Պատգամավորներն այցելել են Նաիրի Հունանյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը և Վահե Էնֆիաջյանն այցելել «Երևան» քրեակատարողական հիմնարկ, կամ, ինչպես ընդունված է ասել, «ԿԳԲ-ի պադվալ»:

Նրանք հերթով այցելում են Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներ` պարզելու կալանավորների կենցաղային պայմաններն ու ճշտելու` արդյո՞ք նրանք ենթարկվում են կտտանքների, թե՞ ոչ: Բայց այս այցն էականորեն տարբերվել է նախորդներից, քանի որ նրանք հանդիպել են Հոկտեմբերի 27-ի ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Ինչպես հայտնի է, «Երևան» քրեակատարողական հիմնարկում են իրենց պատիժը կրում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողներից Նաիրի և Կարեն Հունանյանները:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատգամավորներին առաջարկել է, որ եթե ցանկություն ունեն, ապա կարող են հանդիպել Նաիրի Հունանյանի հետ: Կարեն Հունանյանի հետ հանդիպում նրանց խորհուրդ չի տրվել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է` անընդհատ խոսում է:

Պատգամավորների մի մասը` տղամարդիկ, ցանկություն են հայտնել տեսնելու Հունանյաններին, դա բացատրելով հասարակության մեջ տարածված այն խոսակցություններով, որ Հունանյանները սպանված են կամ գտնվում են Հայաստանից դուրս, և լավ կլինի, եթե անձամբ հնարավորություն ունենան տեսնել կալանավորներին: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը` «վալչոկը»:

Կարդացեք նաև

Պատգամավորները տեսել են հեռուստացույցի մոտ նստած Կարեն Հունանյանին, ով իսկապես խոսելիս է եղել:

Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը հրաժարվել են մտնել Նաիրի Հունանյանի խուց: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Նաիրի Հունանյանի ճակատագիրն իրեն բացարձակ չի հետաքրքրում, և իր համար միևնույն է` Հունանյանը կենդանի է՞, թե՞ մահացած: Ինչպես նշեցինք, մտել են միայն տղամարդ պատգամավորները: Նրանց շփումը Նաիրի Հունանյանի հետ բավական կարճ է տևել: Հայտնի է միայն, որ Վահե Էնֆիաջյանը Հունանյանին հարցրել է, թե արդյո՞ք նա փոշմանել է իր արածի համար: Նաիրի Հունանյանի պատասխանները բավական անորոշ և անհասկանալի են եղել: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց բոլորի հոգիներն իր մեջ են: Համենայն դեպս, իր արածի համար զղջման կամ փոշմանելու մասին ոչ մի խոսք նա չի ասել:

Պատգամավորները հանդիպումից հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից հետաքրքրվել են, թե արդյո՞ք Նաիրի Հունանյանն էլ չունի հոգեկան շեղումներ, քանի որ չի հասկացվում, թե ինչ է ասում: Նրանց պատասխանել են, որ, ի տարբերություն Կարեն Հունանյանի, ով իսկապես որոշ հոգեկան շեղումներ ունի, Նաիրի Հունանյանը միանգամայն առողջ է, սակայն մտածված այդպիսի վարքագիծ է դրսևորում: Չնայած այդ հավաստիացումներին, պատգամավորների մոտ կասկածներ են մնացել, որ Նաիրի Հունանյանը ևս որոշակի շեղումներ ունի:

Նշենք, որ «Երևան» քրեակատարողական հիմնարկ այցելած բոլոր հինգ պատգամավորներն էլ 1999թ. հոկտեմբերի 27-ին պատգամավոր չեն եղել և, բնականաբար, ահաբեկչության օրը չեն եղել ԱԺ դահլիճում: Այն մարդիկ ովքեր եղել են դահլիճում, բոլորովին այլ զգացողություններ կամ ռեակցիա կարող էին ունենալ հանդիպման ժամանակ:

Եթե պատգամավորները մտել են Նաիրի Հունանյանի խուց, որպեսզի անձամբ համոզվեն, թե Նաիրի Հունանյանը ո՞ղջ է և գտնվո՞ւմ է ընդհանրապես «Երևան» քրեակատարողական հիմնարկում, որ հետո կարողանան հերքել հասարակության մեջ առկա տարաբնույթ խոսակցությունները, ապա առավել քան տարօրինակ է, որ նրանք որոշել են հանդիպումը գաղտնի պահել նույն հասարակությունից և լրատվամիջոցներից:

Չնայած այդ գաղտնապահությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ պատգամավորներին կարող են մեղադրել այն հարցում, որ կարողացել են հանգիստ խոսել Նաիրի Հունանյանի հետ, փոխանակ նրան քացու տակ գցելու:

Տեսանյութեր

Լրահոս