Բաժիններ՝

«Նրանց պետք է ճանաչել, քանի որ նրանք հոյակապ են»

Կանադահայ աճպարար Պետրոս Աքելյանը Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել Հայաստանի աճպարարների միության հրավերով և անցկացնում է վարպետության դասընթացներ հայաստանաբնակ աճպարարների համար:

Հայ աճպարարների միության նախագահ Վարդան Ամիրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետրոս Աքելյանին Հայաստան հրավիրելու հիմնական նպատակը միության սկսնակ անդամներին աշխարհում ճանաչված աճպարարների փորձն ու գիտելիքները փոխանցելն է.

«Միության հիմնական միտքն այն է, որ մեր հայ աճպարարները ճանաչում ունենան նաև Հայաստանում, այն մարդիկ, ովքեր մեծ նվաճումներ ունեն դրսում, ինչպես Պետրոսն է: Իհարկե, իմ հիմնական միտքը հայ աճպարարության զարգացումն է»:

Վարդան Ամիրյանի խոսքով` Պետրոս Աքելյանն այժմ դասավանդում է նաև Կանադայի համալսարանում. դասավանդում է աճպարարություն և հիպնոս: Որպես աճպարար՝ նա վարպետության դասընթացներ է անցկացնում նաև աշխարհի տարբեր երկրներում:

Պետրոս Աքելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստան է այցելում  երկրորդ անգամ, և շատ տպավորված է հայ աճպարարների հետ հանդիպումից. «Շատ տպավորված եմ, որովհետև գիտեմ, որ այստեղ շատ դժվար է իրենց համար: Մեզ մոտ աճպարարական իրերի երկու խանութ կա. ինձ համար հինգ րոպե է անհրաժեշտ այնտեղ հասնելու համար: Այստեղ նման բան չկա. այստեղ դժվար է նույնիսկ քարտեր գտնելը: Երբ առաջին անգամ տեսա հայ աճպարարների հմտությունները, շատ տպավորվեցի: Շատ եմ զարմանում, որ հայ աճպարարներին չեն ճանաչում: Նրանց պետք է ճանաչել, քանի որ նրանք հոյակապ են: Հայերը պետք է իմանան, որ նրանք այդքան տաղանդավոր են: Պետք է խրախուսել հայ երիտասարդներին»:

Պետրոս Աքելյանի խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո ինքը սկսել է աճպարարությամբ զբաղվել. «Դպրոցն ավարտելուց հետո ինձ սկսեցին կանչել տարբեր վայրերից. ինձ ասացին՝ արի´ այստեղ, և մենք քեզ կվճարենք: Վճարեցին, վճարեցին, և արդեն չորս տարի է՝ ես միայն սրանով եմ զբաղվում»:

Նշենք նաև, որ այսօր մի խումբ երիտասարդ աճպարարներ ստացան Աճպարարների միության անդամատոմսեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս