Ընտրությունները և մութ ուժերը

Ընտրական գործընթացների ընթացքում շատ դժվար է գրել: Մի կողմից, առանց այն էլ բոլորն ընտրությունների մասին են գրում, այդ մասին են խոսում, մյուս կողմից՝ բոլորն արդեն հոգնել են այդ թեմայից: Չգրես ընտրությունների մասին, կստացվի, որ կյանքից կտրվել ես, ինքդ էլ չես հասկանում՝ ինչ ես անում, եկել ես, գրում ես ուրիշ թեմաներից, որ ի՞նչ անեսգ

Այնպես որ, փորձեմ ընտրությունների մասին խոսել՝ թեման փոքր-ինչ շեղելով: Արդեն բոլորիս կողմից ընդունված է, որ համացանցը, սոցիալական ցանցերը, ցանցային ԶԼՄ-ները փոխել են մեր կյանքը, փոխել են քաղաքական գործընթացները: Ընտրությունների ժամանակ ցանցն արդեն իսկ ամենակիրառվող, ամենաազդեցիկ գործիքներից մեկն է հանդիսանում: Այն քաղաքական ուժերը, որոնք չեն կարողանում էֆեկտիվ օգտագործել համացանցի հնարավորությունները, ակնհայտորեն կորցնում են էական որոշակի լծակներ:
Ընտրությունների ժամանակ, համաձայնեք, որ, օրինակ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը միայն Ֆեյսբուքի միջոցով կարողացավ ոչ միայն ինքն իրեն ճանաչելի դարձնել, այլև շրջանառության մեջ մտցնել «էպոսագետ» բառը, որը բացակայում է բառարանում:
Այսօր համացանցի և հեռուստատեսության լսարանները համեմատելի են, իսկ համացանցը նաև թույլ է տալիս մարդկանց ավելի թիրախավորված հասցնել տեղեկատվությունը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ համացանցը սահմաններ չի ճանաչում, և յուրաքանչյուր տեղեկատվություն ժամերի և, նույնիսկ, րոպեների ընթացքում տարածվում է աշխարհով մեկ:
Այս ամենը կիրառելի էր նաև նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամբողջ ընթացքը լուսաբանվում էր ոչ միայն պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների կողմից, այլև, այսպես կոչված՝ քաղաքացիական լրագրողների, հասարակ քաղաքացիների կողմից, որոնք, օգտագործելով նոր տեխնոլոգիաները, աջակցում էին տեղեկատվության ազատ հոսքին: Այս ամենի արդյունքում` մենք քաղաքացիների օգնությամբ ընտրությունների օրը կարողացանք պատկերացում կազմել, թե ի՞նչ է կատարվում երկրի տարբեր հատվածներում:

Samvel-nyut
Բնականաբար, նման՝ քաղաքական ակտիվ գործընթացներով հարուստ օրերին ոչ միայն հայաստանցիներն են հետաքրքրված կատարվող իրադարձություններով: Մենք ունենք Սփյուռք, որը չի քվեարկում, բայց ուշադիր հետևում է այդ գործընթացներին: Բացի այդ, կան բազմաթիվ լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանով հետաքրքրվող քաղաքագետներ և այլ մարդիկ, որոնց ընդունված է անվանել «փորձագետ»: Համացանցը բոլոր այս մարդկանց նույնպես թույլ է տալիս հետևել ընտրություններին: Հատկապես հարմար գործիքներից մեկն է Թվիթեր/ Twitter համացանցային հարթակը, որտեղ մարդիկ կարողանում են թեմատիկ գրառումները պիտակավորել: Այս անգամ էլ բոլորը պայմանավորվել էին` ընտրություններին վերաբերող գրառումները նշել #armvote13 պիտակով: Ով ծանոթ չէ Թվիթերին` ասեմ, որ դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է փնտրել և գտնել տվյալ պիտակով նշված գրառումները և պատկերացում կազմել, թե ի՞նչ են գրում ընտրությունների մասին հայաստանցիները և Հայաստանով հետաքրքրվողները: Պարզ է, որ սա լավ գործիք է յուրաքանչյուր իրադարձության մասին պատկերացում կազմելու և հասարակական կարծիքը հասկանալու համար: Եվ իսկապես, ակտիվությունը Թվիթերում այս թեմայի շուրջ փետրվարի 18-ին գնալով աճում էր: Ավելին, այն դարձավ Թվիթերում ամենաքննարկվող և ամենաակտիվ թեմաներից մեկը: Համացանցը, փաստացի, օգնում էր մարդկանց իրազեկելու ընտրախախտումների մասին, լրագրողներին տեղյակ պահելու ցանկացած վայրում տեղի ունեցող իրադարձության, դեպքի մասին, և այլն, և այլն: Համացանցը, սակայն, ունի նաև իր հակառակ կողմը, որը շատ հաճախ բխում է իրական կյանքից: Թվիթերում բավական էր որևէ թեմայի շուրջ աշխուժություն սկսվեր, շատ արագ այդտեղ էին հայտնվում մեր ոխերիմ հարևանները՝ ադրբեջանական քիբերասկյարները սկսում էին գրոհել հարթակը: Ինչ-որ պահից սկսած Թվիթերը #armvote13 պիտակով հեղեղվեց ահռելի քանակի գրառումներով, որոնց հեղինակներն ադրբեջանցի օգտատերերն էին: Իրենք, բնականաբար, լցնում էին միայն բացասական տեղեկատվություն: Որպես դրա հետևանք, Հայաստանի մասին հետաքրքրվող մարդիկ Թվիթերում հանդիպում էին ուղղորդված ադրբեջանական քարոզչությանը:
Մեկ այլ մտահոգիչ բան էր կատարվում լրատվական կայքերի հետ: Մի քանի կայքէջեր անմիջապես անհայտ անձանց կողմից ենթարկվեցին հաքերային հարձակումների, ինչի հետևանքով դադարեց այդ կայքէջերի աշխատանքը: Այսօրինակ հարձակումների դեպքում վատն այն է, որ գրեթե անհնար է գտնել իրական պատվիրատուին: Եվ հնարավոր է, որ այդ ամենը կատարվում էր հենց Ադրբեջանի կողմից:
Այնպես որ, համացանցը հարմար տեղեկատվական գործիք է, որը թույլ է տալիս հաշվի չառնել սահմանները: Եվ հենց այս նույն պատճառով սա կարող է ունենալ իր բացասական ազդեցությունը. այն է՝ ներքաղաքական իրադարձությունների ժամանակ տեղեկատվական հոսքերի վրա կարող են ազդեցություն ունենալ արտաքին և ոչ լուսավոր ուժերը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս