«Պատրա՞ստ եք մնալ մինչև հաղթանակ». Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը (տեսանյութ)

«Քաղաքացիական այս սրբավայրում, Արցախյան ազատամարտի 25-ամյակի առիթով` հանուն մեր անկախության, մեր ժողովրդավարության ապագայի` այս խորանից մենք միասին սկսում ենք Հայաստանի հաղթանակի ճանապարհը»,- այսօր Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց ամբոխի առջև հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ և նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս անդրադարձավ գործող և, ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների, արդեն վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում արած իր առաջարկությանը` այսօր մինչև ժամը 17-ը շնորհավորել իրեն և ժողովրդին` հաղթանակի կապակցությամբ` Սերժ Սարգսյանին այսօր արդեն անվանելով ոչ միայն «գործող», այլ նաև «նախկին» նախագահ:

«Պատրա՞ստ եք երկար մնալ, պատրա՞ստ եք մնալ մինչև հաղթանակ»,-դիմելով բազմությանը` հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ստացավ դրական պատասխան:

«Ուրեմն այսօր ժամը 6-ին ես նորից կմոտենամ այս խոսափողին ու կխոսեմ այն հանդիպման մասին, որ ես առաջարկեցի գործող և արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Ինքը իր խոսնակի միջոցով ինձ մեսսիջ է ուղարկել: Ես դրան կպատասխանեմ ուղիղ ժամը վեցին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ժամը 18-ին վերադառնալով` Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտնեց պայքարը շարունակելու իր վճռականության մասին:

«Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին՝ «բրոնյա» է վերցրել պարոն Սերժ Սարսգյանը: Վաղը մինչև ժամը երկուսը պետք է իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում: Եթե կան բանակցության խնդիրներ, մենք դա կանենք հրապարակավ. հենց ձեր աչքի առաջ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս