Բաժիններ՝

Որբացած գաղափարների ժամանակը

Մենք միշտ սիրել ենք արտահայտվել, կարծիք ունենալ ամեն ինչի մասին: Օպերայի շենքի շուրջ միշտ տղամարդիկ էին հավաքվում` քննարկելու աշխարհաքաղաքական, տնտեսական, հասարակական բնույթի հարցեր, և եզրահանգումներ անում, թե ինչպե՞ս է զարգանալու Հայաստանը, Ավստրիան և, առհասարակ, ողջ աշխարհը: Տաքսի նստելիս մենք առնվազն տասը րոպեով խորասուզվում ենք քաղաքատնտեսագիտական քննարկումների աշխարհ: Եվ այլն, և այլն, և այլն…

Ընդհանրապես, սեռական հասունացման շրջանն անցած ցանկացած միջին հայ արդեն իսկ պատրաստ է կարծիք հայտնել որևէ հարցի վերաբերյալ: Ընդ որում, մենք, սովորության համաձայն, գերադասում ենք արտահայտել վերջին ատյանի իմաստնություններ, ճշմարտություններ: Այդպես է եղել միշտ, և այդպես էլ կմնա: Իհարկե, փոխվում են թեմաները, փոխվում են մեր տրամադրությունները, մեր մոտեցումները, բայց արտահայտվելու եռանդը չի փոխվում:

Աշխարհը, սակայն, վերջերս որոշեց փոխվել, ընդ որում` բավական անսպասելի ուղղությամբ: Ինտերնետի զարգացումը հանգեցրեց նրան, որ իրար հետևից ծլեցին ու ծաղկեցին չաթերը, ֆորումները, բլոգները, սոցիալական ցանցերը: Այս ամենը զուտ հետաքրքաշարժ թեմաների շարքին կդասվեր, որին սովորաբար անդրադառնում են «գիտություն և տեխնիկա» խորագրի ներքո, եթե մի պահ մենք չհասկանայինք, որ համացանցը վերածվել է մի մեծ ամբիոնի, ուր ով ուզես կարող է գալ և ելույթ ունենալ: Եթե միայն ամբիոն լիներ` դա էլ շատ բան չէր փոխի:

Լոնդոնում, օրինակ, գոյություն ունի հանրահայտ Հայդ Փարկը, որտեղ մի հատուկ մաս, որը կոչվում է Խոսնակների անկյուն (Speakers’ Corner) 1872 թվականից պաշտոնապես տրամադրված է հասարակությանը` որպես ամբիոն. յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ այնտեղ և ելույթներ ունենալ: Ճարտասան լինելու համար հնարավորությունները շատ են: Խնդիրը լսարանի մեջ է. փողոցի մեջտեղում կամ պուրակներում ելույթներ ունեցող մարդիկ շատերի կողմից հիմնականում ընկալվում են` որպես, մեղմ ասած, ցնորվածներ: Եվ նրանք, որպես կանոն, ուշադրության առանձնապես չեն արժանանում:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

Այսօր ամեն ինչ փոխվել է: Բլոգներում և սոցիալական ցանցերում գրառումներ կատարողները դարձել են մեծ լսարաններ ունեցող անձնավորություններ: Նախկինում շատերը երազում էին, որ իրենց գրածը մի քանի հազար մարդ կարդա: Կամ, որ իրենց կողմից կազմակերպված հանրահավաքին մի հինգ հազար մարդ ներկա լինի: Իսկ հիմա Ֆեյսբուքում արված մի չնչին գրառումը շատ արագ դառնում է հազարների կողմից ընթերցված, մեջբերված, քննադատված նյութ:

Անկասկած, այս ամենն իր դրական ազդեցությունն ունի ամբողջ աշխարհի վրա: Խոսքի ազատությունը ստանում է իր անսասան հիմքը համացանցում, տեղեկատվությունն այլևս փոքրաթիվ վերնախավի մենաշնորհը չէ: Յուրաքանչյուր մարդ հանրային իր կարծիքը տարածելու հնարավորություն է ստանում: Այլևս պետք չէ գնալ Օպերայի տարածք, կամ տաքսու մեջ վեճի բռնվել:

