Հնամենի բուժարար` թեղի

Թեղազգիների` Ulmaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 40 տեսակներ։ Հնագույն ժամանակներից ՀՀ տարածքում աճում են թեղիներ. էլիպսաձևը` U. Elliptica, տերևաշատը` U.Foliacea, և խցանայինը` U.Suberosa։

Թեղի էլիպսաձևը հանդիպում է միայն Կովկասում, ՀՀ գրեթե ողջ տարածքում, ծովի մակերևույթից 1300-2100 մ բարձրության վրա` կաղնեբոխային և հաճարենու անտառներում։ Սաղարթը լայն գլանաձև է, բարձրությունը` մինչև 40 մ, բնի տրամագիծը` 1,5 մ։

Թեղի տերևաշատը տարածված է Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Եվրոպայում, Լոռի, Տավուշ, Արագածոտն մարզերի և Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում` մինչև 1000-1200 մ բարձրության վրա։ Սաղարթը բրգաձև կամ գլանաձև է. բարձրությունը` 30 մ, բնի տրամագիծը`1,5 մ։

Թեղի խցանայինը տարածված է Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, Միջերկրածովյան ափերին, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք մարզերում, Արարատյան դաշտավայրի նախալեռնային և ստորին լեռնային գոտիների խառը անտառների և սոճուտների եզրերին, թփուտներում, ձորերում։

Կարդացեք նաև

Կեղևի վրա կան խցանային ելուստներ, բարձրությունը մինչև 20 մ է, բնի տրամագիծը` 1,5 մ։ ՀՀ-ում մշակվում է թեղի հարթը` U.laevis, որի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է։
Ք.Ա 4-րդ հազարամյակի առաջին կեսը հայտնի է` որպես Թեղուտի մշակույթի ժամանակաշրջան, որը զարգացել է Վանա և Ուրմիա լճերից մինչև Կովկասի լեռները և Կասպից ծովն ընդգրկող տարածքում։ «Թեղ» բառը հայերենում գործածվում է կույտ, շեղբ, դեզ կամ նման իմաստով, հիմնականում գյուղատնտեսության մեջ` թեղ տալ` դնել, թեղը հանել` քամել, վուշի թեղ և այլն։

«Թեղի» բառը ծառանուն է. «թեղուտ» ենթադրաբար նշանակում է` ծառուտ, անտառակ, ինչպես, օրինակ, կեչուտ, կաղնուտ, սոճուտ և այլն։
Հայաստանում հայտնի են Թեղենյաց լեռնագագաթները, Թեղենիկ և Թեղուտ բնակավայրերը, պատմական հռչակավոր Թեղենիսի մենաստանը և վանքը, որոնք գտնվել են անտառի բացատում։

«Թեղ» և «Թեղի» բառերը միանշանակ կապված են հողագործական աշխատանքների և ծառերի հետ, ինչը հավանաբար վկայում է, որ վերոհիշյալ տարածքում ապրող մարդը բարձր է գնահատել արտի և անտառի կարևորությունը։

Դրուիդների օրացույցում, որն ի հայտ է եկել Ք.հ առաջին դարի կեսում, առավել մեծ ժամանակահատվածը հատկացվել է այս ծառին` 25 օր (12.01-24.01. և 15.07-25.07)։ Ենթադրաբար հաշվի է առնվել, որ թեղին արդեն մոտ 40 միլիոն տարի Երկիր մոլորակի «բնակիչ» է, առաջին ծաղկավոր, ծածկասերմ բույսերից մեկը։ Այդպիսով, դեռևս հազարամյակներ առաջ մարդկությանը հասու են եղել բնագիտական խորը գիտելիքներ և մեծ է եղել հետաքրքրությունը բնության գաղտնիքների բացահայտման հանդեպ։
Կարևոր է վերհիշել, որ այդ օրացույցում նշված է տարվա օրերի և մարդկանց բնավորությունների միջև կապը։

Թեղիների մեծ մասի արմատները կողային են. հողի բարակ շերտի դեպքում առաջանում է մակերեսային արմատ։

