Բաժիններ՝

Իշխանությունները գիտելիքը կարևորում են ձևականորեն

Վերջին շրջանում շատ խոսվեց մի գրքի մասին, որը տպագրության հասցնելը գիտնականների մի մեծ խումբ, ինչպես նաև հեղինակի սաներն այսօր համարում են գերխնդիր։ Նաև բազմիցս նշվեց համեստ մի մարդու անուն, ով մինչ այդ շատերին ծանոթ չէր։ Խոսքն աստղագետ Ավետիք Գրիգորյանի մասին է, ով գիտահանրամատչելի մի գիրք է հեղինակել, որը, թեև բարձր գնահատանքի է արժանացել բազմաթիվ գիտնականների և ԿԳ նախարարության Կրթության ազ­գա­յին ինստի­տու­տի կողմից, այնուամենայնիվ, տարիներ շարունակ դեռևս մնում է չտպագրված։ Թեև պետք է նշել, որ գրքի էլեկտրոնային տարբերակից շատերն արդեն իսկ օգտվում են:

Գիրքը ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունն օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում, սկսած քարի դարից՝ մինչև մեր օրերը, ինչպես նաև՝ գալիք տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտերկրային, արտասովոր երևույթներով ու առեղծվածներով՝ գիրքը քայլ առ քայլ ընթերցողին տանում է պարզ, սովորական գաղափարներից դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, արթնացնում նրա մեջ պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում և ունակություն, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:

Գիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսանողների, ուսուցիչների և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է իրենց շրջապատող աշխարհը:

Ավետիք Գրիգորյանը ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հան­րապետական կենտրոնի Տիեզե­րա­գիտական խմբակն է ստեղծել, որտեղ անվճար պարապմունքներ է անցկացնում իր հեղինակած դասագրքով: Գրքի մասին զրուցեցինք նրա տարբեր տարիների սաների հետ` պարզելու համար «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի այդ գրքի տպագրության կարևորությունը:

Կարդացեք նաև

Լիլիթ Հովհաննիսյան. «Նա, ով մեկ անգամ կբացի այդ գիրքը, այլևս չի ցանկանա փակել այն` չկարդալով մինչև վերջ, կամ նորից ու նորից կվերադառնա այդ գրքին` տարբեր տարիքներում: Գրքում շատ պարզ, բայց ոչ պարզունակ ձևով նկարագրված են տիեզերական տարբեր երևույթները, Տիեզերքի կառուցվածքը, այն Տիեզերքի, որտեղ ապրում ենք մենք: Ո՞վ չի ցանկանա իմանալ, թե որտեղ է ապրում ինքը: Ցավոք, այսօր մեր երկրում արժեքային համակարգն այնպիսին է, որ ոչ ոք չի ցանկանում ֆինանսավորել այդքան դրական արձագանքներ ստացած գրքի տպագրությունը: Սա առաջին հերթին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործը պետք է լիներ, բայց, չգիտես ինչու, քայլ չկա։ Խմբակի անդամները, բնականաբար, կձգտեն թույլ չտալ, որ այս մեծ աշխատանքը ջուրն ընկնի: Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կարող են, բայց ձեռք չեն մեկնում իրենց երկրի աճող սերնդին»:

Արթուր Գալստյան. «Իմ կյանքում այդ գրքի ուսումնական նյութն այնպիսի մեծ դեր է խաղացել, որ ելնելով դանից՝ ես սպասում եմ, որ այդպիսի գրքի լույս տեսնելուց հետո ուղղակի կտրուկ կրթական վերելք կարձանագրվի Հայաստանում բնագիտական առարկաների գծով»:

Հրայր Ազիզբեկյան. «Դա սովորական գիրք չէ, այլ երևույթ է: Այն գրված է ընդունված տրամաբանությանը հակառակ. այդ գիրքը հասարակությունը չէ՛ր պահանջել, այն նախարարության բարեփոխումների ծրագրերի մեջ չէ՛ր ներառվել, ո՛չ էլ պարոն Գրիգորյանն էր անգործ նստած: Այն գրվեց, որովհետև մանկավարժ դարձած մասնագետը հասկանում էր, որ դա՛ է արժեքավորը: Հասկանո՛ւմ էր, որ իր մշակած աշխարհայացքին շատ ու շատ երիտասարդներ են կարոտ: Երևի նրան պարտավորեցնում էին աշակերտների փայլող աչքերը: Պարզ՝ գիրքը մրցունակ աշխարհընկալման դարբնոց է, այն լավ բաներից մեկը, որոնք կորցնելը կարելի է համարել հանցագործություն: Այն նշաձող է, որի հետ պետք է միշտ համեմատվել: Այն ձևավորում է սեր, վստահություն և ձգտում դեպի գիտություն և նորարարություն՝ հիմնասյուներ, որոնց վրա չհենվելու դեպքում ՀՀ տնտեսությունը մրցունակ դառնալ չի՛ կարող»:

Ռուբեն ՏերԽաչատրյան. «Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի տպագրությունը համարում եմ անհրաժեշտություն: Այսօր Հայաստանում աստղագիտության նկատմամբ դպրոցականների, պատանիների և առհասարակ մարդկանց հետաքրքրությունը շատ է ընկել, ինչը կարող է սպառնալ աստղագիտական դպրոցի հետագա գոյությանը մեր երկրում: Եթե գրքի նյութը դասավանդվի մեր դպրոցներում, այն չի կարող դրական ձևով չանդրադառնալ դպրոցականների շրջանում գիտության և տեխնիկայի հանդեպ հետաքրքրության վերականգնմանը: Գիրքը պատմում է հնագույն ժամանակներից մինչ այժմ տեղ գտած գիտատեխնիկական բազում հայտնագործությունների մասին և ներկայացնում է, թե ինչպես են մարդիկ դրանց հասել: Կարծում եմ, որ մեր դպրոցականներին անհրաժեշտ է այդ գիտելիքներին տիրապետել՝ այսօր կյանքում իրենց տեղը գտնելու համար: Ինքս, արդեն տիեզերական տեխնիկայի բնագավառում մասնագետ լինելով հանդերձ, անհամբեր սպասում եմ գրքի տպագրմանը: Իսկ այն փաստը, որ գրքի հեղինակը Ավետիք Գրիգորյանն է, վստահություն է ներշնչում շարադրված նյութի ճիշտ մատուցման նկատմամբ, քանի որ գրքում ամփոփված է նրա երկար տարիների մանկավարժական փորձը, որը բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը խմբակի սաներից շատերի կյանքում»:

Կարեն Իսպիրյան. «Դպրոցական տարիներին երազում էի գտնել մի գիրք, որտեղ մայրենի լեզվով, հետևողականորեն, հետաքրքիր և մատչելի կերպով բացատրված կլինեին ինձ հուզող հարցերը: Իհարկե, հիմա դպրոցականները գրքերից հեռացել են, ու այսօր ընդհանրապես գիրք կարդալու խնդիր կա: Այնուամենայնիվ, հարցը լուծելու համար հարկավոր է առաջին հերթին ապահովել որակյալ գրքի առկայությունը, այլապես մենք կկորցնենք դպրոցականների՝ գրքերի նկատմամբ հետաքրքրություն շարժող բոլոր լծակները: Գիրքը գրվել է խմբակում դասավանդելու տարիների ընթացքում հղկված մեթոդի հիման վրա և իրենից ներկայացնում է ավարտուն, լավ մշակված նյութ: Խնդիրը միայն գիտելիք տալը չէ: Դպրոցական տարիքում չափազանց կարևոր է, որ երեխաները ստանան ամբողջական, ավարտուն կերպով ձևավորված գիտելիք: Այդ պայմաններում շատ ավելի հասուն, ներքին, խորը համոզմունքներ, վստահություն ունեցող և բանիմաց մարդ է ձևավորվում:

Կցկտուր, տրամաբանությունից զրկված գիտելիքը ձևավորում է ներքին անվստահություն ունեցող և, այդ պատճառով, ցուցադրաբար «ագրեսիվ» մարդկանց, որոնց ագրեսիվ էությունն արտահայտվում է ամեն անգամ, երբ հանգամանքները թույլ են տալիս անպատիժ այդպիսին լինել: Մեր հասարակությունում արդեն իսկ առկա են դրա հետևանքները: Եվ եթե շարունակենք նման կերպ, ապա որոշ ժամանակ անց կզրկվենք վերածնունդ ապրելու որևէ հնարավորությունից»:

Ցավալին այն է, որ մեր երկրի ղեկավարները գրեթե ամեն օր խոսելով գիտելիքի կարևորությունից, ոչինչ չեն ձեռնարկում այսպիսի նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Հանցագործ չէ՞ այն ղեկավարությունը, որը չի կարողանում դաս քաղել համեստագույն մի մարդուց, ով տարիներ շարունակ, առանց որևէ աղբյուրից ֆինանսական շահագրգռվածության, պարզապես անվճար, վարում է խմբակ, որի սաները միջազգային մրցույթներում ու օլիմպիադաներում լինում են հաղթողներ, մեդալակիրներ ու հայրենիքի հեղինակությունը բարձր պահողներ։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս