Ես կզբաղվեմ թատրոնով այն ժամանակ, երբ թատրոնի աշխատակիցների վիճակը բարելավվի

168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը

– Մասնագիտությամբ դերասանուհի ես, բայց ներկայացումներում քեզ չենք տեսնում, ինչո՞ւ:

– Ինչ վերաբերում է իմ՝ թատրոնում և բեմում լինելուն, մի օր անպայման կլինեմ: Ես ինձ հոգեպես, լիովին բավարարված եմ զգում թատրոնում, բեմում, գեղարվեստական կինոյում: Ես կզբաղվեմ թատրոնով այն ժամանակ, երբ թատրոնի աշխատակիցների վիճակը բարելավվի: Ասում են, որ մի կյանք ես ապրում, պետք է այն լավ ապրես:

Միգուցե նաև չբարելավվի թատրոնի վիճակը, բայց ես էլի կաշխատեմ այնտեղ: Բայց հիմա մի քիչ դժվար է: Եթե թատրոնում լինես, պետք է զրկվես ամեն ինչից՝ կինոյից, նկարահանումներից, և այլն: Թատրոնը պահանջում է լիակատար նվիրում, բայց այդ դեպքում գոյատևել և ընտանիք պահելը շատ դժվար է դառնում:

Կարդացեք նաև

Ես շատ կուզեմ, որ նորմալ աշխատավարձ լինի բոլոր դերասանների համար: Ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են թատրոնը` ապահովված լինեն գոնե նորմալ աշխատավարձով, որ չհեռանան թատրոնից միայն գումարի պատճառով:

– Ի՞նչ կրթություն ունես:

– Ես ունեմ թատերական կրթություն: Դեռևս 5 տարեկանից նկարահանվել եմ բումերանգներում: Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, իսկ երգելն ինձ համար հոբբի է: Ես դերասանուհի եմ, ով երգում է, ով ցանկանում է իր հոգեվիճակն արտահայտել երգի միջոցով: Ես ունեմ երազած դերեր, որ պետք է խաղամ: Աստված տա, որ այդ օրը լինի: Երազում եմ խաղալ  Շամիրամ և Կլեոպատրա: Շատերը սիրում են Օֆելյա կամ Ջուլիետ խաղալ, իսկ ես ինձ նման դերերում չեմ պատկերացնում:

– Հեռուստատեսությամբ, սերիալներում կամ հումորային ծրագրերում կատարած դերերդ քեզ դո՞ւր են գալիս:

– Հեռուստատեսությամբ էլ չեմ կատարում այն դերերը, որ կցանկանայի: Հիմա ես ներկայանում եմ հումորային ժանրերում: Բայց ես դրամատիկ դերասանուհի եմ: Ավարտել եմ Դրամատիկ թատրոնի դերասանական ֆակուլտետը: Պատկերացնում եմ ինձ նաև դրամատիկ դերեր խաղալիս:

Ես երազում եմ խաղալ այնպիսի ֆիլմերում, անգամ սերիալներում, որտեղ խաղում են միայն պրոֆեսիոնալ անձինք: Դա շատ կարևոր է, երբ աշխատում ես իրենց գործի գիտակների հետ: Այսօրվա դրությամբ շատ դերասաններ կան, որոնք չկան, չեն երևում, բայց մարդիկ էլ կան, ովքեր երևում են, բայց դերասան չեն: Դա իմ ցավոտ թեման է:

– Գուցե իրենք, այսպես ասած` ավելի էժա՞ն են:

– Այո, նրանք ավելի էժան են, իրենց ավելի քիչ են վարձատրում: Բայց եթե ուզում ես որակ ստանալ, պետք է բարձր վարձատրես: Պետք է քո շուրջ հավաքես իրենց գործի մասնագետներին:

 – Դու քո աչքում ինչպիսի՞ մասնագետ ես:

– Ես դեռևս շատ բան ունեմ սովորելու: Ես չեմ համարում ինձ լիակատար սովորած, պրոֆեսիոնալ դերասանուհի: Դա պրակտիկա է պահանջում; Ես կարոտում եմ խաղալը: Թեկուզ,  եթե չկա գեղարվեստական ֆիլմ՝ գոնե սերիալներում: Ուզում եմ խաղալ հոգեբանական դերեր: Երբ ավարտում էի ինստիտուտը, Սոս Սարգսյանն անձամբ ինձ պարգևատրեց «տարվա լավագույն դերասանուհի» կոչմամբ, բայց, չգիտես ինչու` ես այսօր տանը նստած սպասում եմ, որ ինձ զանգեն, կանչեն: Ինքս երբեք չեմ գնա, չեմ առաջարկի, բայց գիտեմ, որ իմ երկրպագուներն ինձ սպասում են: Կգա օրը, որ կներկայանամ:

– Այսօր հեռուստատեսությունն ու կինոարտադրությունն ինչի՞ կարիք ունեն:

– Կինոն ունի շատ և որակյալ ֆիլմեր նկարելու պահանջ: Ուզում եմ կինոարտադրությունը մեզ մոտ զարգանա, բոլոր դերասանները զբաղված լինեն, ներդրվի մեծ բյուջե, նկարահանվեն նոր և որակյալ ֆիլմեր:

Ուզում եմ մեր կինոն դուրս գա միջազգային ասպարեզ: Ես ինքս իմ երեխային փորձում եմ կտրել շատ հեռուստատեսային ծրագրերից, դրանք ավելի շատ ծամածռություններ են: Ինչ խոսք, ես ինքս նման տեղերում նկարահանվում եմ, ես կուզեմ, որ վերանա այն փողոցի լեզուն, որ հաճախ մեր եթերից հնչում է: Երեխաները դա միանգամից ընկալում են: Իմ երեխան նույնպես նայում է, բայց ես պարզապես ալիքը փորձում եմ թեքել: Կուզեմ՝ բոլոր ալիքների որակը բարձրանա: Պետք է այդ ամենին ավելի քննադատաբար վերաբերվել:

– Այսօրվա նկարահանված ֆիլմերը, ըստ քեզ, ի՞նչ մակարդակի են:

– Կան լավ ֆիլմեր, կան պարզապես կոմերցիոն ֆիլմեր, որ եկամուտ են բերում: Ես դա չեմ քննադատում, դա էլ իր հանդիսատեսն ունի, բայց ես կուզեմ տեսնել ավելի հետաքրքիր, լուրջ, պատմական ֆիլմեր: Ունենք շատ տաղանդավոր սերունդ, լավ դերասաններ:

Հ.Գ. Մեզ հետ զրույցում Իվետան նշեց, որ մեծացել է թատրոնի, կինոյի մեջ: Այն, ինչ այսօր անում է, եղել է իր մանկության մի մասը, իր նպատակ. «Իմ մեջ կար այդ ամենը: Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ես սիրեցի բեմը, թատրոնը: Հայրս (դերասան Աշոտ Եդիգարյանը.- Ա. Ղ.) իմ վրա մեծ ազդեցություն ունեցավ: Երբեմն ծուլանում եմ, անգամ՝ նկարահանման հարթակում: Հայրս գիտի՝ ինչի եմ ընդունակ, և լինում են անգամ դեպքեր, երբ հենց հայրս է ինձ կանգնեցնում և ստիպում նորից ու նորից կրկնել ասելիքս»:

 

Տեսանյութեր

Լրահոս