Բավական է մտնել «Ֆեյսբուք» կամ «Թվիթեր», և ձեր ձայնը կլսեն ոչ միայն մի քանի զրուցակիցներ, այլ հազարավոր մարդիկ: Ձեզ մտքերը և խոսքերը նույնիսկ կմեջբերեն լրատվամիջոցները, ձեր հանճարեղ մտքերը կընթերցեն հեռուստացույցովգ

Մյուս կողմից, սակայն, այնպես է ստացվում` ասես ամբողջ աշխարհն այսօր վերածվում է մի մեծ Հայդ Փարկի, ուր ամեն անկյունում կանգնած են մարդիկ, ովքեր իրենց պարտքն են համարում իրենց կարծիքը հայտնել բոլոր կարևոր և ոչ այնքան էական հարցերի շուրջ: Եվ, եթե իրական կյանքում մենք հնարավորություն ունենք խուսափելու նմանատիպ ճարտասանական վայրերից, ապա այսօր համացանցից փախչելը դժվար բան է դարձել: Իսկ այնտեղ ձեզ ամենուր, 24 ժամ շարունակ հետապնդում են անթիվ և անհամար մարդկանց կարծիքները:

Իրականում, այն, ինչ համացանցում կատարվում է վերջին 5 տարիներին` իսկական խելագարություն է: Մարդկության պատմության մեջ երբևիցե չի եղել նման ժամանակաշրջան, երբ բոլորին` իմաստուններին և հիմարներին, հարուստներին և աղքատներին, բարոյականության տիպարներին և մանկապիղծներին հանրային արտահայտվելու հնարավորություն տրվի:

Մենք, թերևս, այժմ չենք էլ կարող ամենայն խորությամբ պատկերացնել, թե մոտակա տասնամյակների ընթացքում ինչպես կփոխվի մարդկությունը: Տպագրության հայտնաբերման ժամանակ նույնպես սկզբում պատկերացնում էին, որ մարդիկ միայն «Կտակարաններ» էին տպագրելու, և «Փլեյբոյ» ամսագրի մասին նույնիսկ իրենց մղձավանջներում չէին կարող մտածել:

Բայց այսօր արդեն կարելի է տեսնել, որ մենք ստանում ենք բացասական առաջին պտուղները: Համացանցի ամենավտանգավոր գործոններից մեկն այն է, որ մարդիկ թեև ստացել են կարծիք հայտնելու հնարավորություն, սակայն այդ կարծիքը դեռևս լսելի չի դարձել: Հանրության մոտ պատրանքային պատկերացում է ստեղծվել, որ, եթե իրենք համացանցում կարողանում են ամեն ինչ քննադատել, ուրեմն նույն կերպ իրականությունը սկսելու է փոխվել դեպի լավը, քանի որ արդեն բոլոր երևույթների ստվերային կողմերի մասին խոսվել է, ավելին` առաջարկներ են արվել, թե ինչպես շտկել իրավիճակը:

Այդպիսով, մենք սկսում ենք ապրել հորինված մի աշխարհում, ուր անընդհատ փորձում ենք կարծիք հայտնել և այն լսելի դարձնել: Առաջ խոհանոցային վեճերի ժամանակ բարձրաձայն հնչեցրած մեր մտքերը չէինք գերագնահատում` հասկանալով, որ որևէ գաղափար մինչ իրագործվելը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Եվ նաև հասկանում էինք, որ այդ գաղափարների իրագործումը շատ հաճախ հենց մեզանից է կախված: Իսկ այսօր մենք բեղմնավորում ենք եթերը և համացանցը մեր մտքերով, շպրտում դրանք, անցնում առաջ: Ավելին, ամիսներ անց նույնիսկ չենք էլ հիշում մեր կողմից ասված բազմաթիվ այդ մտքերի մասին: Որբացած գաղափարների ժամանակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս