղափոխվի այնտեղ:

Իհարկե, դժվար է հավատալ, որ ՀՀՇ համագումարում ՀՀՇ անդամները կկարողանան հակադրվել Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ-ն լուծարելու որոշմանը: ՀԱԿ մտած ՀՀՇ-ականները հնազանդորեն կքվեարկեն նաև Լևոն Զուրաբյանի` նախագահ ընտրվելու որոշման օգտին: Նրանք, ովքեր կարող էին դեմ արտահայտվել Տեր-Պետրոսյանին կամ համաձայն չլինել նրա որոշումների հետ, արդեն հեռացել կամ հեռացվել են ՀՀՇ-ից:

Տեսանյութեր

Լրահոս