Թեղիների մեծամասնության մոտ տերևի բողբոջը բացվում է ծաղկելուց հետո. բողբոջները նստադիր են, խոշոր, օվալաձև, թավոտ կամ թեփուկներով ծածկված։ Թեղիները ծաղկում են գարնան սկզբին, ծաղիկները երկսեռ են, աննշմար փոքր, հավաքված են ոչ մեծ խիտ փնջերով, ծաղկակիցը` զանգակաձև է, մինչև 8 առէջքներով։ Տերևների լիարժեք զարգացումը սկսվում է թաղանթաձև թևապտուղների դեղնելուց հետո։ Պտուղները հասունանում են մայիս ամսին։

Ծաղկման շրջանից սկսած մինչև պտղի հասունանալը, նույնիսկ թեղու մեկ` առանձին դիտարկվող ճյուղի վրա կարող են միաժամանակ գտնվել չափով և ձևով տարբերվող տերևներ։ Ապրիլ-մայիս ամիսներին թեղին ունի գեղարվեստական զարդագիր տեսք։ Տերևը կարճակոթուն է, ամբողջական, հիմքում ոչ համաչափ, երբեմն բլթակավոր գագաթով։ Սերմը նման է ոսպիկի, որը նստած է կլորավուն կամ ձվաձև թևապտղիկի կենտրոնում։

Սերմը շատ հեշտ է ծիլ տալիս, թեղիները բազմանում են նաև արմատային կողային ծիլերով, աճում են բավականին արագ, ապրում են մինչև 150-200 տարի, երբեմն` 300։ Թեղիների բնափայտը ամուր է, չի փտում ջրի մեջ, հնում օգտագործվել է կամուրջներ կառուցելու և ջրատար խողովակներ պատրաստելու համար։

Թեղին վաղուց ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Եթե այս ծառի արմատից մի կտոր գցեն կրակի մեջ, կրակից դուրս մնացած մասից հյութ կհոսի։ Այդ հյութը թող լցնեն հիվանդության հետևանքով խլացած մարդու ականջը, լսողությունը կվերականգնվի»։

Որպես բուժիչ հումք` հիմնականում օգտագործվում է կեղևի ներքին բաց կանաչ գույնի բարակ շերտը, որը պետք է ստանալ 2-3 տարեկան ճյուղերից, մարտ ամսին, և չորացնել արևի տակ։
Կեղևում պարունակվող` բույսին բնորոշ լորձը և դաբաղանյութերն ունեն միզամուղ, քրտնամուղ, խորխաբեր, կապող և արյունը մաքրող հատկություն։ Կեղևում և բողբոջներում պարունակվում են նաև ցավամոքիչ, հականեխիչ, հակաբորբոքային հատկություններ ունեցող նյութեր։
Կեղևից ստացված պատրաստուկները կիրառվել են ցիստիտի, այտուցի, ռևմատիզմի, հոդատապի, պլևրիտի, ստոմատիտի, մաշկային ցանի, այրվածքի, դժվար բուժվող վերքերի դեպքում։

Տերևի եփուկը լայն կիրառում է ունեցել բոլոր տեսակի մաշկային հիվանդությունների, ականջից արտադրության, խոցային վերքերի դեպքում։

Ոգեթուրմ. 40 գ թարմ կեղևից ստացված հումքը 10 օր թրմեք 1 լ օղու մեջ, քամեք թանզիֆով։ Ոգեթուրմին ավելացրեք ևս 40 գ կեղև և կրկին թրմեք 10 օր, քամեք։ Խմեք 10-15 կաթիլ, օրը 3-4 անգամ` պլևրիտի և վերոգրյալ հիվանդությունների դեպքում։
Ռևմատիզմ. 4 ճ/գ թարմ տերևը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ եռջրում, թրմեք 30 րոպե, քամեք, նախնական ծավալը վերականգնեք եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Ստոմատիտ. 2թ/գ չոր կեղևը (թարմը` 1 ճ/գ) 10-15 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք 1 ժամ։ Քամեք։ Կատարեք ողողում։
Այրվածք, դժվար ապաքինվող վերքեր. 20գ փոշիացրած կեղևին ավելացրեք 500 մլ եռջուր, պահեք մարմանդ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Եփուկով լվացեք վերքը և թրջոցը դրեք վնասված հատվածին։
Ինֆեկցիոն բնույթի ցան, չիբան.300 գ մանրացրած թարմ կեղևին ավելացրեք 2 լ եռջուր, 30 րոպե եփեք մարմանդ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք, ավելացեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը 37-38 աստիճան C, տևողությունը` 15-20 րոպե։ Շարունակեք 8-10 օր։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս