«Սիրիական ավիաուղիներ» VS «Արմավիա»

«Սիրիական ավիաուղիներ» Սիրիայի պետական ավիափոխադրողը շարունակում է իրականացնել Հալեպ-Երևան և Երևան-Հալեպ չվերթները: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սիրիական ավիաուղիների» երևանյան գրասենյակից:

«Սիրիական ավիաուղիները կանոնավոր կերպով իրականացնում են իրենց չվերթները: Այսօր էլ իրականացրինք հերթական չվերթը: Իհարկե, վտանգի գործոնը առկա է Սիրիայում, սակայն հո չե՞նք թողնի սիրիահայերին այնտեղ՝ նման իրավիճակում»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքնաթիռն ամբողջությամբ ուղևորներով բեռնված է մեկնում Հալեպ և այնտեղից վերադառնում Հայաստան, «Սիրիական աղիաուղիներ» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեկնողների թիվը, կասեմ, որ շատ չի, այսինքն` ինքնաթիռն ամբողջությամբ լցված չի մեկնում Հալեպ, սակայն այնտեղից վերադարձողների թիվը բավական շատ է, քանի որ ինքնաթիռը ուղևորներով լցված է ժամանում Հայաստան»:

Հայաստանի պետական ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրականում իրենց ընկերությունը չվերթները չեղյալ է համարում միայն ուղևորների ցանկությամբ:

Կարդացեք նաև

«Մենք միայն մեր ընկերության համար ենք պատասխանատու: Այսքան երկար ժամանակ միայն սեպտեմբերի 3-ի չվերթն էր, որ չեղյալ էր համարվել, սակայն դա էլ տեղի էր ունեցել ուղևորների անվտանգությունից ելնելով: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք մեկնել Հալեպ, սակայն, քանի որ ուղևորները վախենում են մեկնել՝ չվերթները չեղյալ են համարվում: Սեպտեմբերի 3-ից հետո ուղևորները հայտարարեցին, որ ցանկանում են մեկնել Հալեպ, սեպտեմբերի 9-ին և 10-ին իրականացրեցինք երկու չվերթ: Այնուհետև, սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո մենք կրկին պատրաստ էինք իրականացնել չվերթ, սակայն ուղևորների մեկնաբանությունն այն էր, որ իրենք չեն ցանկանում մեկնել Հալեպ, և սեպտեմբերի 17-ի՝ երեկվա չվերթը տեղի չունեցավ: Իրենք հրաժարվեցին, մենք էլ փոխհատուցեցինք իրենց և չթռանք»:

Մեր այն հարցին, թե ինչպես է «Սիրիական ավիաուղիներն» իրականացնում չվերթներ և հայտարարում, թե այլ ընկերություններ չեն իրականացնում Երևան-Հալեպ և Հալեպ-Երևան չվերթները, Ն.Ավետիսովան պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում, որ մենք միայն մեր ընկության համար ենք պատասխանատու և այլ ընկերությունների համար չենք կարող պատասխանել: Մեր ուղևորների ցանկությունն է, և, եթե նրանք կամենան մեկնել, մենք կիրականացնենք Երևան-Հալեպ-Երևան չվերթը»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս