Բաժիններ՝

Մասնագետ. Աղցանների պիտանելիության ժամկետը շատ կարճ է`մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ

«Ամանորին սննդային թունավորումներից ու մարսողական խանգարումներց խուսափելու համար ուշադրություն դարձրե՛ք սննդի պահպանման պայմաններին, սնունդը պետք է թարմ լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

«Շեշտն ուզում եմ հատկապես դնել աղցանների վրա, հատկապես նրանց, որոնց պատրաստման համար օգտագործվում է մայոնեզ, թթվասեր, որոշակի կաթնամթերք: Աղցանները նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար: Դրանց պիտանելիության ժամկետը շատ կարճ է՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Անգամ խորհուրդ չի տրվում աղցանը դնել սառնարանում: Այն մի քանի ժամ մնալով սեղանին՝ կարող է կորցնել իր որակական հատկանիշները, նույնիսկ կարող է վնասակար հատկություններ ձեռք  բերել՝ թթվել, փչանալ»,- ասաց գաստրոէնտերոլոգը:

Վերջինս խորհուրդ է տալիս աղցաններն այլևս չօգտագործել, եթե դրանց պատրաստումից մի քանի ժամ անցել է: Ըստ մասնագետի՝ արտաքինից դժվար է հասկանալ, որ տվյալ աղցանը փչացել է, սակայն այդպիսի աղցանների օգտագործումը կարող է թունավորման պատճառ դառնալ, եթե անձի մարսողությունը  կամ պաշտպանական ռեսուրսները թուլացած լինեն:

Անդրադառնալով Ամանորին հայկական սեղաններին ավանդաբար տեղ գտնող խոզի բդի պահպանության ժամկետին՝ մասնագետը նշեց, որ, եթե այն լավ է մշակված, կարող է մի քանի օր պահպանվել և վնասակար չլինել. «Բակտերիաները լինում են այնտեղ, որտեղ թաց է, խոնավություն կա: Եթե այն համային հատկանիշները պահպանելու համար որոշակի ջրալիություն ունի, այն երկար պահել չի կարելի: Սակայն խոզի բուդը պատրաստելիս մշակվում է սխտորով, աղով: Թե սխտորը, թե աղը բակտերիաների դեմ պայքարող գործոններ են: Իհարկե, ցանկալի է, որ այն շատ երկար չպահպանեն, չափսոսեն»:

Կարդացեք նաև

ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն էլ խորհուրդ է տալիս պատրաստի սննդամթերքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի: Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն) փոփոխության դեպքում այն չօգտագործել: Աղցաններն էլ պատրաստել քիչ քանակով, իսկ մայոնեզով ու թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս